Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՔՍՏ ՉԷ

Արիս Քարամյան
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քննարկվում է Սահմանադրության փոփոխության հարցը։

Ես ինձ սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ համարում, ավելին՝ այս բնագավառում ինձ համարում եմ դիլետանտ։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ որպես քաղաքացի իրավունք չունեմ հարցեր տալու, մտահոգություններ արտահայտելու և պատասխաններ պահանջելու։
Երկար ժամանակ հետևելով այս գործընթացին, լսելով տարբեր մարդկանց հայտարարություններն ու դիտարկելով այն անձանց շրջանակը, որոնք այս կամ այն կերպ ներկայացվում են որպես Սահմանադրության մշակման մասնակիցներ՝ ինձ մոտ առաջացել են լուրջ հարցեր։
Անկեղծ ասած՝ որոշ մասնակիցների մասնագիտական պատրաստվածության, սահմանադրական իրավունքի հետ ունեցած առնչության և նման պատասխանատու գործընթացում նրանց ներգրավվածության հիմնավորվածության վերաբերյալ ես լուրջ կասկածներ ունեմ։
Եվ հենց սա է պատճառը, որ որոշեցի հրապարակայնորեն բարձրացնել այս հարցերը։
Ես չեմ հավակնում լինել մասնագետ, բայց չեմ պատրաստվում նաև լռել մի հարցի շուրջ, որն անմիջականորեն վերաբերում է իմ երկրի, իմ երեխաների և հաջորդ սերունդների ապագային։
Սահմանադրությունը պարզապես իրավական տեքստ չէ։
Այն պետության ինքնության, պետականության շարունակականության, իշխանության սահմանների և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների հիմնարար երաշխիքն է։
Ուստի Հայաստանի ապագայի վերաբերյալ այսօր պետք է հնչի մի շատ կարևոր հարց.
Ո՞վ և ի՞նչ մասնագիտական, իրավական ու հանրային լեգիտիմությամբ է ձևավորում այն պետության սահմանադրական հիմքերը, որտեղ ապրելու են մեր երեխաներն ու հաջորդ սերունդները։
Քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու՝
– Ովքե՞ր են նոր Սահմանադրության իրական հեղինակները։
– Ի՞նչ մասնագիտական որակավորում և գիտական փորձ ունեն նրանք։
– Ո՞ր սահմանադրագետներն ու իրավաբաններն են անմիջականորեն մասնակցել դրա մշակմանը։
– Ի՞նչ գիտական և փորձագիտական եզրակացությունների վրա է հիմնված նախագիծը։
– Որքանո՞վ է ապահովվել հանրության իրական և բովանդակային մասնակցությունը։
– Ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ չափանիշներով են ընտրվել Սահմանադրության մշակման աշխատանքներում ներգրավված անձինք։
Սրանք ձևական հարցեր չեն։ Սրանք պահանջում են հստակ, փաստարկված և հրապարակային պատասխաններ։
Սահմանադրության մշակումը փորձարկումների, պատահական ընտրությունների կամ պարզապես քաղաքական վստահության հարց չէ։ Այն պահանջում է խոր գիտելիք, մասնագիտական փորձ, իրավական պատասխանատվություն և հանրային վստահություն։
Սա իշխանության դեմ կամ իշխանության օգտին ուղղված հարցեր չեն։
Սա պետության, պետականության, իրավական պատասխանատվության և մեր ապագայի վերաբերյալ հարցեր են։
Սահմանադրությունը չի կարող լինել միայն իշխանության օրակարգը։ Այն չպետք է արտացոլի միայն քաղաքական որևէ ուժի կամ սահմանափակ շրջանակի պատկերացումները։
Այն պետք է լինի ամբողջ ժողովրդի վստահության, լայն հանրային քննարկման և ընդհանուր պայմանավորվածության արդյունքը։
Ուստի պահանջում եմ հրապարակային, ամբողջական և հստակ պատասխաններ այս հարցերին, ինչպես նաև Սահմանադրության նախագծի մշակման գործընթացի, մասնակիցների կազմի, նրանց մասնագիտական որակավորման և փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հրապարակում՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։
Որովհետև խոսքը հերթական օրենքի կամ քաղաքական փաստաթղթի մասին չէ։
Խոսքը Հայաստանի Հանրապետության պետականության, մեր երեխաների և գալիք սերունդների ապագայի մասին է։
Եվ այդ ապագայի վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ պահանջելու և սեփական ձայնը լսելի դարձնելու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր քաղաքացու։
Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե ժողովրդի համար գրված փաստաթուղթ՝ առանց ժողովրդի իրական մասնակցության, այլ ժողովրդի վստահությամբ և մասնակցությամբ ձևավորված պետության հիմնարար օրենքը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախցիների անձնագրեր, Սահմանադրության նախագիծ․ Օրվա լրահոսը

Արցախցիների անձնագրեր, Սահմանադրության նախագիծ․ Օրվա լրահոսը Thu, 26 Nov 2026 22:48:09 +0400 Նոյեմբերի 26-ին մեդիա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով