Ապրիլի 17-ին կարող է փոխվել քաղաքական մարտավարությունը
Wed, 15 Apr 2026 20:30:41 +0400

Այսօր լրագրողները դատական նիստից հետո Սամվել Կարապետյանին երկու հարց ուղղեցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր շանսերը» և «Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից»։
Սամվել Կարապետյանի պատասխանն էր՝ «Մի քանի օրից հետո կասեմ», երկրորդ հարցին՝ «Չի կարելի»։
Փակ պատասխան է, բայց փակ դռանն էլ կարելի է մոտենալ ու փորձել բացել։ Ի՞նչ է սա նշանակում։ Երբ քաղաքական գործիչը ներգրավված է դատական գործընթացում, նրա յուրաքանչյուր բառ կարող է՝ օգտագործվել իր դեմ, սխալ մեկնաբանվել, դառնալ լրացուցիչ ճնշման միջոց։
«Չի կարելի»-ն նշանակում է․ «Ես չեմ ուզում հիմա որևէ բան ասել, որովհետև դա կարող է վնասել ինձ կամ գործին»։ Սա մարտավարական, պաշտպանական քայլ է։ Չափազանց զգուշավոր պատասխան այն իշխանության համար, որը բառաորսությամբ է զբաղվում։ «Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր շանսերը» հարցի պատասխանը իրավիճակին հարմարվելու մարտավարություն է՝ ինքը «չի միջամտում արդարադատությանը»։ Մի քանի օրից կասեմ» -ի ենթատեքստը ուղղակի բաց է։ Նա իր քաղաքական հայտարարությունը կապում է դատարանի վճռի հետ։ Որովհետև այդ վճիռն է որոշելու՝ ինչ ռեսուրսներով ու կարգավիճակով է մտնելու քաղաքական պայքարի մեջ։ Կարելի է հասկանալ այսպես՝ «Կսպասեմ դատական որոշմանը, հետո կասեմ՝ ինչ եմ անում»։ Սա դասական դիրքավորում սցենար է։
Ի վերջո, սա հաշվարկ է, ժամանակի ճշգրիտ ընտրություն, դիրքավորում։ Բայց այդ հաշվարկի իրական շրջանակը ձևավորվում է դատարանի ներսում։
Եվ հենց դատարանի որոշմամբ էլ պարզ կդառնա՝ ինչպես է վերադասավորվում քաղաքական այս շղթան։
Դատարանի նիստից հետո հնչած պատասխանները կրկին ակտուալացրել են քաղաքական հաջորդ քայլի հարցը։
Ապրիլի 17-ը կարող է դառնալ այն կետը, որտեղ որոշվում է հետագա մարտավարությունը։ Խափանման միջոցի չփոփոխման դեպքում քաղաքական մարտավարությունը կարող է փոխվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր