Իսլամաբադում հատուկ ռեժիմ է․ պատրաստվում են ԱՄՆ-Իրան բանակցություններին
Fri, 10 Apr 2026 16:00:59 +0400

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ հայտարարվել է պատրաստվածության կարմիր մակարդակ: «Դաուն» թերթը հաղորդում է, որ քաղաքում տեղակայվել է ավելի քան 10,000 անվտանգության աշխատակից՝ որպես զինվորականների կողմից վերահսկվող բազմաշերտ համակարգի մաս:
Զինծառայողները և ռեյնջերները հատուկ հսկողության տակ են վերցրել «կարմիր գոտին», որտեղ տեղակայված է կառավարական շենքերի և դիվանագիտական ներկայացուցչությունների համալիրը։ Տարածք տանող բոլոր ճանապարհները փակվել են: Արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել տարբեր կետերում:
Ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին վերանայել է օտարերկրյա պաշտոնյաների համար ձեռնարկված անվտանգության միջոցառումները։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացումը մեծ պատիվ է Պակիստանի համար», – ասել է նախարարը: Նա հանձնարարել է համապատասխան մարմիններին ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները՝ ժամանող պատվիրակությունների հյուրընկալությունն» ու անվտանգությունն ապահովելու համար:
Երկու միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի բոլոր հիմնական ճանապարհներին տեղադրվել են լրացուցիչ ազգային և մայրաքաղաքային ճանապարհային ոստիկանության կետեր: Իսլամաբադում ամերիկացի և իրանցի բանակցողների տեղաշարժի համար առանձին երթուղիներ են նշանակվել: Բարձրաստիճան պաշտոնյաների անձնական անվտանգության աշխատակիցներին կարգելվի կրել որևէ էլեկտրոնային սարք, այդ թվում՝ բջջային հեռախոսներ և թվային ժամացույցներ։
Մայրաքաղաքի վարչակազմի ներկայացուցիչները նույնպես լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել հրշեջ և շտապօգնության ծառայությունների գործունեությունը ապահովելու համար։
Ուրբաթ օրը Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ ավիաընկերություններին հանձնարարվել է թույլատրել առանց վիզայի մուտքը Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների կապակցությամբ երկիր ժամանողների համար։
Իսլամաբադի «Սերենա» հյուրանոցը, որտեղ ընթանում են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների տեղավորման նախապատրաստական աշխատանքները, կմնա զբաղված մինչև կիրակի երեկո, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին: Թերթի տվյալներով՝ «բանակցությունների տևողության վերաբերյալ որևէ սահմանված ժամանակացույց չկա»։ Սակայն չորեքշաբթի օրը հյուրանոցից դուրս բերված հյուրերին տեղեկացվել է, որ այն «կլինի զբաղված մինչև կիրակի երեկո», – ասվում է հրատարակության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր