Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

400 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չճարվի

400 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չճարվի

Tue, 17 Nov 2026 21:45:44 +0400


ԱԺ նախագահի պաշտոնին չգիտես ինչ տրամաբանությամբ նշանակված Ռուբինյան Ռուբենը հայտարարում է, թե Ռուսաստանը շահագրգռվածություն չի ցուցաբերում հայկական երկաթուղային ցանցում ներդրումներ իրականացնելու հարցում: Որքան ես եմ տեղյակ, ռուսական կողմը բազմիցս է հայտարարել ներդրումներ կատարելու պատրաստակամության վերաբերյալ: Առաջին հայացքից այդ հակասությունը լուսաբանվում է՝ երբ շարունակում ենք լսել Ռուբինյանին: Նա ասում է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվելն է խնդիրը: Հաշվի առնելով, բնականաբար, ռուսական կողմի հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները:

Այնպես որ Ռուբինյանի հայտարարությունը պետք է հասկանալ այսպես. չնայած ռուսները դեմ չեն ներդրումներ անելուն, բայց դա մեզ պետք չէ: Որովհետև անեն-չանեն, դա մեզ ոչինչ չի տալու: Ու քանի որ այդպես ասել չի կարող՝ ստիպված է կեղծել իրականությունը, ինչն, ի դեպ, նորություն չէ ծուռ հայելիների հայկական իրականությունում: Եվ խնդիրը հենց գտնվում է աշխարհաքաղաքական հակասությունների համատեքստում՝ չնայած դա փորձում է հերքել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը: Իսկ որ գործող իշխանության համար առաջնայինը պետք է լինի Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը, դրանում կասկած լինել չի կարող: Սակայն այդպե՞ս է դա արդյոք: Իհարկե, ոչ: Եթե այդպես լիներ, ապա 2025-ին չէր ընդունվի Եվրամիություն մուտք գործելու վերաբերյալ անիմաստ օրենքը: Հատկապես որ մոտակա տասնամյակում մեզ այնտեղ չեն սպասում: Իսկ հայաստանյան գյուղատնտեսությունը հենց այս տարի հսկայական վնասներ կրեց դրա արդյունքում: Ու կկրի հաջորդ տարի և մնացած բոլոր տարիներին, քանի որ եվրոպական երկրներում ո՛չ մեր գյուղմթերքների կարիքը կա և ո՛չ էլ դրանք այնտեղ հասցնելու կարճ ու արդյունավետ ուղի:

Ինչ մնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքներն արդիականացնելուն, ապա դա կարող են անել նաև ռուսները: Դա, ինչպես ասվեց, Նիկոլենց պետք չէ: Իսկ եթե նույնիսկ չանեն էլ, ապա ՌԴ-ն Սամվել Կարապետյան չէ, որպեսզի գործող իշխանությունը խլի նրա իրավունքը ու մարսի այն: Նույնիսկ այն դեպքում՝ երբ մեր երկաթուղին ընդամենը կոնցեսիոն կառավարման է հանձնված, իսկ սեփականատերը մնում է Հայաստանը: Եթե Ռուբինյանը հարցի օպտիմալ լուծում է փնտրում, ապա դրա տարբերակը վաղուց հրապարակի վրա է: Իրենց հսկայական աշխատավարձերի ու պարգևավճարների հաշվին ռուսական կողմին են հատկացնում նրա պահանջած գումարը: Այսինքն, երկաթուղային ցանցում նրա ներդրած 400 միլիոն դոլարը: Եվ վերջ: Հետո եթե կուզեն՝ երկաթուղին կվաճառեն Ղազախստանին կամ կտրամադրեն կոնցեսիոն կառավարման իրավունք:

Կարող են հակաճառել, թե այդքան գումար չկա պետբյուջեում, ու ես ստիպված ԱԲ-ի օգնությամբ փորձեցի հաշվարկել, թե որքան է կազմում պետական հատվածի մեկ տարվա աշխատավարձային ֆոնդը: Տվյալներ կային 2025-ի առումով. այդ տարի այն կազմել է շուրջ 600 միլիարդ դրամ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-209-Ն օրենքով սահմանված պետական պաշտոնյաների և պետական ծառայողների աշխատավարձային ֆոնդը 2025-ին կազմել է ընդհանուր պետական հատվածի աշխատավարձային ֆոնդի մոտ 22–24 տոկոսը կամ 132-144 միլիարդ դրամ (կամ շուրջ 383 միլիոն ԱՄՆ դոլար):

Կարծում եմ, որ 2027-ին և հաջորդ մի քանի տարում այն վստահաբար կկազմի 25-30 տոկոսը: Սակայն հաշվարկը շարունակենք 2025-ի տվյալներով: Այսինքն, եթե առաջիկա 4 տարվա յուրաքանչյուր տարում պահվի դրանց աշխատավարձերի ու պարգևավճարների ընդամենը 25 տոկոսը, ապա 4 տարում 400 միլիոն դոլարի հարցը կփակվի՝ հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը: Կմնա միայն հոգեբանական խնդիրը. այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչներն ութուկես տարի առաջ խոստանում էին լինել նվիրյալներ, սակայն վաղուց իրենք այդպիսին չեն: Ու եթե հանկարժ հրաշք պատահի, ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որոշի (իսկ նրա որոշումն, ինչպես հայտնի է, օրենք է) նման բան անել, ապա 400 միլիոնը կճարվի: Վախենամ, որ դրա հետ միասին կկազմալուծվի պետական կառավարման ողջ ապարատը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․ Tue, 17 Nov 2026 15:15:11 +0400 Քաղաքական խոսույթի փոխարեն երբեմն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով