Լեգենդար ֆիլմ, որն արժե դիտել

Լեգենդար ֆիլմ, որն արժե դիտել

Tue, 14 Apr 2026 21:00:19 +0400


Սովետա-ֆրանս-շվեյցարական արտադրության «Թեհրան-43» կինոնկարը կարելի է համարել սովետական կինոարվեստի գլուխգործոցներից մեկը, չնայած այն համատեղ արտադրության է։ Կինոնկարի ռեժիսորներն են Ալեքսանդր Ալովը եւ Վլադիմիր Նաումովը։ Ֆիլմը թողարկվել է սովետական Мосфильм, ֆրանսիական Mediterranee Cinema եւ շվեյցարական Pro Dis Film ընկերությունների կողմից։ Սյուժեի հիմքում երկրորդ աշխարհամարտի շրջադարձից հետո Թեհրանում 1943 թվականին կայանալիք Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ գագաթնաժողովն է։ Ֆաշիստական իշխանություններն ահաբեկիչների խումբ են ուղարկում, որպեսզի խափանեն այդ գագաթնաժողովը։ Այն գլխավորում է գործակալ Շերները։ Այցի պաշտոնական նպատակը մեծահարուստ իրանցու դիակի ուղեկցումն է, որը մահացել էր Շվեյցարիայում։ Այդ մահն ինքնին, սակայն, կազմակերպված սպանություն էր։ Մահացած իրանցու փաստաբանը՝ պարոն Սիմոնը, հանգուցյալի դիակը Թեհրան է տեղափոխում հուղարկավորման գրասենյակի աշխատակցի եւ թարգմանչուհու հետ։

Թարգմանչուհին՝ Մարի Լունին, ծագումով ռուս է։ Տիրապետում է ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆարսի լեզուներին։ Գերեզմանափորի անվան տակ քողարկվում էր Մաքս Ռիշարը՝ իրական մարդասպանը, որին վարձել է գործակալ Շերները։ Ժնեւի օդանավակայանում Մարին ծանոթանում է Անդրեի հետ։ Նա չգիտի, որ Անդրեն սովետական հետախույզ է, որը գաղտնի մեկնում է Թեհրան՝ ապահովելու բանակցությունների անվտանգությունը։ Իրանցու հուղարկավորությունից հետո սպանվում է փաստաբան Սիմոնը։ Նախօրեին փաստաբանն անկեղծանում է, որ իր վստահորդ հարուստ իրանցու մահը պատահականություն չի եղել։

Մարին փրկում է Անդրեին։ Արդյունքում նրանք կարողանում են շատ ջանքեր ներդնել, որպեսզի բարդ ահաբեկչական պլանը ձախողվի, եւ բանակցությունները կայանան։ Շերներն ու մարդասպան Մաքս Ռիշարը կարողանում են խույս տալ հատուցումից։ 1970-ականներին այս իրադարձության նկատմամբ հետաքրքրությունը վերածնվում է, քանի որ ի հայտ է գալիս մինչ այդ կորսված համարվող ժապավեն։ Կինոնկարը 1981 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի եւ դարձել խորհրդային կինովարձույթի ամենադիտված ժապավեններից մեկը։ Այն ունեցել է 47 միլիոն 500 հազար դիտում։ Սովետական կինոյի պատմության մեջ առաջատար կինոնկարի ցանկում այն գրավում է 42-րդ հորիզոնականը։ Ֆիլմում հնչում է Շառլ Ազնավուրի Une vie d’amour երգը։ Նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը, Իգոր Կոստոլեւսկին, Կլոդ Ժադը, Ալեն Դելոնը, Կուրտ Յուրգենսը եւ ժամանակի այլ լեգենդար դերասաններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ․ Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում

Արտակարգ․ Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Wed, 29 Apr 2026 19:58:35 …