«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
Fri, 13 Nov 2026 17:42:20 +0400

Վրաստանի՝ կապող օղակի դերը նսեմացնելու փորձը Բրյուսելի բյուրոկրատիային բնորոշ մանրախնդիր վրեժխնդրության հերթական դրսևորումն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նա նշել է, որ նման քայլեր ձեռնարկելով՝ Եվրոմիությունն իրականում վնասում է ոչ թե Վրաստանին, այլ հենց իրեն։
«Մենք առանցքային դեր ենք խաղում Միջին միջանցքում թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ ցամաքային և ծովային փոխադրումների դյուրացման տեսանկյունից։ Վրաստանը Եվրոմիության և դրա անդամ պետությունների համար անբաժանելի օղակ է»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ գոյություն ունի Վրաստանին և վրաց ժողովրդին քաղաքական, տնտեսական ու սոցիալական վնաս հասցնելու կոնկրետ ծրագիր։
«Մենք տեսնում ենք, որ այս բոլոր ոլորտներում Եվրոմիությունն ու նրա դեսպանատունը անմիջականորեն մասնակցում են Վրաստանին վնասելուն ուղղված այդ ծրագրի իրականացմանը»,- հավելել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր