«Հրապարակ»․ Որոշել են այս հարցում էլ ԱՄՆ-ին կրկնօրինակել
Wed, 04 Mar 2026 10:45:19 +0400

«Օրհներգի կատարումը պարտադիր է դարձրել պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը, եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել եւս՝ արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը»,- փետրվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ օրհներգի կատարման կարգի փոփոխությունները եւ կառավարության որոշման նախագիծը։
«Կարգավորվում են նաեւ բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասել է նախարարը՝ ուշադրություն հրավիրելով նաեւ ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում սահմանվել է, որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի: «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաեւ բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասել նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները: Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույն օրը ընդգծել է` բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ: «Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,- ասել է նա: Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ վերաբերում է այլ կառույցներին, այս դեպքում ստանդարտ է սահմանվում, այսինքն` պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է: Այս համատեքստում Փաշինյանը հիշեց նաեւ 7 տարի առաջ տեղի ունեցած՝ պետական դրոշի հետ կապված դեպքը, երբ գետնին դրված դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից ազատեց, ապա որոշ ժամանակ հետո կարգադրեց հետ ընդունել: Ասել էր, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւս փոփոխություններ են կատարվել՝ պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար: «Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է: Էական չէ, թե որտեղ է հնչում, ինչ առիթով է հնչում»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պետք է խնդրել նաեւ Հանրային հեռուստաընկերությանը՝ փոխել ՀՀ օրհներգի «հնամաշ» հոլովակը:
Այսինքն, ինչքան երկրի ինքնիշխանությունն իջնում է, ինչքան շատ են մեր թշնամի երկրների ղեկավարները տրորում մեր արժանապատվությունը եւ մեր հասցեին վայրահաչում, այնքան ձեւական արարողակարգային էժան տրյուկներով այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե հարգում է մեր պետության սիմվոլները` օրհներգի նոր կարգ է ընդունում, դրոշներ է տեղադրում այստեղ-այնտեղ:
Վերջին շրջանում մարդիկ նկատում են նաեւ, որ օրհներգի ժամանակ ՔՊ-ականները շարքով կանգնում են ու ձեռքները դնում կրծքին` սրտի մասում, ինչն իբրեւ թե հարգանք է երկրի հիմնի նկատմամբ, այլ երկրներից ընդօրինակված: Լավ կլիներ, որ այլ երկրներից նաեւ պետություն պահելու, արժանապատվություն ունենալու, թշնամու առաջ գլուխ չխոնարհելու մյուս որակներն ընդօրինակեին:
Իշխանության եկած օրվանից պետության սիմվոլներն ու պետության հանդեպ հարգանքը խարխլած ՔՊ-ական իշխանությունը չի գիտակցում, որ երբ Արարատ սարի դեմ է պայքարում, երբ ասում է` Արեւմտյան Հայաստանը Թալինն է ու Արմավիրը, իսկ Արցախը երբեք մերը չի եղել, պետության հանդեպ հարգանքը ոչնչացնում է, նրա ատրիբուտները հողին է հավասարեցնում: Երբ հայկական եկեղեցու դեմ է պայքարում, մեր ազգի հիմքերին ու ազգային արժեքներին է հարվածում: Իսկ այդ դերասանությունը` ձեռքը կրծքին դնելը, առնվազն ծիծաղ է առաջացնում:
ՀՀ երրորդ նախագահի արարողակարգի պատասխանատու Արմեն Գիչյանին «Հրապարակը» հարցրեց` արարողակարգի տեսանկյունից որքանո՞վ է այդ ժեստն անհրաժեշտ, ո՞րն է դրա նպատակը: Գիչյանն ասաց. «Անկեղծ ասած, ինձ էլ հետաքրքրեց, թե ինչու են օրհներգի ժամանակ ձեռքը սրտին դնում, ես հետաքրքրվեցի, պարզվեց՝ համապատասխան որոշում է կայացվել, կարծես հենց կառավարության կողմից, որ պետք է պետական օրհներգի կատարման ժամանակ ձեռքը դնել կրծքին` սրտի մոտ: Կա համապատասխան որոշում: Որոշման մեջ նաեւ ասվում է, որ պետք է օրհներգը հնչի ակապելլա կամ լայվ, միեւնույն ժամանակ ձեռքը պետք է դրվի սրտին: Դե, ամեն դեպքում, ճաշակին ընկեր չկա, չեմ կարող հստակ ասել` գեղեցի՞կ է այն նայվում, թե՞ ոչ, ամեն դեպքում, կան էլի որոշ երկրներ, որտեղ պետական միջոցառումների ժամանակ, երբ հնչում է պետության օրհներգը, ձեռքն անպայման պետք է տանել դեպի սիրտը: Պետական օրհներգի հանդեպ եթե կա հարգանք, անկախ այն բանից՝ այն կենդանի կատարումով է հնչում, թե ոչ, հարգանքն առաջին հերթին ոտքի կանգնելն է` հստակ կեցվածքով, առանց ձեռքերը խաչելու կամ այս ու այն կողմ տանելու: Զինվորականներն օրհներգի ժամանակ պատվի էին առնում, իսկ այս որոշումը նոր բան է, մեկ ամիս առաջ է ուժի մեջ մտել»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր