Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Մեր նոր «հոգեւոր հայրիկը» Թուրքիան է եւ ոչ թե Եվրոպան, Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր

«Հրապարակ»․ Մեր նոր «հոգեւոր հայրիկը» Թուրքիան է եւ ոչ թե Եվրոպան, Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր

Sat, 14 Nov 2026 12:15:35 +0400


ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի առնչությամբ որոշման, Փաշինյանի՝ Թուրքիա եւ Դուբլին այցերի մասին զրուցել ենք դիվանագետ Վարդան Հակոբյանի հետ:

– ՀԱՊԿ-ը Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից, սա հայ-ռուսական հարաբերությունները յուրօրինակ «ստատուս քվոյի» կարգավիճակում պահելու փո՞րձ է, մինչեւ հասկանան, թե Ուկրաինայում հակամարտությունն ինչ փուլ է մտնում, եւ կողմնորոշվեն, թե Հարավային Կովկասում ինչ քաղաքականություն են վարելու:

– Ինձ թվում է՝ հարցը մի քիչ այլ կերպ եք դնում, որովհետեւ, վերջին հաշվով, ՀԱՊԿ-ն իր կանոնադրությունն ունի, եւ այն վարքագիծը, որ 2018 թվականից գոյություն ունի Հայաստանի մոտ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, արդեն այնպիսի խախտումներ են, որոնց նա չի կարող արդեն ուշադրություն չդարձնել: Ընդամենը զրկել է ձայնից՝ հույս ունենալով, թե դեռ ինչ-որ ժամանակաընթացքում այս իշխանությունները կփոխվեն կամ իրենց քաղաքականությունը կփոխեն, բայց Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ի կազմում, այսինքն՝ այդ շանսը դեռ մնա: Որովհետեւ եթե այս իշխանությունների ժամանակ այդ հարցն այդպես լուծվի` միանգամից դուրս գալու, հետո շատ դժվար է լինելու նորից այդ ամենը վերականգնելը: Դրա համար Ռուսաստանը հույսեր է կապում. այս վարքագիծը նորություն չէ: Հիշեք` 2018 թվականին, սրանց իշխանության գալուց առաջին քայլը ՀԱՊԿ-ի դեմ էր ուղղված: Դա ապահովելու համար գնաց հակառուսականությունը եւ այլն, եւ այլն… այսինքն՝ սա այն հանձնարարականն է, որ 2018-ին տրվել է ՔՊ-ին՝ նրան իշխանության բերելու պայմանով, այդ հանձնարարականի ամենակարեւոր կետն էր եւ մնում է ամենակարեւոր կետը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հակառուսական քաղաքականություն վարելը:

– ՀԱՊԿ նիստին մասնակցելու փոխարեն Թուրքիա գնալով, Փաշինյանն ի՞նչ ուղերձ էր հղում:

– Ես միշտ ասում եմ, որ պետք չէ Փաշինյանի քայլերը դիտել որպես ինչ-որ խորիմաստ քաղաքական, մտածված քայլեր, ուղերձներ մղելու քայլեր եւ այլն: Փաշինյանը կատարում է այն պարտավորությունները` հստակ, հետեւողականորեն, որն իր վրա է վերցրել 2018 թվականից: Այսինքն՝ նա ոչ թե ինչ-որ բան ուզեց ռուսներին ցույց տալ, դրա համար գնաց Անթալիա, այլ նա պարտադրված էր՝ հանձն է առել այդ քայլերն իրականացնելը եւ այդ գծով էլ գնում է: Հետո էլ պետք է գնար Դուբլին, իսկ սա ոչ թե որ մտածում է` ես ռուսների հետ առեւտուր անեմ եւ այլն, ոչ, դա նրան չի էլ հետաքրքրում: Նրա ամենակարեւոր խնդիրը Հայաստանին ՀԱՊԿ-ից հանելն է, նոր բլոկ ստեղծելը եւ պատրաստվելը ապագա հակառուսական կոնկրետ հակադրության:

– Դուբլինում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հատկապես մտահոգիչ էր անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ կառավարման աշխատանքային խմբեր ստեղծելու որոշումը: Ի՞նչ սպասել այս հայտարարություններից:

– Ջրային հարցը միշտ կարեւոր է եղել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ՝ խորհրդային տարիներին նույնպես: Ջրային ռեսուրսների հարցն ամենառազմավարական հարցերից է, կենսական նշանակություն ունեցող: Օրինակ, մի քիչ վերանալով այդ կոնֆլիկտային հարցերից՝ նշեմ, որ Թուրքիան, աշխարհագրական Հայաստանը՝ ամբողջ Մեծ Հայքը, Հայկական լեռնաշխարհը հետաքրքրում են Եվրոպային, մասնավորապես եւ Մերձավոր Արեւելքին, հենց իրենց ջրային ռեսուրսների հարցով: Ամբողջ ջրի մեծ տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի ջրային ռեսուրսների կենտրոնը՝ ջրային ավազան են ասում՝ դա Բինգյոլն է, Եփրատ, Արաքս, Տիգրիս, Արածանի գետերի։ Այսինքն՝ իզուր չէ, որ ժամանակին դրախտն այդտեղ էին տեղադրում` հենց այդ չորս գետերի աղբյուրի պատճառով, այդ հովիտների պատճառով: Եփրատի ու Տիգրիսի ջրերով են ամբողջ Մերձավոր Արեւելքը, Թուրքիան ոռոգվում: Այնտեղ, հայկական լեռնաշխարհի մեր հատվածի ջրային ռեսուրսներն են, որ սնուցում են Ադրբեջանը, գյուղատնտեսական հարցեր են լուծում եւ այլն: Եվ այս քայլերը, որոնք կոչում են համագործակցություն, ըստ էության, Հայաստանին այդ հարցերում կուլ տալն է՝ քիչ-քիչ, միասին` իբր համագործակցության փոխարեն: Այդ ամեն ինչի տնօրինումը կանցնի Ադրբեջանին եւ Թուրքիային: Սա շատ կարեւոր հարց է. այն հանձնառությունը, որ այս իշխանությունները վերցրել են իրենց վրա, նրանք ուղղակի կետառկետ կատարում են: Դա, իհարկե, արեւմտյան գլոբալ-լիբերալիստական հանձնարարություններն են ռազմավարական իմաստով՝ հակառուսական, ՀԱՊԿ-ից դուրս գալու, հակաիրանական եւ այլն, եւ երկրորդը` դրանց միացած թուրք-ադրբեջանական` իրենց օգտին ինչ-որ փախցնելու քաղաքականությունը: Այսինքն, օգտվելով այդ ընդհանուր գլոբալ-լիբերալիստական ռազմավարությունից, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ օգտվում են` իրենց ավարը ստանալու նպատակով, որոշակի ճնշումներ իրականացնելով Հայաստանի նկատմամբ:

– Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը գրեց, որ ՀՀ-ն ԵՄ անդամ չի դառնա, այդ քաղաքականությունն անիրատեսական է: Սա զուտ ներքաղաքական կողմնորոշման մասին հոդվա՞ծ է, թե՞ ունի արտաքին քաղաքական հետք:

– Լուրջ մարդիկ, կրթություն ստացած, աշխարհ տեսած մարդիկ գառի պես հավատում էին Եվրոպա գնալու հայտարարություններին, բայց դա վիզա ստանալու ցանկության վրա խաղարկվող` ընտրություններից առաջ կիրառված քայլ էր: Սակայն այս դեպքում կարեւորն արտաքին քաղաքականն է: Բոլորը գիտեն, նույնիսկ այս իշխանությունները շատ լավ գիտեն, որ մոտակա 100 տարվա ընթացքում չի երեւում, որ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Հիմա հարց տանք` ինչի՞, ոչ միայն տնտեսական եւ այլ պատճառներով, որ ԵՄ անցնելու համար պայմաններ են առաջադրում եւ այլն՝ դրանք երկրորդական են: Դուք նայեք, թե ովքեր են այս տարածաշրջանում դեմ Հայաստանի՝ դեպի ԵՄ գնալուն. կասեք` ռուսները, Իրանը։ Այդ ամեն ինչը դնենք մի կողմ՝ նրանց դեմ լինելը հասկանալի է: Բայց այս քաղաքական տեսանկյունից ամենակարեւորը, որ Դուք նկատի ունեք, եւ նախկին քարտուղարի հոդվածը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ լինելն է: Երբեք Թուրքիան եւ նրա հետ Ադրբեջանը՝ չեն ուզենա եւ թույլ չեն տա, միշտ կխոչընդոտեն, որպեսզի Հայաստանը դառնա ԵՄ անդամ, նույնը՝ Վրաստանի նկատմամբ:

– Իսկ ինչո՞ւ:

– Ինչպե՞ս թե ինչու. այն ամեն ինչի համար, որ նրանք պայքարել են՝ Հարավային Կովկասում ազդեցություն ձեռք բերել, իրենց ձեռքը վերցնել, իրենց ձեռքից գնում է դեպի Եվրոպա, Միացյալ Նահանգներ: Այստեղ է, որ ինչ-որ ձեւով եւ ոմանք դա շահագործում են, ռուսների, նաեւ Իրանի ու Թուրքիայի շահերը համընկնում են: Որովհետեւ ո՛չ ռուսներին, ո՛չ իրանցիներին, ո՛չ թուրքերին ձեռք չի տալիս, որպեսզի Հարավային Կովկաս, որտեղ իրենք դարերով գործունեություն են ծավալել, Եվրոպայից, դրսից մի ուժ գա եւ սկսի տնօրինել Մերձավոր Արեւելքում այդ կարեւոր հատվածը: Սա թուրքերի համար չափազանց կարեւոր հանգամանք է: Դրա համար էլ նրանք, կոպիտ ասած, թքած ունեն ԹՐԻՓՓ-ի վրա, ինչ-որ իբրեւ թե Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների վրա` Ռուսաստանի հետ: Նրանք համարում են Զանգեզուրն իրենց միջանցքը, իրենք պիտի տնօրինեն: Եթե իրենք տնօրինեն Հարավային Կովկասի այդ հատվածը, դա նշանակում է, որ պանթյուրքիստական ծրագրերը հիմնավորում են ստանում դեպի Միջին Արեւելք, Կենտրոնական Ասիա եւ թյուրքական ժողովուրդների միացում, այսինքն՝ թյուրք ժողովուրդների կոնգլոմերատի ստեղծում: Իսկ քարտուղար կոչվածն ուղղակի քիչ-քիչ նախապատրաստում է, որ Հայաստանը Թուրքիայի տեսանկյունից է այս հարցին արդեն մոտենում եւ ոչ թե Եվրոպայի: Եվ չզարմանաք, որ Եվրոպա գնալու հարցն այսպես է, որովհետեւ մեր նոր «հոգեւոր հայրիկը», իհարկե, Թուրքիան է եւ ոչ թե Եվրոպան, Ռուսաստանը կամ մեկ ուրիշը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կայցելի

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կայցելի Sat, 14 Nov 2026 10:23:40 +0400 Դուբլինում վարչապետ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով