Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել
Thu, 05 Nov 2026 18:45:28 +0400

Հայաստանի պետական կառավարման համակարգը վաղուց վերածվել է յուրօրինակ զվարճանքի վայրի, որի ամենապոպուլյար ատրակցիոնը «կադրային կարուսելն» է։ Աթոռները քիչ են, հավակնորդները՝ շատ, պտույտը՝ անվերջ։ Պետական կառավարման համակարգում պաշտոնն այլեւս ծանր պատասխանատվություն չէ, ժամանակավոր հանգրվան։ Կարելի է այսօր նշանակվել, վաղը վերանշանակվել, մյուս օրը՝ առանց հասկանալի բացատրության ազատվել, որոշ ժամանակ անց հայտնվել մեկ այլ «պատվավոր» աթոռի։ Որոշում կայացնողը մեկն է, նշանակվողները շարունակ փոխվում են։
Երեւի 2024-ից սկսած՝ մի «նորարարություն» ներմուծվեց քաղաքական դաշտ՝ սկսեցին հրաժարականի տեքստերում «նշանակողի» մասին երախտագիտության հոգեցունց ճառեր ասել։ Պարզվեց՝ վարչապետն իրավունք ունի sms-ներով բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնել, որոնք հլու-հնազանդ, մեկը մյուսի հետեւից հրաժարականներ գրեցին՝ հայտնելով, որ «ինքնակամ» են հեռանում եւ անչափ շնորհակալ են իրենց նման նվաստացումով աշխատանքից հեռացնողին: Այդ շարքում էին Կարեն Անդրեասյանը (Բարձրագույն դատական խորհրդի նախագահ), Արգիշտի Քյարամյանը (Քննչական կոմիտեի նախագահ), Վահե Ղազարյանը (ներքին գործերի նախարար), Գնել Սանոսյանը (ՏԿԵ նախարար), Ռուստամ Բադասյանը (Պետական եկամուտների կոմիտեի նախագահ), Սասուն Խաչատրյանը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ): SMS-ը դարձավ ավտորիտար, ապօրինի կառավարման խորհրդանիշ։ Մտանք «թվային ճորտատիրության» շրջան։ Բոլորը գիտեն, թե ով է որոշում կայացնողը, բայց դա ներկայացվում է որպես պաշտոնյայի անձնական կամք։
Հլու-հնազանդ հեռացողներից մի քանիսին հետո կրկին պաշտոններ բաժին հասան, եւ պետական համակարգը, ՔՊ-ն ազդակ ստացավ՝ ով շատ շնորհակալություն հայտնի եւ ստրուկի նման ցանկացած պահի ենթարկվի առաջնորդի կամքին, դեռ շանս ունի նորից կերակրատաշտին մոտենալու, երկրորդ շանս ստանալու։ Եվ օգտագործված լաթի նման մի կողմ նետվելը դեռ չի նշանակում քաղաքական կարիերայի ավարտ՝ երբեմն դա ընդամենը հաջորդ նշանակման նախերգանքն է։ Այդ սխեմայով, օրինակ, Կարեն Անդրեասյանն ու Ալեն Սիմոնյանը նորից մի պաշտոն ստացան, իսկ, այ՝ Մխիթար Հայրապետյանի դեպքում դա տեղի չունեցավ եւ չի ունենա, հավանաբար։ Գնել Սանոսյանը հիմա ամսական 6 միլիոն դրամի չափ աշխատավարձ է ստանում, իսկ Վահան Քերոբյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում։ Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին թույլատրվեց հանգստյան տուն կառուցել Դիլիջանում, բիզնես անել, իսկ նախկին դատախազ Արթուր Դավթյանը նման հնարավորություն, վստահաբար, չի ունենա։
Կադրային անկայուն եւ արագընթաց փոփոխությունների օրինակներն էլ քիչ չեն․ Գագիկ Վանոյան՝ 2026 թ. օգոստոսի 28-ին վերանշանակվեց Պետական արարողակարգի ծառայության պետ, իսկ ընդամենը յոթ շաբաթ անց՝ հոկտեմբերի 19-ին, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Դավիթ Սանամյան՝ 2025 թ. օգոստոսին նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, 2026 թ. հոկտեմբերի 5-ին հանկարծակի ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Երբ խոսքը վերաբերում է պետական ապարատի կամ ազգային անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, մարդիկ իրավունք ունեն իմանալու պաշտոնանկությունների բուն պատճառները, համակարգի թերացումների մասին եւ այն, թե ով է պատասխանատու արձանագրված թերությունների համար։ «Կադրային կարուսելի» ամենամտահոգիչ կողմը մարդկանց եւ նրանց մասնագիտական որակների արագ փոխվող գնահատականներն են։ Երեկ նրանց գործունեությունը ներկայացվում էր որպես բարեփոխումների փայլուն օրինակ, այսօր նրանք հեռանում են անհասկանալի պատճառներով, վաղը նրանց առաջարկվում է մեկ այլ պատասխանատու պաշտոն, կամ՝ նախօրեին գովերգված անձի վրա ցեխ են շպրտում, սեւացնում, բոլոր մեղքերը բարդում նրա վրա։
Կադրային կարուսելի մի պտույտն էլ սկսվում է նորանշանակ պաշտոնյայի առաջին հարցազրույցից։ Մինչեւ նրա նշանակումը կարծել ենք, թե ընտրվել է ամենաճիշտ մարդը, բայց երբ նա սկսում է խոսել ոլորտի մասին, հասկանում ենք, որ մի պատահական մարդ պատահաբար հայտնվել է«ճիշտ տեղում» ու էմոցիոնալ հողի վրա պաշտոն նվեր ստացել։ Պետական կառավարման արդյունավետությունը չի ավելանում պաշտոնյաների տեղաշարժերի հաճախականությամբ։ Հակառակ դեպքում կարելի է ամեն օր նոր նշանակումներ անել եւ հպարտորեն հայտարարել, թե համակարգում աննախադեպ շարժ կա։ Բայց շարժը դեռ զարգացում չէ, պաշտոնափոխությունն էլ բարեփոխում չէ։
«SMS-ային ճորտատիրության» ամենամեծ վտանգն այն է, որ պաշտոնյան սկսում է ավելի շատ մտածել իրեն նշանակողի կամքը կատարելու մասին, քան թե իր պարտականությունները կատարելու։ Հսկայական պետական օղակներ կորցնում են անկախ որոշումներ կայացնելու ունակությունը՝ դառնում վարչապետի աշխատակազմին կից գրասենյակներ։ Իսկ պետությունը զվարճանքի այգի չէ, պետական աթոռն էլ՝ պտտվող նստելատեղ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր