TRIPP-ով Հայաստանը կորցնում է իր լծակները
Sat, 28 Nov 2026 14:15:35 +0400

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն կարծում է, որ TRIPP-ի իրականացումը՝ որպես նախագիծ, ավելի է նվազեցնելու Հայաստանի ինքնիշխանության մակարդակը։ Անդրադառնալով նախագծի մեկնարկին՝ քաղաքագետն ասել է, որ դա հերթական քայլն է, որը նպաստելու է, որ Հայաստանն ամբողջապես կորցնի իր ինքնիշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, Հայաստանը վստահ քայլերով եւ արդեն տեւական ժամանակ տանում է այդ ճանապարհով, եւ դա արդեն բավական երկար ժամանակ է, ու, ցավոք, դա նրան հաջողվում է։ Սեմչենկոն վստահ է, որ մոտ ապագայում Ռուսաստանն այդ ամենին որեւէ կերպ սուր արձագանք չի տա։ Ուղղակիորեն այդ ամենը Ռուսաստանի շահերին չի հարվածում։
Ինչ վերաբերում է հայկական ինքնիշխանությանը, ապա հարց է առաջանում՝ մի՞թե Ռուսաստանը Հայաստանի համար շատ ավելի պետք է մտահոգվի, քան ինքը` Հայաստանը։ TRIPP-ը, ըստ քաղաքագետի, ռիսկային է նաեւ նրանով, որ նկատելիորեն թուլացնում է Ադրբեջանի հետ հարաբերություններում Երեւանի դիրքերը։ «Մի կողմից, ցանկացած պարագայում առեւտուրն ավելի լավ է, քան պատերազմը։ Սակայն տվյալ դեպքում որոշակի նրբություններ կան, որոնք պայմանավորում են ողջ իրականությունը։ Հայաստանը, իհարկե, արգելափակման հնարավորություն ստանում է, սակայն դրա կիրառումը, մեծ հաշվով, որեւէ բանի վրա ազդել չի կարող»։ Քաղաքագետը չի կարծում, թե հայկական իշխանություններն ինչ-որ բան արգելափակելու են, հատկապես որ այդ միջանցքի ցանկացած արգելափակում Ադրբեջանի եւ Թուրքիայի, նաեւ՝ ամերիկյան կողմից կարող է մեկնաբանվել որպես թշնամանքի դրսեւորում եւ հակամարտության պատճառ դառնալ։ «Առեւտուրը, իհարկե, լավ է, սակայն Հայաստանը կորցնում է Ադրբեջանի վրա ունեցած լծակները։ Ի վերջո, բաց է մնում Արցախի հարցը, որքան էլ Ադրբեջանն այնտեղ լիակատար հսկողություն է հաստատել»,- նշել է Սեմչենկոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր