Լիբանան-Իսրայել պատմական բանակցություններ․ «Հզբոլլահը» կզինաթափվի՞
Wed, 15 Apr 2026 11:30:06 +0400

ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների միջև երկժամյա հանդիպումից հետո Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը լիակատար գոհունակություն է հայտնել բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
Իսրայելցի դիվանագետը նշել է, որ բանակցությունները «գերազանց» են եղել, և որ երկու կողմերն էլ լիովին համաձայն են «Հզբոլլահին» զինաթափելու անհրաժեշտության հարցում։ «Իսրայելն ու Լիբանանը նույն կողմում են», – ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հայտարարել է Լեյթերը։
Իսրայելցի դեսպանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում հրադադարի հարցը չի բարձրացվել. ուշադրության կենտրոնում են եղել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների անվտանգության երաշխիքները։ Լեյթերը նաև նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Ֆրանսիային մասնակցել բանակցություններին՝ ասելով, որ դա «անհրաժեշտ» է և կարող է միայն վնաս հասցնել։
Լիբանանի դեսպան Նադա Համադեն նույնպես նշել է, որ հանդիպումը «լավ» է անցել և շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին հարթակ տրամադրելու և բանակցությունները կազմակերպելու համար։
Բանակցություններից հետո Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները համատեղ հայտարարություն են տարածել։
Փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները շնորհավորել է երկու երկրներին այս «պատմական հանգրվանի» կապակցությամբ, աջակցել է Լիբանանի կառավարության՝ ուժի կիրառման մենաշնորհը վերականգնելու և Իրանի գերիշխող ազդեցությունը վերացնելու ծրագրերին, վերահաստատել է Իսրայելի՝ «Հզբոլլահ»-ի հարձակումներից պաշտպանվելու իրավունքի աջակցությունը և ընդգծել, որ «ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է կնքվի երկու կառավարությունների միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ, և ոչ թե որևէ զուգահեռ ճանապարհով»։
Իսրայելը «աջակցություն է հայտնել բոլոր ոչ պետական ահաբեկչական խմբավորումների զինաթափմանը և Լիբանանում ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքների ապամոնտաժմանը, և վերահաստատել է Լիբանանի կառավարության հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ երկու երկրների ժողովուրդների անվտանգության շահերից ելնելով այս նպատակին հասնելու համար»։
Լիբանանը վերահաստատել է «2024 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հռչակագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածքային ամբողջականության և պետական լիակատար ինքնիշխանության սկզբունքները, և կոչ է արել հրադադարի և կոնկրետ միջոցառումների ընդունման՝ երկիրը շարունակվող հակամարտության հետևանքով շարունակվող մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար»։
Բոլոր կողմերը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ համաձայնեցված ժամանակին և վայրում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր