Եվրոպական հայագիտության ոչ հայազգի հիմնադիրը
Fri, 13 Nov 2026 21:45:58 +0400

Ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան Անտուան Մեյեն (Antoine Meillet, 1866-1936) հատուկ տեղ ունի համաշխարհային լեզվաբանության ասպարեզում, նաեւ՝ կարեւոր տեղ հայագիտության ոլորտում։ Մեյեն պատմա-համեմատական լեզվաբանական դպրոցի ներկայացուցիչ է, եղել է Միշել Բերալի աշակերտը։ Ուսումնասիրել է հնդեվրոպական լեզուները։ Զգալի ավանդ է ունեցել հայերենի՝ որպես հնդեվրոպական լեզվի առանձին ճյուղ լինելու մասին գիտական պատկերացումների մշակման ոլորտում։ Հատկապես նշանակալի է նրա Esquisse d’une grammaire comparée de l’arménien classique (1903) աշխատությունը, որը նվիրված է դասական հայերենի համեմատական ուղղագրությանը։ Դրանում Մեյեն համակարգել է դասական հայերենի կամ գրաբարի քերականությունը՝ այն դիտարկելով համա-հնդեվրոպական լեզվաընտանիքի ընդհանրության մեջ։ Մեյեն հատուկ ուշադրություն է դարձրել հայերենի զարգացման պատմական օրինաչափություններին, յուրահատկություններին, որոնք ձեւավորվել են տեւական լեզվական շփումների ընթացքում։
Մյուս կարեւոր աշխատությունը Recherches sur la syntaxe comparée de l’arménien (1898-1904)-ն է։ Սակայն կոթողային է մնում Altarmenisches Elementarbuch աշխատությունը, որը նպաստել է Հայաստանի եւ հայկական միջավայրի սահմաններից դուրս դասական հայերենի տարածմանը։ Մեյեի գործունեությունը հաճախ էր դուրս գալիս ակադեմիական լեզվաբանության շրջանակներից։ Նա ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայում հայագիտության կայացմանը։ Մասնակցել է Հայագիտական հետազոտությունների ընկերության (Société des études arméniennes, 1919) եւ Revue des Études Arméniennes (1920) հանդեսի ստեղծմանը։ Ծանոթ է եղել եւ շփումներ է ունեցել հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի հետ, եւ դա էլ իր հերթին է դրականորեն ազդել Մեյեի գիտական գործունեության վրա։
Մեյեի պարագայում առանձին պետք է խոսել նրա գիտական մեթոդի մասին։ Հայերենը նա դիտարկում էր որպես առանձին պատմահամեմատական ուսումնասիրության օբյեկտ։ Նրա աշխատություններում ներկայացված է լեզվական շփումների եւ փոխազդեցությունների ողջ բարդությունը, ինչը թույլ է տալիս ավելի խոր հասկանալու հայերենի պատմական զարգացման ընթացքը։ Նրան կարելի է իրապես համարել եվրոպական մայրցամաքում ոչ հայազգի այն գիտնականներից, ովքեր հիմք են դրել եվրոպական հայագիտությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր