«Հրապարակ»․ Պռոշյանի կոնյակն արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք
Wed, 15 Apr 2026 10:45:15 +0400

Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող տարբեր ապրանքների մասով ժամանակ առ ժամանակ սահմանափակումներ են մտցվում։ Դրանք հիմնականում քաղաքական որոշումների արդյունք են, որով Ռուսաստանն իր վերաբերմունքն է հայտնում Հայաստանի իշխանությունների այս կամ այն քայլի հանդեպ: Երբեմն սահմանափակումներ են իրականացնում նաեւ վրացիները` Վրաստանում հավելյալ ստուգումներ սահմանելով իրենց երկրով` տրանզիտով անցնող ապրանքների նկատմամբ:
Սակայն այս պահին «պատժամիջոցներ» կիրառողը Ռուսաստանն է, որը դժգոհություններ ունի Նիկոլ Փաշինյանից եւ իր վերաբերմունքն է արտահայտում նրա վարած քաղաքականության նկատմամբ: Արդյունքում տուժում են հայ գործարարները, դեպի Ռուսաստան ապրանք արտահանող եւ այդ արտահանումից եկամուտ ունեցող մարդիկ: Վերջին շրջանում գրվել է հողով տնկիների, ծաղիկների, կոնյակի, ծխախոտի արտահանման դժվարությունների ու արգելքների մասին։ Ապրանքների ներկրումը սահմանափակող «Ռոսսելխոզնադզորն» անցած շաբաթ հայտարարեց, որ Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքը չի համապատասխանում իրենց ստանդարտներին, եւ զրկեցին լիցենզիայից Ռուսաստանի տարածքում: Ապա տեղեկացանք, որ ջերմուկի հետ կապված մի հին քրեական վարույթ են վերակենդանացրել, եւ չի բացառվում, որ առաջիկայում ջերմուկի ներկրումն արգելեն:
Մեր տեղեկություններով, արդեն իսկ Պռոշյանի գործարանն իր աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է ուղարկել: Իհարկե, դա այս գործարանում պարբերաբար են անում` աշխատակիցներին ուղարկելով իրենց հաշվին չվճարվող արձակուրդ: Նրանց ասում են, որ արտահանման դժվարություններ կան, որոնք ազդում են ընկերության ֆինանսական վիճակի վրա, երբ վիճակը բարելավվի, հետ կկանչեն աշխատանքի։
«Հրապարակ»-ը կապվեց Պռոշյանի կոնյակի գործարանի ներկայացուցիչների հետ եւ հետաքրքրվեց՝ արդյոք այս պահին ե՞ւս աշխատակիցներին հարկադրաբար ուղարկել են չվճարվող արձակուրդ։ Մեր հարցին ի պատասխան, ընկերության հաշվապահությունից մի աշխատակից ասաց․ «Դա թյուր ինֆորմացիա է, հնարավոր է՝ սեզոնին ինչ-որ աշխատակիցներ իրենք են գալիս ու իրենց հաշվին արձակուրդ վերցնում։ Նման դեպք չի եղել, որ մենք խնդրենք աշխատակիցներին, որ իրենց հաշվին արձակուրդ վերցնեն»։ Իսկ հարցին, թե արտահանումներ իրականացվո՞ւմ են այս պահին, ընկերությունն այժմ ի՞նչ դժվարությունների է բախվում, նշեցին․ «Մենք կոնյակ արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք։ Եղել են դժվարություններ, լրիվ փակ չի եղել։ Խնդիրներ եղել են, կան ու կլինեն, մի քիչ` շատ, մի քիչ` քիչ»։
Այս պահին Պռոշյանի կոնյակի մուտքն արգելելու գործընթացն իրականացնող մարմինը Ռուսաստանի ալկոհոլի եւ ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինն է՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը»։ Այս կառույցը հաղորդել է, որ «չպլանավորված» ստուգում է իրականացրել` Ռուսաստան ներմուծվող կոնյակի նմուշների փորձաքննություն, եւ ստանդարտների կոպիտ խախտումներ է արձանագրել: Մեզ հետ զրուցած Պռոշյանի կոնյակի գործարանի աշխատակիցն անդրադարձավ նաեւ այդ հրապարակումներին. «Պռոշյանի գործարանն իր գործունեությունն իրականացնում է միջազգային չափանիշներին ու գործող օրենսդրությանը համապատասխան: Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացի հետ:
Գործարանն աշխատում է բնականոն ռեժիմով, անխափան իրականացնում է արտադրություն, շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ: Գործարանը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ ու ունի որակի կառավարման ու սննդամթերքի անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ»: Բանն այն է, որ Պռոշյանի գործարանը մասնաճյուղեր ունի Ռուսաստանում եւ Ուկրաինայում, հավանաբար, խոսքը վերաբերում է Ռուսաստանում գործող մասնաճյուղին, որին զրկել են լիցենզիայից, բայց դրա մայր գործարանը գտնվում է Հայաստանում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր