Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Հանցագործության ինստիտուցիոնալիզացումը

Հանցագործության ինստիտուցիոնալիզացումը

Fri, 10 Apr 2026 20:15:31 +0400


Նախկինների օրոք այս կամ այն անձին քաղաքական հիմքով ծեծում էին շքամուտքերում կամ կամարների ներքո՝ մարդկանց աչքից հեռու:

«Ժողովրդավարության բաստիոնում» նման թիթիզ բաների հետևից չեն ընկնում: Ծեծում են՝ որտեղ պատահի, նույնիսկ աշխատավայրում: Ասենք թաղապետարանում կամ նույնիսկ Ազգային ժողովում՝ ընդօրինակելով նախկինների նախկիններին: Փորձելով ծեծով «վերադաստիարակել» ոմանց: Բայց քանի որ ծեծն, այնուամենայնիվ, խուլիգանական արարք է՝ որոշեցին այն օրենսդրորեն «մաքրել»: Իսկ դրա միջոցն այն ինստիտուցիոնալիզացնելն էր:

Հաշվի առնելով այդ երևույթի նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անսահման սերը` ծեծելու գործն էլ հանձնարարվեց իշխանավորների թիկնապահներին: Տվյալ դեպքում էլ հիմք ծառայեց այն հանգամանքը, որ դա կարելի է ներկայացնել որպես պաշտոնից բխող պարտականություն:

Բայց ասեմ, որ այդ քայլով ՔՊ-ականները հեծանիվ չեն հնարել: Ընդամենը օգտվել են, ավելի ճիշտ, կրկնօրինակել են գողական աշխարհում գործող ինստիտուտը:

Հիշեցնեմ, որ այն, «օրենքով գողերի» ղեկավարությամբ, սկիզբ է առել Սովետական Միությունում Իոսիֆ Ստալինի ղեկավարության օրոք 1930-ական թվականների սկզբին: Այն առաջացել է ՍՍՌՄ ուղղիչ-աշխատանքային ճամբարներում (Գուլագ)՝ որպես պրոֆեսիոնալ հանցագործների պատասխան իշխանությունների խստացված վերահսկողությանը: Այդ հանգամանքը վկայում է, թե որքան սերտ է գաղափարական կապը ՀՀ գործող իշխանության և մեր ընդհանուր անցյալի միջև: Եվ այն հնարավոր չէ թաքցնել՝ բացասական առումով շահարկելով թե՛ Ստալինի և թե՛ «ԿաԳեԲե»-ի անունը:

Մեր անցյալի հետ գաղափարական կապի առանձնահատուկ գծերից է ՍՍՌՄ իշխանության և գողական աշխարհի հատկանիշների միաձուլումը գործող իշխանության քաղաքականության մեջ: Այդ առումով կարելի է ասել, որ մեզանում, իսկապես, նոր հեծանիվ է հնարվել: Կարող եմ ասել նույնիսկ տեսակը՝ միակնանի հեծանիվ (փոխաբերական առումով): Ինչն, ի դեպ, առաջին անգամ փորձարկվել է 19-րդ դարի 70-ականներին, ըստ որոշ աղբյուրների, Մեծ Բրիտանիայում:

Վերադառնալով ըստ էության գնահատմանը՝ ասեմ, որ գործող իշխանության քաղաքականության մեջ վերլուծաբանը պարզ կարող է տեսնել թե՛ ստալինիզմի և թե՛ գողական աշխարհի շորշոփները: Առաջինի դեպքում, բնականաբար, զուտ բացասականը: Երկրորդի առումով կլռեմ՝ դրա մասնագետը չեմ, բայց առաջինի դեպքում առկա են եղել նաև դրական հատկանիշներ: Օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմի օրերից սկսած՝ իշխանությունների քաղաքականության մաս դարձան հայրենասիրությունն ու հոգևորի վերագնահատումը: Այն, ինչը բացարձակ բացակայում է այսօր մեր երկրում գործող իշխանության օրոք:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ բերեմ վերջին իրադարձության սեղմ պատմությունը: Առանց նախապես զգուշացնելու՝ հերթական անգամ երբեմնի «փրկիչը» թիկնապահների մեծ խմբի հետ, հրմշտելով մարդկանց, պատարագի պահին մուտք է գործում եկեղեցի: Բնականաբար, արժանանում է հավատացյալների ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը: Պատարագի կեսից, կրկին հրմշտելով մարդկանց, խմբով դուրս է գնում: Ու փոխանակ ներողություն խնդրի՝ իր թիկնապահներից մեկն էլ հարվածում է 18-ամյա երիտասարդի գլխին: Իսկ հետո, փոխանակ հարվածողը կալանավորվեր, կալանավորվում է հարված ստացած, հիվանդ պատանին: Եվ պարզվում է, որ առաջինը կատարում է իր պարտականությունը: Ի՞նչ է սա՝ եթե ոչ Նիկոլի օրոք հանցագործության ինստիտուցիոնալիզացում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում Tue, 14 Apr 2026 14:15:46 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով