Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Ռուսական ազդեցության հետք են սարքում

Ռուսական ազդեցության հետք են սարքում

Thu, 16 Apr 2026 18:15:53 +0400


Իշխանությունը նպատակաուղղված փչում, ուռճացնում է ընտրակաշառքի փուչիկը: Հակակոռուպցիոն կոչվող կոմիտեն ինչ-որ ձայնագրությունների հիման վրա գործ է սարքում ընդդիմադիր երկու կանանց նկատմամբ, իսկ իշխանության հաստիքային քարոզիչ Դանիել Իոաննիսյանը դրանից առաջ գրում է Հայաստան իբր 100+ միլիոն դոլար կանխիկ գումար բերելու մասին, որը պետք է օգտագործվի ընտրությունների ֆինանսավորման համար: Ընտրությունների ժամանակ ընտրակաշառք միշտ բաժանել է իշխանությունը, ընդդիմությունը փող բաժանելու հնարավորություն չունի, քանի որ գտնվում է իշխանության համար աշխատող, այսպես կոչված, իավապահ, իրականում՝ իշխանապահ մարմինների հսկողության տակ:

Ընդդիմությունը նաեւ կարիք չունի ընտրակաշառք բաժանելու, ընտրակաշառք են բաժանում միայն այն դեպքում, երբ վարկանիշդ այնքան ցածր է, որ ընտրողները պատրաստ են գնալ եւ քվեարկել միայն նյութական շահագրգռվածության դեպքում: Հիմա բոլորի համար տեսանելի է, որ ցածր է իշխանության վարկանիշը. քաղաքացին կանգնում՝ Փաշինյանի դեմքին ասում է, որ իր ընտանիքում 10 ընտրող կա, եւ նրանցից ոչ մեկը ՔՊ-ի օգտին չի քվեարկելու, մարդիկ Փաշինյանին տեսնելիս իրենց տան դուռն ու լուսամուտներն են փակում, որ նա ներս չմտնի եւ չպղծի իրենց օջախը, Երեւանի կենտրոնում` Ազատության հրապարակում, ընդդիմությունը մի քանի տասնյակ հազար մարդու մասնակցությամբ հանրահավաք է կազմակերպում, այն դեպքում, երբ Փաշինյանը նույնիսկ մի քանի հարյուր մարդ չի կարող առանց բռնության մի տեղ բերման ենթարկել: Ինչո՞ւ պետք է ընդդիմությունն ընտրակաշառք բաժանի, երբ առանց դրա էլ կարող է հաղթել իշխանությանը:

Իշխանությունը եւ նրա քարոզիչներն այդքան խոսում են ընտրակաշառքի մասին, թե իբր ընդդիմությունը մարդկանց ընտրակաշառք է բաժանում, բայց չեն կարող ցույց տալ գոնե մի դեպք, գոնե մի մարդու, որ կարող է ասել, որ իրեն փող են տվել կամ անվճար ծառայություն են մատուցել՝ պայմանով, որ դրա դիմաց նա պետք է գնա եւ ընտրի որեւէ կուսակցության: Նման դեպք չկա, որեւէ ձայնագրություն` իրական կամ սարքովի, չկա:

«Մենք ստացել ենք տեղեկություններ, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր: Մենք ունենք տեղեկություններ, որ Երեւանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք (նախկին բարձրաստիճան պաշտնյայի լայն շրջապատ) համատարած կերպով 1-2 օրով թռնում են արտերկիր ու վերադառնալիս ձեռքի ուղեբեռում կանխիկ են բերում»,- գրում է իշխանության հաստիքային քարոզիչ Դանիել Իոաննիսյանը: Եթե այդպիսի տեղեկություններ կան, ինչո՞ւ փաշինյանապահապան ծառայությունները չեն բացահայտել նման մի դեպք, նախկին պաշտոնյայի շրջապատից որեւէ մեկը կանխիկով չի կալանավորվել, այլ ձերբակալվել են կանայք, որոնցից մեկի մեղքն այն է, որ խոստացել է իր ներկայացուցչին ուղարկել գործարան, որը կտեսնի, թե ինչպես կարող են օգնել, որ այն արտադրություն սկսելու պատվեր ստանա, սա ներկայացնելով ծառայություն մատուցել: Իոաննիսյանը գրում է ինչ-որ դեպքի մասին, երբ կալանավորել են մեկին, որը 47 միլիոն ռուբլի է բերել Հայաստան՝ ակնարկելով, որ դա Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտություն է: Եթե չգիտեն, ասենք, որ նախ 47 միլիոն ռուբլին ընդամենը 500 հազար դոլարին մոտ գումար է, այլ ոչ թե մի քանի հարյուր միլիոն դոլար։ Բացի դա, ռուբլի բերելը ոչ մի կապ չունի ընտրությունների ֆինանսավորման հետ, ռուբլին բերում են Հայաստանում դոլար գնելու եւ դոլարը Ռուսաստան տանելու համար: Ռուսաստանում Հայաստանի նման փոխանակման կետեր չկան, կանխիկը կարելի է փոխանակել միայն բանկերում, խիստ հսկողության տակ, եւ այն մարդիկ, ովքեր ունեն կանխիկի խնդիր, փորձում են կանխիկ ձեռք բերել երկրից դուրս: Ռուսաստանն ինքը օրենք ունի, որով թույլ չի տալիս 10 հազար դոլարը գերազանցող գումարը կանխիկով դուրս տանել: Անցյալ տարի Վրաստանում նման մի դեպք բացահայտվեց` մի շատ աննշան փոխանակման կետում մոտ 600 միլիոն ռուբլի գումար գտան, որը բերվել էր՝ էլի դոլար դարձնելու եւ Ռուսաստան տանելու համար եւ ոչ մի կապ չուներ ընտրությունների ֆինանսավորման հետ:

Իշխանությունը եւ նրա քարոզիչները տեսնում են, որ կորցրել են հանրային աջակցությունը, արդար եւ ազատ ընտրություններով իրենք հաղթելու եւ իշխանություն պահելու հնարավորություն չունեն: Միակ հույսն ընտրությունները կեղծելն է կամ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելը: Կա երկու սցենար. կա՛մ մինչեւ ընտրությունները ընտրակաշառքի թեման ուռճացնելով արգելել հիմնական ընդդիմադիր ուժերին՝ մասնակցել ընտրություններին, կա՛մ կազմակերպել ընտրություններ, եւ երբ պարզվի, որ իշխանությունը պարտվել է, չեղարկել դրանց արդյունքները՝ հիմք ընդունելով ընտրությունների արդյունքների վրա ռուսական հարյուր միլիոնավոր ռուբլիների ազդեցությունը: Այս երկու տարբերակն էլ փորձարկվել է. 2024 թվականին Ռումինիայում չեղարկվեցին նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանցում հաղթում էր ԵՄ-ի համար ոչ ընդունելի Քելին Ջորջեսկուն, իսկ հաջորդ տարի Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արգելեցին ընտրություններին մասնակցել ընդդիմադիր կուսակցություններին: Երկու դեպքում էլ՝ թեկնածուի կամ կուսակցության գործունեության մեջ ռուսական հետքի կամ ազդեցության հայտնաբերման հիմնավորմամբ: Հիմա ընդամենը այդ հետքն են սարքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ջրամբարների կառուցման խոստումներն ամբողջությամբ տապալել են

«Հրապարակ». Ջրամբարների կառուցման խոստումներն ամբողջությամբ տապալել են Tue, 12 May 2026 12:15:34 +0400 21-րդ դարում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով