Ավետիս Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցում դատարանը չի կողմնորոշվում
Wed, 15 Apr 2026 10:55:14 +0400

Գյումրու փոխքաղաքապետ, ներկայումս քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը երեկ կրկին Երևանում էր․ նա մասնակցում էր իր նկատմամբ հարուցված քրեական գործով ապրիլի 14-ին կայացած դատական նիստին։ Նիստի ընթացքը տեսանկարահանել չի թույլատրվել։
Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Պաշտպանները կրկին առաջարկել են վերացնել կամ փոփոխել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Ավետիս Առաքելյանը մեղադրվում է Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, ինչպես նաև նրան վերագրվում են արդարադատությանը խոչընդոտելու դրվագներ։ Նրա նկատմամբ ավելի վաղ ընտրվել էր խափանման միջոց՝ բացակայելու արգելք։
Դատարանը, սակայն, այս փուլում վերջնական որոշում չի կայացրել։ Քննարկումը հետաձգվել է, և խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 20-ին։
Թեպետ Առաքելյանի մտերիմները թերահավատ են և կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը հատկապես այս փուլում քիչ հավանական է, մանավանդ, որ կան խոսակցություններ, որ նա առաջադրվելու է պատգամավորի թեկնածու «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր