«Հրապարակ»․ «Հաց ու տեսարաններ»՝ 176 միլիոն դրամով
Sat, 21 Nov 2026 11:25:24 +0400

ՆԳՆ-ն, պարզվում է, 176 միլիոն դրամ է ծախսել անձնագրի մուլյաժների, համերգի եւ փիառի համար: Խանութ մտնելը միջին բարեկեցության քաղաքացու համար ամենօրյա աղետի պես բան է դարձել: Պետական կառույցներն այլեւս ի վիճակի չեն զսպել գնաճը, ՀՀ բնակչությունն օրեցօր ավելի է աղքատանում, իսկ իշխանությունը շարունակում է մարդկանց կերակրել տեսարաններով, միլիոններ վատնել ինքնագովազդի, համերգների վրա՝ անգամ անձնագրի փոփոխությունը վերածելով տոնախմբության։ Նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը եւ առաջին անձնագրերի հանձնման արարողությունը եւս վերածվեցին շոուի: Անձնագրերը հանձնվեցին հոկտեմբերի 31-ին՝ ՀՀ կառավարության շենքում։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հանրապետության հրապարակում եւ Երեւան մոլում անցկացվել են հանրային միջոցառումներ ու համերգ, որի համար 176 միլիոն դրամ՝ մոտ 450 հազար դոլար է ծախսվել։
Մենք դիմել էինք ՆԳՆ՝ խնդրելով հստակեցնել, թե որքան գումար է ծախսվել նոյեմբերի 1-ին կազմակերպված անձնագրի շնորհանդեսի, առաջին անձնագրերի հանձնման արարողության եւ Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրի հսկայական մուլյաժների վրա: Պատասխանից տեղեկացանք, որ ծախսվել է 176 մլն 32 հազար 52 դրամ, որի մեջ մտնում են նաեւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի ճակատին եռօրյա պրոյեկցիոն ցուցադրությունը: Բայց ՆԳՆ-ն չի պատասխանել մեր ամենակարեւոր հարցերին` 176 միլիոն դրամից կոնկրետ որքանն է վճարվել պետական բյուջեից, եւ որքանն են ներդրել «մասնավոր գործընկերները»: Սահմանափակվել են ընդհանուր ձեւակերպմամբ` ֆինանսավորումն իրականացվել է «պետական եւ մասնավոր գործընկերների համատեղ մասնակցությամբ»։ Չի նշվել նաեւ, թե առանձին-առանձին ինչ են արժեցել Հանրապետության հրապարակում տեղադրված մուլյաժները կամ լուսային շոուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր