ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի
Fri, 13 Nov 2026 13:15:49 +0400

Ալեն Սիմոնյանն ու իշխանական թիմն անցել են Սրբուհի Գալյանի փրկության օպերացիային։ Առջևում նա դեռ մեծ գործեր ունի անելու։ Թիմը խոսում է ոչ թե բանտում մարդու մահվան հանգամանքների, այլ այն մասին, թե ինչու է ժողովուրդը համարձակվում քննադատել նախարարին։
Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ է մահացել, իսկ իշխանության գլխավոր մտահոգությունն այն է, թե ով է համարձակվել դրա համար պատասխան պահանջել։ Ալեն Սիմոնյանն այդ քննադատողներին անվանում է «քաղաքական իմպոտենտներ», մեղադրում մահացած մարդու ցավը քաղաքական դիվիդենտներ շահելու համար շահարկելու մեջ, հայտարարում, թե Սրբուհի Գալյանը բոլորից ուժեղ է, իշխանության լավագույն նախարարներից մեկը, և որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ո՛չ նախարարի, ո՛չ արդարադատության համակարգի հետ։
Իսկ ո՞վ է որոշել, որ նախարարն ու նրա ղեկավարած համակարգը որևէ պատասխանատվություն չունեն։ Ո՞վ է պարզել մահվան բոլոր հանգամանքները, որ ԱԽՔ-ն արդեն արդարացման դատավճիռ է կայացնում։ Ի՞նչ է, նախարարը քննադատությունից վեր է, իսկ նրա ղեկավարած համակարգը՝ անձեռնմխելի՞։
Ժողովուրդը նախարարին քննադատում է ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու, այլ որովհետև մարդ է մահացել բանտում, և դրա համար պատասխաններ է պահանջում։ Մարդկային ցավի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելու մեջ ուրիշներին մեղադրելուց առաջ գուցե արժե սեփական վարքագծին նայել։ Մահացած մարդու անունը ձեր նախարարին պաշտպանելու վահան դարձնելն ի՞նչ է, եթե ոչ այդ ցավի քաղաքական շահարկում։
Երեխային այդ գործին խառնելը, բնականաբար, դատապարտելի է։ Բայց մի՛ փորձեք դա դարձնել նախարարին ուղղված բոլոր հարցերից խուսափելու միջոց։ Սպառնալիքը մի բան է, հանրային քննադատությունը՝ բոլորովին այլ։ Դրանք մի՛ խառնեք իրար։ Երբ իշխանության ներկայացուցիչներին քննադատում են, միանգամից հիշում եք քաղաքական իմպոտենտության, լուտանքների ու շահարկումների մասին։ Իսկ երբ մարդ է մահանում ձեր պատասխանատվության տակ գտնվող համակարգում, հանկարծ բոլորդ դառնում եք անմեղ, իսկ հարցեր տվողները՝ մեղավոր։ Սա՞ է ձեր պատկերացրած պատասխանատվությունը։
Մի՛ փորձեք ժողովրդի արդարացի զայրույթը լռեցնել նախարարին գովերգելով։ Սրբուհի Գալյանի՝ ձեր կարծիքով լավագույն նախարար լինելը դեռ չի նշանակում, որ նրա ղեկավարած համակարգը քննադատության ենթակա չէ։ Իսկ նախարարի մասին ձեր բարձր կարծիքը ոչ մի կերպ չի կարող փոխարինել մահվան հանգամանքների պարզաբանմանը։ Մարդ է մահացել։ Սա ձեր թիմային համախմբման, նախարարի գովերգման կամ քաղաքական հակառակորդներին պիտակավորելու պահը չէ։ Նախ պատասխանեք՝ ինչո՞ւ է մարդը մահացել բանտում, հետո նոր անցեք ձեր նախարարի պատիվը պաշտպանելուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր