Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն
Fri, 27 Nov 2026 12:27:29 +0400

Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն
Հիմնական քաղաքական «ապրանքը», որը Նիկոլ Փաշինյանը վաճառում է Հայաստանի հասարակությանը, խաղաղությունն է, իսկ ավելի ստույգ՝ պատերազմի վերսկսման վտանգը։ Հենց այդ վտանգի շահարկման վրա է խարսխված գործող իշխանության քաղաքական կենսունակությունը։
Չի կարելի փաստացի խաղաղությունը, որն ամրապնդված չէ փոխադարձ պարտավորություններով և գործուն երաշխիքներով, նույնացնել ինստիտուցիոնալ խաղաղության հետ։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ինստիտուցիոնալ խաղաղություն չկա. խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, սահմանազատման և սահմանագծման գործընթացն ավելի քան երկու տարի է՝ կանգ է առել, մշուշոտ են հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները։ Չլուծված են մնում Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների և Հայաստանի օկուպացված տարածքների խնդիրները։
Մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական խաղաղությունը չի կարող գոյություն ունենալ տարածաշրջանային անվտանգության համակարգից անջատ, առավել ևս, երբ մեր մեծ տարածաշրջանում լարվածությունը հասել է հերթական գագաթնակետին, և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի նոր ռազմական գործողությունների վտանգը միանգամայն իրական է։
Այս համատեքստում առնվազն տարակուսելի է Հայաստանի իշխանությունների շտապողականությունը TRIPP-ի հարցում։ Գլոբալ հակադրության և տարածաշրջանային շահերի բախման պայմաններում այս նախագիծը Հայաստանն աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմի վերածելու լուրջ վտանգ է պարունակում՝ կասկածի տակ դնելով հենց Փաշինյանի հռչակած խաղաղության հեռանկարը։
Հայաստանի ընդդիմությունը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, խորհրդարանական վերջին ընտրություններում հանդես է եկել «Երաշխավորված խաղաղության» թեզով։ Խոսքն ինստիտուցիոնալ, բազմաշերտ երաշխիքների համակարգի մասին է, որի բաղադրիչներին կանդրադառնամ առաջիկայում։
Գործող իշխանությունը հասարակությանը պարտադրում է պատերազմի և խաղաղության միջև ընտրության կեղծ երկընտրանք՝ խաղաղության գաղափարը նույնացնելով սեփական իշխանության վերարտադրության հետ։
Մինչդեռ քաղաքական բանավեճը պետք է ծավալվի խաղաղության այլընտրանքային մոդելների շուրջ։
Մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարելու ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ խաղաղության երկու մոդելների՝ պատերազմի վտանգի մշտական շահարկման վրա կառուցված փխրուն խաղաղության և ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդված կայուն խաղաղության միջև։
Հրաչյա Ռոստոմյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր