«Հրապարակ»․ Երեւանը` թզուկի գլուխ, մարզերը` մարմին
Wed, 15 Apr 2026 11:15:04 +0400
Հայաստանը նմանվել է թզուկի, որի գլուխը շատ մեծ է, մարմինը՝ փոքր։ Երկրիս գլուխը մայրաքաղաք Երեւանն է, որտեղ կենտրոնացած է բնակչության գրեթե կեսը, արտադրական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական եւ այլ հիմնարկների մեծամասնությունը։ Երեւանում բնակչության կենտրոնանալու հետեւանքով «թզուկի» գլուխն այնքան է մեծացել, որ մարմինը ճկվել` գետնին է գլորվում։ Հայաստանի ամեն իշխանություն բարձրագոչ հայտարարություններ է արել՝ մարզերի համաչափ զարգացման նպատակով մարզերում ենթակառուցվածքների բարելավման, ծրագրերի իրականացման մասին։ Սակայն որտե՞ղ են այդ ծրագրերը, արդյունքը։
Սահմանամերձ գյուղերի տների լույսերից կարելի է գնահատել, թե որքան են արտաքին ու ներքին գաղթի հետեւանքները։ Շատ տներում լույս չի վառվում, տներ էլ կան, որոնցում միայն ծեր ամուսիններ են մնացել կամ միայնակ, ծեր կենսաթոշակառուներ։ Գյուղերում քիչ է երիտասարդությունը, հարսանիքներ քիչ են լինում, դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025-2026 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 15 հազար 468 է։ Տավուշի մարզպետարանի տվյալներով, 23 տարի առաջ՝ 2002-2003 ուսումնական տարում, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում 21 հազար 896 աշակերտ էր սովորում։ Անցած 23 տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 6 հազար 428-ով։ Հանրակրթական դպրոցների աշակերտների թվի նվազման հետեւանքով նվազել է նաեւ այդ դպրոցների շրջանավարտների թիվը։
Տավուշի մարզպետարանի տվյալներով, 2021-2022 ուստարում մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 1124, 2022-2023 ուստարում՝ 1040, 2023-2024 ուստարում՝ 984, իսկ այս տարի Տավուշի հանրակրթական դպրոցները կունենան ընդամենը 666 շրջանավարտ։ Այսինքն՝ վերջին 4 տարում Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների շրջանավարտների քանակը նվազել է 458-ով։ Մարզում բնակչության վերաճ չկա, կամ այն փոքր է, արտագաղթն էլ ոչ մեծ տեմպով շարունակվում է։ Ինչո՞ւ են բնակիչները հեռանում Տավուշից, հիմնականում՝ սահմանագոտուց: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել, սահմանամերձ գոտու բնակիչները տեսնում են, որ խաղաղության պայմանագիր կնքված չէ, սահմանամերձ տարածքներն օկուպացված են, Տավուշի սահմանագոտուց հազարավոր հեկտարներ դեռեւս 1990-ական թվականներից գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո, 2024-ին Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո սահմանազատման գործը կանգ է առել։ Սակայն գաղթի հիմնական պատճառը դա չէ, մարդիկ արտագաղթում են հիմնականում մշտական զբաղվածություն, եկամտի կայուն աղբյուր չունենալու պատճառով։ Տավուշից տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան։ 1-2 տարի այնտեղ սեզոնային աշխատանք կատարելուց հետո որոշում են իրենց ընտանիքներն էլ տեղափոխել այնտեղ, հիմնական բնակություն հաստատել։ Նախկինում տավուշցիները հազվադեպ էին Ռուսաստանում հուղարկավորում իրենց ծնողներին, հանգուցյալներին հուղարկավորման համար տեղափոխում էին Հայաստան, իսկ այժմ ծնողներին Ռուսաստանում հուղարկավորելը սովորական երեւույթ է դարձել։
Օրինակ, Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղից գաղթածները Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում այնքան շատ են, որ նրանք այդ քաղաքը կատակով Նովի Ոսկեպար են կոչում։ Բերդ համայնքի Մովսես եւ այլ բնակավայրերից վերաբնակները Մոսկվայում են հիմնավորվել։ Ասում են, որ Մոսկվա քաղաքում ու Մոսկվայի մարզում սանտեխնիկայի վաճառքի 10 տոկոսը Բերդ համայնքից սերված գործարարներն են իրականացնում։ Արտագաղթին ավելանում է ներքին տեղաշարժը։ Գյուղերից եկած երիտասարդները Երեւանում լավ վարձատրվող աշխատանք են գտնում, հիպոթեքով բնակարան են գնում, իրենց տնեցիներին էլ աստիճանաբար տեղափոխում այնտեղ։ Վերջին տարիներին համայնքներում սուբվենցիոն ծրագրերով ճանապարհներ են սալիկապատվել, ասֆալտապատվել, խմելու, ոռոգման ջրագծեր անցկացվել, սակայն բնակիչներին եկամտաբեր աշխատանք է հարկավոր։ Անասնապահությունը եկամտաբեր չէ, եթե մեծ թվով անասուններ չեն պահում, հողագործությունը, այգեգործությունն էլ ապահովագրված չեն երաշտից ու կարկտահարությունից։ Համայնքներից գաղթը կանխելու համար հարկավոր է պետական եւ այլ աջակցությամբ փոքր արտադրություններ ստեղծել գյուղերում, որը, սակայն, չի արվել ու չի արվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր