Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

Thu, 05 Nov 2026 08:45:51 +0400


Երեկ՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ի եւ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ իրականացրին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաեւ՝ Կարապետյան ընտանիքի հետ կապվող վեց տասնյակից ավելի հասցեներում։ Խմբակցության պատգամավոր, մոտ 3 տարի բանտում անցկացրած, ապա արդարացված Մամիկոն Ասլանյանը խուզարկություններին զուգահեռ մեզ հետ էր զրուցում եւ ասում էր, որ սա, թերեւս, Փաշինյանի խոստացած հանրային ճնշումն է, որից հետո, ըստ Փաշինյանի, ընդդիմությունը չի կարողանալու չաջակցել ալիեւյան սահմանադրության ընդունմանը։

– Ուժայինների այս ակտիվությունը կարո՞ղ է սահմանադրական փոփոխությունների գործընթացում իրավիճակ փոխել, տպավորություն է, որ ուժայինների միջոցով Փաշինյանը փորձում է «համոզել» ընդդիմությանը՝ ձայն տալ սահմանադրության նախագծին։

– Հավանաբար, հանրային ճնշում ասվածը սա էր, որ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ-ականների ու ուժայինների ճնշումը գուցե նկատի ուներ։

– Եթե այդ ճնշումներն ավելի մասշտաբային դառնան, պատգամավորների տներ մտնեն, հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր թիմից ոմանք համաձայնեն աջակցել գործընթացին, չկարողանան դիմադրել։

– Ոչ, ոչ, հիմա էլ է մասշտաբային, 65 հասցեներում մտել են, հիմա որ ազատազրկեն, ի՞նչ կա դիմադրելու, ընդհակառակը՝ ազատազրկվելու դեպքում մարդն ավելի շատ է դիմադրում։

– Իսկ եթե Փաշինյանը որոշի կրկնել 2018-ի հոկտեմբերի 2-ի սցենարը՝ ժողովրդին բերի խորհրդարանի վրա, այդ ժամանակ ի՞նչ կանեք։

– Նա արդեն գործադրել է այդ ճնշումն ամբողջ ժողովրդի վրա, ողջ նախընտրական շրջանը ողողված էր այս խոսույթով, այս օրակարգով եւ հանրային, ժողովրդական զանգվածի եւ ընդդիմադիր զանգվածի վրա ճնշում գործադրելով, որ եթե չընտրեք, պատերազմ է լինելու, ու այդքանից հետո ժողովուրդը գնացել՝ իրեն սահմանադրական մեծամասնություն չի տվել, որ սահմանադրություն փոխի, հանրաքվեի գնա․ էլ ի՞նչ ճնշման մասին է խոսքը, եթե ժողովրդավարությունն ընտրությունների արդյունքներով են չափում, իսկ իրենք այդ արդյունքներն ընդունել են եւ գնում են առաջ, ի՞նչ քաղաքական գործողություններ պիտի լինեն, եթե ոչ ընտրություն։

– Եթե ուժային գործիքակազմն արդյունք չտա, Փաշինյանը գուցե արտահերթ ընտրությունների գնա, եւ իշխանականները վստահ են, որ դուք էլ չեք լինի նոր խորհրդարանում։

– Թող Նիկոլ Փաշինյանը գնա, մենք էլ մեր հետեւությունները կանենք։

– Ի դեպ, հայտարարում էիք, որ դեմ չեք այս գործընթացներին, միայն երաշխիք է պետք, եթե լինի երաշխիքը․․․

– Մենք ասել ենք, որ խաղաղությանը դեմ չենք, դա ասել ենք ԹՐԻՓՓ-ի քննարկման ժամանակ, որ եթե ընդունում եք ԹՐԻՓՓ-ը՝ առանց խաղաղության պայմանագրի, այդ ժամանակ հակակշիռը ո՞րն է։ Մենք հիմա, ըստ էության, ճանապարհ ենք տրամադրում՝ Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապելու համար, բայց դրան պիտի հետեւի կամ նախորդի, զուգահեռվի խաղաղության ինստիտուցիոնալ ձեւակերպումը, որը չկա։ Դրա համար այս պահին ԹՐԻՓՓ-ի մեր արձագանքն այդպիսին է, որ առանց երաշխիքի, խաղաղության պայմանագրի ստորագրման ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չարժե վավերացնել։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ի հետ է, բայց ամեն դեպքում խաղաղության բաղադրիչների մի մասը պետք է լիներ, եթե չկա, ուրեմն ճանապարհ ենք տալիս՝ դրա դիմաց ոչինչ չստանալով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Thu, 05 Nov 2026 08:15:07 +0400 Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով