Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Չընտրողների եւ ընտրողների տարբերությունը

Չընտրողների եւ ընտրողների տարբերությունը

Tue, 21 Apr 2026 19:15:13 +0400


Հայկական մի հին ասացվածք կա. «Ներսը՝ սատանա․ դուրսը՝ քահանա․․․»։ Լավագույն օրինակը մեր այսօրվա իշխանապետն է։ Մեզ վախեցնում է պատերազմով, իսկ մեր հարեւանի սիրտն ուզում է գրավել «սրտիկ» սիմվոլիկաներով, կանաչ ճանապարհ բացելով նրա առաջ։ Այն էլ այնպիսի մի հարեւանի, որը, ի տես սրանց քարոզած կրավորական խաղաղասիրական կոչերին, ոգեւորությունից գլուխը կորցրած, Հայաստանը դիտում է՝ ոչ ավել, ոչ պակաս, «Արեւմտյան Ադրբեջան»: Նա, իհարկե, այդպիսի հիմարաբանություններ ասել է նաեւ Իրանի Ադրբեջան նահանգի վերաբերյալ՝ այն կոչելով «Հարավային Ադրբեջան»․․․

Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ստալինը Հիտլերի հետ կնքած խաղաղության պայմանագիրը հիմք ընդունելով՝ երկար ժամանակ չէր հավատում այն զեկույցներին, որ նացիստական զորքերն արդեն հատել են Սովետական Միության սահմանը։ Բռնակալների ախորժակը ո՛չ պայմանագիր է ճանաչում, ո՛չ էլ բարիդրացիական հարաբերություններ։ Նրանց նկրտումներն ավելի են ճոխանում, հատկապես՝ հեշտությամբ ձեռք բերված առաջին հաղթանակներից հետո։ Այնպես որ, մեր ներկա իշխանավորների այս կարգի քարոզչությունը ոչ թե խաղաղասիրական մնայուն կամ հուսալի հայեցակարգ է, այլ էժանագին հնարք՝ ժողովրդին ահաբեկելով հավելյալ քվեներ կորզելու նպատակով, ուրիշ ոչինչ․․․

Իրանի ժողովուրդը ցավով է հիշում իր անցյալի թագավորներից մեկին՝ 18-րդ դարի շահ Սուլթան Հուսեյնին ու նրա քարոզած ապուշ խաղաղասիրությունը։ Նրա օրոք հարեւան Աֆղանստանի ղեկավար Մահմուդ Աֆղանը, տեսնելով նրա ապիկարությունները, ձեռնարկեց հարձակում Իրանի դեմ։ Պատմաբանների վկայությամբ, ամեն անգամ, երբ թագավորին հաղորդում էին թշնամու՝ նահանգ առ նահանգ դեպի մայրաքաղաք Իսպահան առաջանալու լուրը, նա ընդամենը խորհուրդ էր տալիս՝ հեռու մնալ պատերազմելուց եւ դիմադրություն ցույց տալուց՝ ասելով, որ պետք է բավարարվել նրանով, ինչ ունեն։ Մինչեւ որ թշնամին հասավ նրա պալատի դռներին։ Շահ Սուլթան Հուսեյնը ստիպված «մեծահոգաբար» վերցրեց իր գլխի թագն ու դրեց թշնամու գլխին՝ ասելով․ «․․․Եղբայր, ես կռիվ չունեմ տալու, այս թագը մինչեւ հիմա իմ գլխին էր, թող այսուհետ քո գլխին լինի, ի՞նչ է եղել որ, բոլորս էլ Աստծո ստեղծած խաղաղասեր մարդիկ ենք․․․»: Եվ նա դարձավ Շահ Աբաս Մեծի ապիկար ժառանգորդն ու պատմության գիրկն անցավ որպես Իրանի անարժան թագավորներից մեկը։ Իսկ երկիրն ամբողջ 12 տարի հանձնվեց աֆղան հրոսակների քմահաճույքին։

Բռնակալներն այդպես են։ Հեշտությամբ ձեռք բերված հաղթանակը նրանց հղփացնում է։ Նույն ախտով էլ տառապում է մեր այսօրվա իշխանավորը։ Նախորդ անգամ վերընտրվելն այնքան է ոգեւորել նրան, որ կարծում է, թե այս անգամ էլ նույնն է լինելու։ Թեեւ կողքից նրան հիշեցնողներ կլինեն, որ դա ընտրություն չէր, այլ ժողովրդի մեծամասնության կողմից չընտրություն էր` ընդամենը 25 տոկոսով վերընտրվեցին։ Նա հույս ունի, որ այս անգամ էլ պատերազմի սարսափով կհաջողի նույն չընտրողներին տանը պահել, իսկ իր աջակիցները, եթե համարենք, որ նույն քանակի են (իսկ բավարար տեղեկություն կա, որ դա այդպես չէ), անպայման մեջտեղ են իջնելու:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա եւ ընդունի, որ երկրի ապագան վերացական գաղափար չէ․ այն ձեւավորվում է հենց այսօր՝ մեզնից յուրաքանչյուրի ընտրությամբ, մասնակցությամբ ու անտարբեր չլինելու կամքով։ Երբ մենք գիտակցաբար ենք մոտենում մեր որոշումներին, հասկանում ենք, որ յուրաքանչյուր ձայն արժեք ունի եւ կարող է ազդեցություն ունենալ վաղվա իրականության վրա։ Այդ պատճառով կարեւոր է չմնալ կողքից դիտորդ, այլ լինել գործընթացի ակտիվ մասնակից։ Գնալ ընտրության, հստակ արտահայտել մեր դիրքորոշումը եւ տեր կանգնել մեր ձայնին՝ նշանակում է պատասխանատվություն կրել մեր երկրի ապագայի համար։շ

Վահան Դարբինյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով