«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում
Sat, 28 Nov 2026 23:15:58 +0400

32-ամյա իտալացի մոդել Ֆեդերիկո Մասսարոն, որը համագործակցել է Dolce & Gabbana նորաձևության տան հետ և մասնակցել իտալական «Մեծ եղբայր» ռեալիթի շոուին, դարձել է Լոս Անջելեսում հարուցված արտասովոր դատական գործի պատասխանող։ 47-ամյա մի կին նրան մեղադրում է սերմնաբջիջների բացառիկ դոնորության վերաբերյալ պայմանավորվածությունը խախտելու մեջ և պնդում, որ նրա որոշման հետևանքով զրկվել է մայրանալու վերջին հնարավորությունից, հայտնում է NYP-ն։
Հայցվոր Ցիֆան Լիի պնդմամբ՝ ինքը Մասսարոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ վերջինս պետք է իրեն սերմնաբջիջներ տրամադրեր այնքան ժամանակ, մինչև ինքը երեխա ունենար։ Կինը բուժում էր անցնում անպտղության դեմ, և նրա համար ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն ուներ։
Դատական հայցի նյութերի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերին Մասսարոն երկու անգամ Լիի համար կենսանյութ է հանձնել Լոս Անջելեսի Incinta Fertility կլինիկայում։ Սակայն, կնոջ պնդմամբ, հետագայում բժշկական հաստատությունը մոդելին առաջարկել է դոնոր դառնալ նաև այլ պացիենտների համար։ Նա համաձայնել է՝ առանց այդ մասին Լիին տեղեկացնելու։
Իմանալով այդ մասին՝ Լին բացատրություն է պահանջել։ Նրա խոսքով՝ Մասսարոն հայտարարել է, որ ցանկանում է սերմնաբջիջների դոնորությունը վերածել լիարժեք մասնագիտական գործունեության և այդ կերպ օգնել հնարավորինս շատ մարդկանց, քանի որ դա իրեն երջանկություն է պատճառում։
Կինը պնդում է, որ նման որոշումը ծանր հոգեբանական հարված է եղել իր համար և հանգեցրել է նյարդային խանգարման։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նամակագրությունները, որոնք, ըստ տեղեկությունների, կցվել են դատական գործի նյութերին։ Հաղորդագրություններից մեկում Լին առաջարկել է վերջնականապես ձևակերպել բացառիկ դոնորության վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիրը՝ խոստանալով վճարել մնացած գումարը և կազմակերպել մոդելի վերադարձի չվերթը։
Հրապարակված նամակագրության համաձայն՝ Մասսարոն հումորով պատասխանել է. «Իհարկե, չեմ ուզում 10 միլիոն երեխայի հայր դառնալ», ապա ավելացրել է ծիծաղող էմոջիներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր