«Պապ, այս երգը քեզ համար է». Վալոդյա Գրիգորյանի դուստրը երգ է նվիրել հորը
Tue, 17 Nov 2026 10:00:17 +0400

Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, երգ է գրել և կատարել՝ այն նվիրելով հոր հիշատակին։
Մարինե Գրիգորյանը սոցցանցի իր էջում պատմել է, որ մանկուց երազել է երգչուհի դառնալու մասին, և երբեք չի պատկերացրել, որ այդ երազանքի մի մասն իրականություն կդառնա նման մեծ ցավի միջով։
«Այս երգը գրել ու կատարել եմ իմ կյանքի ամենաթանկ մարդու՝ պապայիս հիշատակին, անսահման սիրով, հպարտությամբ ու կարոտով։ Սակայն ամենից շատ ցանկանում էի, որ այս երգը միայն իմ պատմությունը չլինի։ Որ այն հասնի բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքի ամենաթանկ մարդկանց, և թեկուզ մի փոքր սփոփի այն ցավը, որի հետ նրանք սովորել են ապրել»,- գրել է Մարինե Գրիգորյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ARTEM VALTER-ին՝ իր ապրումներին երաժշտական կյանք տալու և մանկության երազանքն իրականություն դարձնելու համար։
«Պապ, այս երգը քեզ համար է, բայց նաև բոլոր նրանց, ովքեր ինձ պես շարունակում են սիրել ու կարոտել մեկին, ում այլևս չեն կարող գրկել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր