Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Շան հաչոցից արթնացել են ու հրդեհը մարել

Շան հաչոցից արթնացել են ու հրդեհը մարել

Tue, 21 Apr 2026 23:15:56 +0400


Էջմիածնում, էլեկտրաէներգիայի տատանումներից բազմաթիվ ընտանիքներ նյութական կորուստներ են կրել։ Երրորդ մաս կոչվող թաղամասում, որտեղ 10-ից ավելի փողոց կա, նախորդ գիշեր՝ ժամը 2-ից 2։30-ի սահմաններում, երբ մարդիկ քնած են եղել, կարելի է ասել՝ էներգետիկ «հրավառություն» է եղել։

«Գմփգմփոցների ձայնից արթնացա ու, երբ տեսա, որ լույս չունենք, հասկացա՝ տեխնիկաս է գմփոցով վառվել։ Նույնը նաև հարևաններիս տներում է կատարվել։ Դա հասկացա, երբ գիշերվա կեսին նրանց ձայները լսեցի ու դուրս եկա․ հարևաններս նկարագրում էին նույնը, ինչ զգացել էի ես»,-պատմեց Վիկտոր Համբարձումյան փողոցի բնակիչը։

Էլեկտրաէներգիայի վերականգնումից հետո բնակիչները պարզել են, որ այրվել են սառնարաններ, գազի կաթսաներ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, համակարգիչներ և էլեկտրական բազմաթիվ այլ սարքեր։ Դիմել են «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» էլեկտրացանց ընկերությանը՝ փոխհատուցման պահանջով։ «Զանգել, ներկայացրել ենք, որ ամբողջ տեխնիկան վառվել է, ասել են՝ անձնագրերով կգաք, դիմում կգրեք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,-հեռախոսազրույցը փոխանցեց բնակիչը։

Ըստ նրա՝ նախկինում էլ գոհ չեն եղել մատուցած ծառայությունից, բայց գոնե լոգանք ընդունելուց հանգիստ են եղել՝ չվախենալով, որ կեսից ջեռուցման կաթսան կանջատվի։ «Հոսանքի հետ կապված ոչ մի գործ չենք կարողանում անել։ Ոչ մի երաշխիք չկա, որ ասենք՝ մեծ լվացք սկսես, կիսատ չի մնա։ Սրանք այնպես են բարդացրել մեր կյանքը, որ նյարդ էլ չի մնացել, քայքայվել է»,-դժգոհեց զրուցակիցս։

Մեզ տեղեկացրեցին, որ Համբարձումյան փողոցի երկրորդ նրբանցքում նույնիսկ հրդեհ է կանխվել։ Ընտանիքին արթնացրել է շան հաչոցը ու նկատել են, որ մալուխներն այրվում են։

Էլցանցի «Էջմիածին» մասնաճյուղն այժմ ղեկավարում է Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար, կարկառուն ՔՊ-ական, կրիմինալ անցյալով հայտնի Լյուդվիգ Գյուլնազարյանը, ով բոլորովին կապ չունի էներգետիկ ոլորտի հետ։

Հիշեցնենք՝ 2024 թվականին նա մասնակցել էր Երևանում կատարված մի սպանության, անգամ՝ հրազենային վիրավորում ստացել և կուսակցության վերնախավի պահանջով վայր դրել համայնքապետի մանդատը։ Բայց հետագայում նորից մասնակցել էր ընտրությանն ու պարտվել «Միասնություն» դաշինքի անդամ Վալոդյա Գրիգորյանին, որին սպանեցին ընտրվելուց ամիսներ անց։

Իր «կարկառունին» անգործ չթողնելու համար ՔՊ-ն, պարտությունից հետո Գյուլնազարյանին նշանակեց «Էջմիածին» էլեկտրացանցի մասնաճյուղի ղեկավար։ Սա էլ, տիրոջ կամքին հավատարիմ, պաշտոնը ստանձնելուց հետո ազատվեց այլախոհներից՝ հաշվի չառնելով նրանց մասնագիտական հմտությունները, և գործի ընդունեց դելետանտ յուրայիններին։ «Դելետանտների ղեկավարած համակարգում այլ որակ չի էլ կարող լինել»,-ասաց զրուցակիցս։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրդեհ Աշոցք գյուղում

Հրդեհ Աշոցք գյուղում Sun, 10 May 2026 23:45:33 +0400 Մայիսի 10-ին, ժամը 14։31-ին Շիրակի մարզային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով