Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

«Հրապարակ». Կովերի արհեստական սերմնավորման ծրագիրը տապալել են

«Հրապարակ». Կովերի արհեստական սերմնավորման ծրագիրը տապալել են

Thu, 16 Apr 2026 12:45:25 +0400


1990-ականների սկզբին Հայաստանում գյուղատնտեսական կենդանիները փոխանցվեցին գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, եւ ապակենտրոնացված, մասնատված նախիրներում հնարավոր չէր իրականացնել տոհմասելեկցիոն աշխատանքներ: Մասնավորեցվեցին նաեւ մինչ այդ գործող տոհմակայանները եւ արհեստական սերմնավորման կայանները, որի հետեւանքով կովերի արհեստական սերմնավորման աշխատանքներ գրեթե չէին իրականացվում: Կառավարության աջակցությամբ 1998-2008 թվականներին մասամբ վերականգնվեց արհեստական սերմնավորման գործընթացը, որի շնորհիվ տարեկան սերմնավորվում էր 10-15 հազար կով։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 2008 թվականից մինչ օրս կովերի արհեստական սերմնավորման տարեկան ծավալները տատանվում են 17-20 հազարի սահմաններում եւ իրականացվում են հիմնականում խոշոր տնտեսություններում (100 կովից ավելի), որոնցում կենտրոնացված է հանրապետությունում բուծվող տավարի ընդամենը 10%-ը:
Կառավարության կողմից այժմ իրականացվող մթերատվության բարձրացման ծրագիրը կրում է փորձնական բնույթ, որի նպատակն է՝ 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը եւ կառավարության աջակցությամբ փոխհատուցել 25 հազար 280 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։ Տավուշի մարզպետարանը 2024-ին մրցույթ է հայտարարել մարզում՝ 1410 կովերի արհեստական սերմնավորման համար։ Մրցույթն անցկացվել է կառավարության 2024 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ հաստատված՝ Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում։ Ծրագրով նախատեսված էր յուրաքանչյուր կովի սերմնավորման համար սերմնավորողին փոխհատուցել 10 հազար դրամ (եւս 5 հազար դրամ վճարում է անասնատերը)։ Մրցույթին կարող էին մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ եւ համապատասխան մասնագետներ, նաեւ՝ հարկային եւ վարկային դրական պատմություն։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ․ դեկտեմբերի 12-ն էր, սակայն մրցույթը չի կայացել՝ հայտեր չեն եղել։ Մարզպետարանը նոր մրցույթ է հայտարարել 2025թ․ փետրվարին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե որ կազմակերպությունն է հաղթել մրցույթում։ Մարզպետարանից պատասխանել են․ «Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման վերաբերյալ մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Դավիթ Նավասարդյանը։ Պայմանագրի կնքման աշխատանքներն ընթացքի մեջ են»: Հետո մարզպետարանից տեղեկացա, որ Դավիթ Նավասարդյանի հետ մարզի 1410 կովի արհեստական սերմնավորման մասին պայմանագիր չի կնքել, 2025 թվականին Տավուշի մարզում կովերի արհեստական սերմնավորում չի եղել։

2026 թ․ ապրիլի 10-ին Բերդի համայնքապետարանի ինտերնետ կայքում հայտարարություն է զետեղվել այն մասին, որ պետական աջակցությամբ իրականացվող «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում Բերդ համայնքի անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների համար ընձեռվում է բացառիկ հնարավորություն՝ խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման գինը 5 հազար դրամ է, այդ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել՝ զանգահարելով հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով: Բայց նշված գինը կգործի սահմանափակ գլխաքանակի համար։ Զանգահարեցի հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով, զրուցեցի Բերդի անասնաբույժ Սամվել Նավասարդյանի հետ։ Նա ասաց, որ Դավիթ Նավասարդյանն իր որդին է, նաեւ հայտնեց, որ ծրագիրը եռակողմ է իրականացվում՝ էկոնոմիկայի նախարարություն, Բերդի համայնքապետարան եւ ԱՁ։ Ասաց, որ անասունների արհեստական սերմնավորում իրականացնելու են միայն Բերդ համայնքում, արդեն իրականացրել են 8 կովի արհեստական սերմնավորում։ Յուրաքանչյուր եռամսյակի վերջում սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները կովերից արյան նմուշառում կատարելով ստուգելու են իրենց կատարած աշխատանքը, պարզեն՝ կովերը հղիացե՞լ են, թե՞ ոչ։ Նա հավելեց, որ արհեստական սերմավորվող ամեն կովի հաշվով պետբյուջեից անհատ ձեռներեցին տրվելու է 10 հազար դրամ, որից 3 հազարը պետական տուրք են վճարելու։ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսել էր 2025-ին Տավուշում արհեստական սերմանավորել 1410 կով, սակայն դա չարվեց, 2026-ին Տավուշում կսերմնավորվի ընդամենը 50 կով, այն էլ՝ միայն մարզի 4 համայնքներից մեկում՝ Բերդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեկ իսկապես զգացել եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը

Երեկ իսկապես զգացել եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը Wed, 15 Apr 2026 13:50:16 +0400 «Ես ուզում եմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով