Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Դուք ո՜ւր, արժանապատվությունն ո՜ւր

Դուք ո՜ւր, արժանապատվությունն ո՜ւր

Sat, 28 Mar 2026 20:45:04 +0400


Երբ գործող իշխանության այս կամ այն ներկայացուցիչը խոսում է մարդկային արժանապատվության իրավունքից՝ չես իմանում խնդաս թե լաս: Ու ասես՝ դուք ո՜ւր, արժանապատվությունն ո՜ւր: Որտեղ է ձեր արժանապատվությունը՝ երբ ձեզ վիրավորում է ձեզ պաշտոնի նշանակող անձը: Կամ երբ Բաքվի բռնապետը ստորացնում է այդ նույն անձին: Մի անգամ գոնե չտեսանք, չլսեցինք, որ որևէ թթու խոսք ասվեր Բաքվի հասցեին: Սակայն դուք առյուծ եք կտրում՝ երբ ձեր դեմ է դուրս գալիս շարքային քաղաքացին: Որին չեն պաշտպանում թիկնապահները կամ ոստիկանությունը: Ու երբ վաղը կրկին վերածվեք շարքային քաղաքացու՝ ի՞նչ եք այդ ժամանակ անելու: Խոսքը վերաբերում է ոչ միայն սկանդալային միջադեպերի հակահերոս, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյան Ալենին, այլև նրան պաշտպանող՝ ՔՊ-ական իր գործընկերներին: Տվյալ դեպքում ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյան Հայկին:

Նա սկզբում ընդունում է, որ իրենք, որպես պաշտոնյաներ, պիտի լինեն «մի քանի անգամ ավելի ուրեմն զուսպ, մի քանի անգամ ավելի պատասխանատու», քան թե շարքային քաղաքացիները: Սակայն որպեսզի արդարացնի Սիմոնյան Ալենին՝ նկատում է, որ Ալեն – ՀՀ քաղաքացի միջադեպի մյուս կողմը շարքային քաղաքացի չէր, նա «քաղաքական ակտիվիստ էր, կուսակցական գործիչ»: Ու այդ պահին չես կարող այդ պաշտոնյային չհիշեցնես «դավաճան» կանչի համար ԱԺ նախագահ Ալենի կողմից շարքային քաղաքացի, սփյուռքահայ երիտասարդի վրա թքելը: Ում թևերը մինչ այդ թինապահների կողմից բռնվել էին Սիմոնյանի կարգադրությամբ: Ենթադրվում է, որ Ալենի այդ վարքն արժանապատվության իրավունքի պաշտպանության իրացում էր, և ոչ թե պարզապես խուլիգանական արարք: Ինչի համար ինքը հաստատ կպատժվեր, եթե չլիներ պաշտոնյա, այն էլ բարձրաստիճան:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչ են անելու Ալենը, Հայկն ու մնացածները՝ երբ այլևս պաշտոնյաներ չլինեն: Հատկապես Ալենը, ով, ենթադրաբար, հաճույք է ստանում նման միջադեպերին մասնակցելուց: Որովհետև, որքան հասկանում եմ, դրանով այլոց հաշվին ինքնահաստատվելու փորձ է արվում: Այլապես, մեկ-երկու միջադեպից հետո ինքն իրեն կհավաքեր ու ավելի զուսպ կպահեր: Քանի որ չեմ կարծում, թե նախքան պաշտոն զբաղեցնելը եղել է կռվարար: Համենայն դեպս, համացանցում առկա չէ այդպիսի տեղեկատվություն: Իսկ այս օրերին ինքնահաստատվել կարող է թիկնապահների կամ ոստիկանի առկայության շնորհիվ: Երկու-երեք տարի առաջ «Ադեկվադի» Արթուրի հետ նրա բախումը հաստատում է ասվածը: Ինքն այդ օրը նույնքան «հերոսական» չէր, որքան, ասենք, նախորդ օրը Միքայել Մարգարյանի հետ հայհոյախառն «բանավեճում»:

Նման իրադարձություններից հետո չես կարող չփնտրել համեմատական եզրեր այլ իշխանությունների հետ: Ու երբ Նիկոլին ու նիկոլականներին համեմատում ենք ռուս բոլշևիկների հետ՝ անվանելով սրանց նեոբոլշևիկներ, դա հաստատ չափազանցություն չէ: Նույնիսկ ավելին, 100 տարի առաջվա ռուս, հրեա, հայ հեղափոխականները շատ հաց ու պանիր պետք է ուտեին (ուտելու այլ բան համարյա չկար), որպեսզի բացասական առումով հասնեին այս մարդկանց մակարդակին: Ու եթե հաշվի առնենք բուհական կրթվածության մակարդակը՝ այս անձինք պետք է ավելի բարեկիրթ լինեին: Բայց իրականությունը ավելի դաժան է. մենք պետք է այս մարդկանց իշխանության բերեինք, որպեսզի մեր կաշվի վրա զգայինք, թե ինչ ասել է բարեկրթությունից զուրկ անձ լինելը: Որոնց չի փրկում նույնիսկ իրենց «գերմեծարգո» առաջնորդի կողմից բարեկրթության և էթիկայի հատուկ կանոններ մշակելն ու շրջանառելը:
Ի դեպ, որքան բարդ է այս անձանցից ազատվելը, նույնքան ծանր է լինելու նրանց թողած «ժառանգությունից» ազատվելը: Որովհետև նրանք ոչ միայն փորձում են մեզ վերածել «թուրքի շան»՝ ինչպիսին դառնալու հրապարակավ ցանկություն էր հայտնել պրոֆեսորի կոչում ունեցող իրենց «գիտուններից» մեկը: Նրանք իրենց վարքով ու ընդհանրապես գոյությամբ աղտոտում են մեր հինավուրց ժողովրդի բնավորության գծերը, մտածողությունն ու հոգին, ինչից ազատվելը շատ ավելի ծանր է լինելու: Ու որքան արագ կարողանանք մեզ ազատել դրանց ձևավորած իշխանությունից, այնքան հնարավորինս ավելի թեթև կընթանա վերականգնման գործընթացը: Հունիսի 7-ին ոչ մի քվե Նիկոլին ու նրա կուսակցությանը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026 …