Ի՞նչ անելիք ունեն իշխանությունները մշակույթի ոլորտում
Wed, 15 Apr 2026 20:15:37 +0400

Աշխարհի որեւէ պետության իշխանությունների համար ամենից կարեւոր ուղղություններից մեկը թերեւս մշակութային քաղաքականությունն է, որոնք նրանք վարում են թե երկրի ներսում, եւ թե դրսում։
Մշակութային քաղաքականությունը հատկապես կարեւոր է այժմ՝ վերադասավորվող եւ նոր աշխարհակարգի ձեւավորման փուլում գտնվող աշխարհում, երբ նախկին աշխարհակարգը գործնականում արդեն կարելի է ասել հասել է իր հոգեւարքի վերջին հանգրվանին, իսկ նոր աշխարհակարգը դեռ նոր պետք է ձեւավորվի։
Մշակութային քաղաքականությունը կարեւոր է հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում, որպես ինքնության եւ արժեքային համակարգերի պահպանման բաղադրիչներից մեկը։
Ներկայացնենք պետական մշակութային քաղաքականության մասին ռուսական ներկայիս պետական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներից Վլադիմիր Մեդինսկու հայացքներից մի քանի դրվագ։ Մեդինսկին ակտիվ մշակութային քաղաքականության վարման կողմնակից է։ Ըստ նրա՝ պետության համար մշակույթը ինքնության եւ արժեհամակարգային հիմնասյուներից է։ Ընդ որում, մշակույթ ասելով չպետք է սահմանափակվել, օրինակ, արվեստով կամ գրականությամբ։
Մշակույթը շատ ավելի լայն ոլորտ է, որը ներառում է սկսած պատմական սիմվոլիկայից մինչեւ կոլեկտիվ հիշողություն, լեզու եւ ավանդույթներ։ Այս համատեքստում կարեւոր է, որ պետական իշխանություններն աջակցեն պետական/ազգային մշակութային կառույցներին, զարգացնեն հումանիտար-պատմական կրթությունը, զբաղվեն մշակութային ժառանության պահպանմամբ՝ որպես հանրային միասնության եւ համերաշխության հիմնաքարերից մեկը։ Սա նշանակում է, որ պետական իշխանությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա մշակույթի ոլորտում, հանդես գա մշակութային տարածքի ձեւավորման նախաձեռնող, որտեղ մշակութային քաղաքականությունը ոչ միայն վարչարարական գործառույթ պետք է ունենա, այլ դառնա պետական/ազգային զարգացման ռազմավարական բաղադրիչ։
Ընդ որում, ինչը հատկապես ուշագրավ է․ Մեդինսկին իր աշխատություններում, հոդվածներում եւ հանրային խոսքում մշակույթը դիտարկում է որպես «փափուկ ուժ», որը կարելի է կիրառել պետական իշխանությունների կողմից՝ իր սահմաններից դուրս։ Եթե Մեդինսկու գաղափարները պրոյեկտենք արդեն Հայաստանի իրականության վրա, ապա պետք է թերեւս կարեւորել նաեւ մշակութային վարելիք քաղաքականությունում Սփյուռքի ներգրավումը եւ հայապահպանությունը։ Մեդինսկին իր մշակութային քաղաքականության հայացքներում ներկայացրել է մեխանիզմների մի ողջ համակարգ, որը ներառում է արդեն այդ քաղաքականության գործնական իրականացումը՝ սկսած մշակույթի մեջ ֆինանսական ներդրումից մինչեւ առանձին կոնկրետ դետալներ։ Սա կարեւոր է, որովհետեւ ինչպես կրթությունը, այնպես էլ մշակույթը պետության հարատեւման ու զարգացման անկյունաքարերից են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր