«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն
Fri, 20 Nov 2026 09:45:40 +0400

Կարծես Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներն ու հոխորտանքները, տուրուդմփոցն ու փողոցային բառերը քիչ էին, որ մշտապես հորդում են խորհրդարանի ամբիոնից, ի լրումն այդ ամենի՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց. «Հերիք եղավ, էլի, խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»: Թեեւ պարզ չէ, թե ով է պատերազմ ուզում, ով է երբեւէ նման բան ասել, որ Միրզոյանն էլ դարձել է խաղաղության ռահվիրա, ի տարբերություն պատերազմի «հրձիգների»: Պարզվում է, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը բարձրացնի, մեզ կհեռացնի խաղաղությունից։ «Այո՛, կան պահվող անձինք, եւ նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա, ձեր տրամաբանությամբ, պետք է գնանք ասենք՝ մինչեւ այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ գնանք ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, եւ տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- իր շեֆի օրինակով փորձել է մոլորեցնել Միրզոյանը։ Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածի մասին զրուցել ենք քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը երբ սկսում է վիրավորել քաղաքական հակառակորդներին, այլեւս չի կարողանում կանգ առնել` ասում է այն, ինչ խելքին փչում է: Չորեքշաբթի օրը նա անցավ բոլոր հնարավոր սահմանները, ընդդիմադիրների հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցրեց, սպառնաց, կուրծք ծեծեց: Նման իրավիճակում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Օրինակ, հարցեր պիտի ուղղե՞ն, թե՞ ոչ, ճի՞շտ է արդյոք նրա հետ բանավեճի մեջ մտնելը:
– Դժվար է այլոց գործողությունների մասին խոսելը: Չգիտեմ, թե ինչ ռազմավարություն է մշակել խորհրդարանական ընդդիմությունը: Ես իմ տեսակով բավականին զուսպ մարդ եմ, ու, որպես կանոն, այդ կռիվներն իմը չեն, ես չեմ կարծում, որ այնտեղ կար քաղաքականության որեւէ տարր: Ես կարծում եմ, որ այդ մարդուն հարցեր տալը ճիշտ է, բայց երբ նա հունից դուրս եկած փորձում է սրել իրավիճակը, պետք է հավասարակշռություն ցուցաբերել, դրան գումարել տրամաբանություն եւ ռացիոնալիզմ, ինչը պակասում է մեր պետական կառավարման մեջ: Մարդիկ չեն ցանկանում ընտրել մեկին, որը Նիկոլ Փաշինյանից ավելի հախուռն կգտնվի:
– Նիկոլ Փաշինյանը նաեւ հինգշաբթի օրը կառավարության բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ բոլոր այն ընդդիմադիրները եւ լրագրողները, ովքեր հիշատակում են Եռաբլուրը, եղկելի են` մեր հազարավոր զոհերին դարձնում են քաղաքական մանրադրամ: «Սատկացնելու եմ Եռաբլուրը մանրադրամ սարքողներին»,- ասել է նա:
– Եթե մաքրենք նրա բոլոր դատարկաբանությունները, ապա այդ ամենի իմաստն այն է, որ բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, չունեն իրեն հարցեր տալու իրավունք: Իսկ նրանք, ովքեր զոհվել են, չեն կարող հարցեր տալ իրեն: Նիկոլ Փաշինյանի պրոբլեմն այն է, որ իրեն հարցեր են տալիս:
– Բայց իբրեւ թե խաղաղություն են ուզում հաստատել: Արարատ Միրզոյանն էլ ասում է` մեռնեք էլ, խաղաղություն լինելու է: Ո՞վ պետք է մեռնի, ինչի՞ համար:
– Ես ծափահարություններով եմ ընդունել Արարատ Միրզոյանի այդ պոռթկումը: Ավելի հանճարեղ ձեւակերպել փաշինյանական կեղծ խաղաղության մոդելը, պարզապես անհնար էր: Շատ մեծ ջանքեր են հարկավոր Նիկոլ Փաշինյանի «խաղաղությունը» բնորոշելու համար, եւ Արարատ Միրզոյանը մեկ հայտարարությամբ դա արեց: Մարդկանց մահվան ցանկությամբ ուզում են խաղաղություն հաստատել: Բռավո:
– Փաշինյանի համար այնքան կարեւոր է սահմանադրության փոփոխությունը, որ նա անգամ հայտարարեց, որ եթե սահմանադրությունը փոխվի, ինքը կհեռանա:
– Նիկոլ Փաշինյանին չհավատալու առիթներն ամենուր են: Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երկիրն ունենա այնպիսի սահմանադրություն, որ 10 տարուց ավելի ոչ ոք չկարողանա ղեկավարել երկիրը: Անկախ նրանից, թե հանրաքվեին ով ինչպես կքվեարկի, ես կարծում եմ, որ ղեկավարների պաշտոնավարման հնարավորությունը պետք է սահմանափակվի 10 տարով: 10 տարի երկիր ղեկավարած ոչ մի մարդ չպետք է այլեւս ղեկավարի երկիրը:
– Կարծում եք՝ նոր սահմանադրության մեջ նման սահմանափակում կմտցնե՞ն: Հավատո՞ւմ եք, որ Փաշինյանը կարող է հրաժարվել Սերժ Սարգսյանի «հագով կարված» սուպերվարչապետական կառավարման մոդելից:
– Իրենք ընդդիմությանն առաջարկ են անում, ես էլ անում եմ կոնտրառաջարկ` փոխեք սահմանադրության էական կետերը եւ ապացուցեք, որ այդ սահմանադրությունն ավելին է, քան Ալիեւի պահանջը, եւ ժողովուրդը գուցե հավատա ձեզ ավելի շատ, քան մեզ` ընդդիմադիրներիս: Թող գրեն սահմանադրության մեջ, որ այն մարդը, որը 10 տարուց ավելի ղեկավարել է երկիրը, այլեւս երբեք չի կարող ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը: Դրանով ե՛ւ կապացուցեն, որ իրենք ավտորիտար չեն, ե՛ւ ցույց կտան, որ իսկապես դեմ են եղել երկիրը հավերժ ղեկավարելու նկրտումներին, նաեւ կապացուցեն, որ սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանից թելադրված օրակարգ չէ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր