Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին
Fri, 20 Nov 2026 16:15:35 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը չի ենթադրում հարցը ժողովրդի իրական դատին ներկայացնել։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հանրաքվեի հարցն արդեն իսկ ստացել է ժողովրդի գնահատականը, իսկ այժմ իշխանությունը, ըստ նրա, ցանկանում է այն փոխանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի որոշմանը։
Գրիգորյանը կասկած է հայտնել, որ գործող ընտրական համակարգի պայմաններում հնարավոր է ապահովել գործընթացի արդարությունը։ Նա հիշեցրել է նաև Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն մարմինների գործունեությունը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը նման պայմաններում չի կարող վստահել իշխանության առաջարկած ընթացակարգին։
Խմբակցության ղեկավարը անդրադարձել է նաև նախորդ գումարման խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությանը, որով սահմանվել է ընտրական ցենզ, ինչի հետևանքով, նրա խոսքով, կրճատվել է ընտրողների շրջանակը։ Նա այդ կարգավորումը հակասահմանադրական է համարել և հիշեցրել, որ ընդդիմությունը այն վիճարկել է Սահմանադրական դատարանում։
Գրիգորյանի խոսքով՝ առաջիկայում ՍԴ-ում այդ հարցով քննություն է նախատեսվում։ Նա կասկածի տակ է դրել նաև դատարանի անաչառությունը՝ մատնանշելով ՍԴ գործող նախագահի՝ նախկինում ՔՊ-ի հետ ունեցած քաղաքական կապը։ Պատգամավորը նշել է, որ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, դա կարող է էական ազդեցություն ունենալ նաև հանրաքվեների արդյունքների ձևավորման վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր