Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի

Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի

Sat, 18 Apr 2026 17:15:29 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն է։

– Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ մի ամբողջ ընդդիմադիր հանրույթ շուն ու շանգյալներից է կազմված։ Ըստ Փաշինյանի՝ բոլոր նրանք, ովքեր իրենց քվեն տալու են ընդդիմությանը՝ ծախվածներ են և իրենց քվեն տալու են հանուն փողի։ Այս հայտարարություններին ի՞նչ գնահատական կտաք։

– Նրա խնդիրն այն է, որ բոլորը խոսեն իր մասին։ Դա իր փիար թիմի նպատակն է։ Նիկոլ Փաշինյանի զեղումները, որոնք սովորաբար լինում են Ազգային ժողովում, մեկնաբանելը համարում եմ անշնորհակալ գործ։ Նա երկրի թիվ մեկ ամբիոնը դարձրել է իր փիար ակցիայի հիմնական հարթակը։ Նա ամեն անգամ նույն բանն է անում՝ ԱԺ ամբիոնից։ Կարծում եմ, որ Փաշինյանի խոսույթի մի մասը պայմանավորված է նրանով, որ նրա հետ են աշխատում փիար թիմեր, սակայն լինում են դեպքեր, երբ նա իսկապես չի կարողանում տիրապետել իր նյարդերը և անհավասարակշիռ վիճակում է հայտնվում։ Այնուամենայնիվ այս մարդու նպատակը դաշտը լցնելն է, դաշտը լցնել՝ նեգատիվով, տարօրինակությամբ, մարդկային տրամաբանությանը դեմ խոսույթով, վիրավորանքներով և այլն։ Նա անում է ամեն բան, որպեսզի ընդդիմությանը ներքաշի մի տեղ, որտեղ իրեն հավասարը գոյություն չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք ընդդիմությանը այդ խոսույթով Փաշինյանի հետ մրցելիս։ Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի, գա խոսի պետության, պետական կառավարման հարցերի և տեսլականի մասին, մենք իրեն առաջարկում ենք, որպեսզի մեզ հետ մրցակցեն գաղափարով, մտքով, պետությունը կառավարելու հմտություններով, հայրենիքի հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքով, պատմական հիշողությունը պահպանելու կամքով, մենք դա ենք առաջարկում, սակայն այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, շատ վատ բան է։

– Դուք ասում եք, որ Փաշինյանի նպատակը նման հայտարարություններով հաջողության հասնելն է, բայց արդյո՞ք հանրության մի ահռելի զանգվածին վիրավորելը օգնում է նրան։ Կարծես, հակառակ պատկերն է, մարդիկ շատ զայրացած են․․․․

– Ճիշտ է, բարկանում են մարդիկ, բայց այս մարդը իր էլեկտորատի համար է աշխատում։ Նա այսօր էլեկտորատին պահպանելու խնդիր ունի։ Նա գիտի, որ իր էլեկտորատի սահմանները չի կարողանալու մեծացնել։ Նա հստակ ամրապնդում է իր էլեկտորատը։ Նրան հավատարիմ էլեկտորատը բավականին կազմակերպված ընտրությունների է գնալու։ Մենք՝ ընդդիմադիրներս խնդրում ենք ժողովրդին, տեսլականներ ու ծրագրեր ենք առաջարկում, որպեսզի գնան ընտրության, Փաշինյանը չունի այդ խնդիրը։ Նրա խնդիրն իր էլեկտորատն ամրապնդելն է։ Ինչու, որովհետև կան ուժեր, որոնք կարող են Նիկոլից քվեներ պոկել և տանել իրենց դաշտ։ Միաժամանակ նա փորձում է երկրի մթնոլորտը դարձնել գաղջ ու գարշելի, որպեսզի նաև այն մարդիկ, ովքեր այլընտրանք են ուզում, լինեն թևաթափ և պասիվություն դրսևորեն գալիք ընտրություններում։ Նրա արարքները չի կարելի որակել որպես հոգեկան անհավասարակշիռ մարդու արարքներ։ Նա հրաշալի գիտի, թե ինչ է անում։ Նա ռիսկ է անում, շատ տատանվողներ, այո, իրենից հեռանում են, սակայն իր խնդիրը դա չէ։ Իր խնդիրը այն է, որ 25-28 տոկոս էլեկտորատն ամրապնդվի։ Նա ամեն գնով փոքրացնում է մասնակցության թիվը գալիք ընտրություններում, որպեսզի իր շանսերը մեծանան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրողներին հոգնեցնելիս՝ վախեցեք անակնկալից

Ընտրողներին հոգնեցնելիս՝ վախեցեք անակնկալից Sat, 18 Apr 2026 17:45:33 +0400 Մենք գորովանքով ու սիրով չենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով