Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Փորձում է բռնվել փրփուրներից

Փորձում է բռնվել փրփուրներից

Wed, 22 Apr 2026 17:45:09 +0400


ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը կյանքներս կերավ ճանապարհորդելու վերաբերյալ իր խորհրդով: Մարդը աշխարհ է ման եկել ու տեսել է, որ ինձ նման թոշակառունները գոնե տարին մեկ անգամ ճամփորդում են ու որոշել է, որ Հայաստանն այն երկրների շարքին է պատկանում, որոնց քաղաքացիներն ունեն նման հնարավորություն: Իրեն հայտնի կենդանու տեղ դնելով՝ «մոռանում» է, որ ճամփորդելու համար միջին թոշակը ոչ թե պետք է նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցի 1-2 հազար դրամով, այլ անգամներով: 2026 թվականի ապրիլի դրությամբ զամբյուղի արժեքը կազմում է մոտ 61,760 դրամ: Իսկ 20 տոկոս հետվճարով ու ապրիլի 1-ից 10 հազար դրամի բարձրացումով հանդերձ՝ այն չի ձգում 65 հազարի (ուղղակի կլորացնում եմ), այսինքն, մոտ 144 եվրոյի:
Հա, ինչ մնում է կիպրոսյան Լառնակային, ապա գնալը, եթե բախտդ բերի էժան տոմս կարողանաս գնել, իսկապես կարող է արժենալ 1000 դրամ, բայց վերադարձի գումարը հայտնի չէ: Երբ ԱԺ-ում հայտնեց այդ մասին և դահլիճից փորձեց ճշտել վերադարձի պահը, պարզվեց, որ կամ շատ թանկ է կամ չգիտեն: Սակայն իր բնույթին համապատասխան՝ տակից դուրս եկավ՝ հայտարարելով, թե մի այդքան էլ վերադարձի տոմսն է: Սակայն վերադարձի տոմսը կարող է ոչ թե 1000, այլ 5000 կամ 10000 և նույնիսկ 20000 դրամ լինել: Ի դեպ, չալարեցի և գուգլեցի Երևան-Լառնակա-Երևան տոմսի արժեքը: Ապրիլ ամսից տոմսի գինը սկսվում է 18 622 դրամից: Հունվարի 20-ին այն եղել է 8545 դրամ, օգոստոսին կկազմի սկսած 42 874 դրամից: Թե որտեղից է Նիկոլը պեղել 900 դրամանոց տոմսը՝ Աստված գիտի:

Բայց եթե նույնիսկ լինեմ անուղեղ նիկոլական ու իմ թոշակով ապրիլյան այս օրերին գնամ Լառնակա՝ մի ժանի ժամ քաղաքում թրև գալուց հետո չեմ իմանալու հետագա անելիքս: Քանի որ ծովափնյա սեզոնը դեռ չի բացվել, որ ամբողջ օրը լռվեմ ծովափին, գրպանիս պարունակությունն էլ թույլ չի տալու, որպեսզի այն ծախսեմ սրճարանում: Իսկ եթե նաև որոշեմ 1-2 օր մնալ հյուրանոցում կամ հոսթելում, ապա վերադարձից հետո մնացած գումարը կբավարարի ողջ մնացած ամիսը երրորդ օրվա հաց գնելուն (այն մի փոքր ավելի էժան է թարմ հացից)՝ եթե, իհարկե, դրան էլ բավարարի: Ու, ըստ Նիկոլի խորհրդի, «աշխարհի շատ երկրների թոշակառուների նման շատ համեստ ծավալներով ճամփորդելը» աղեստամոքսային տրակտի խնդիրներ կարող է առաջացնել:

Ինչն էլ բուժելու համար ստիպված եմ դիմել անվճար առողջապահական ապահովագրությանը՝ ընկնելով շան օրի: Նախ, ժամերով ամեն մի առանձին բժշկի մոտ հերթիս սպասելով և ապա անվճար սեղորայքի համար դեղատնից դեղատուն քարշ գալով. հիշե՛ք, 65+ տարեկան եմ: Քանի որ, ինչպես արդեն բազմիցս է արձանագրվել մամուլում, դեղատներում կոնկրետ իմ դեղը վերջացել է իմ «գալուց անմիջապես առաջ»: Կամ էլ, եթե աշխատակիցներն ավելի ազնիվ են, խորհուրդ կտան դրա վրա ժամանակ ու ջանքեր չծախսել, քանի որ անվճար դեղը լինում է միայն չմշակված ապահովագրությունը նախաձեռնածների գլխում՝ նմանվելով անվճար պանրի: Իսկ որտե՞ղ է լինում անվճար պանիրը, գիտե՞ք: Այո, «անվճար պանիրը լինում է միայն թակարդում»,- արձանագրում է արհեստական բանականությունը:

Էն, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը սովորություն ունի իր «սիրելի» ժողովրդին հիմարի տեղ դնելու, դա նորություն չէ: Եվ ոչ էլ բացառություն է: Բայց թե ինչու է որոշել այդ առումով մանիպուլյացնել՝ դժվարանում եմ հասկանալ: Եթե մարդիկ չդիմեն 900-1000 դրամով Լառնակայի տոմս գնելուն, կհարցնի՝ «իսկ դու, սիրելի հայրիկ (կամ սիրելի պապիկ), դիմել ես»: Ու բացասական պատասխան ստանալով՝ կասի՝ այ, տեսնում եք: Բայց, դա, ոնց հասկանում եմ, չի ավելացնելու հունիսի 7-ին նրան ձայն տվողների քանակը: Բայց այդ ամբողջ պատմությունը հնարվել է հենց այդ նպատակի համար: Թե՞ այն, ինչը հասկանալի է ինձ համար, հասկանալի չէ իր համար: Բայց ինքը անմեղսունակությամբ՝ երբ չի գիտակցվում սեփական շահը, հաստատ չի տառապում: Միակ ենթադրելի բացատրությունը կարող է լինել այն, որ ԱԺ ընտրությունների մոտենալուն համընթաց տեսնում է իր հեղինակության անկումը ու փորձում է բռնվել փրփուրներից՝ ինչպես գետն ընկած մեկը: Այլ բացատրություն ես չեմ գտնում՝ հատկապես որ ինքս եմ կենսաթոշակառու: Ու այսօր ինքս եմ ստանում նվազագույն սպառողական զամբյուղը 1-2 հազար դրամով գերազանցող կենսաթոշակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրամիության գաղտնի փաստաթղթի բնօրինակը` անգլերենով

Եվրամիության գաղտնի փաստաթղթի բնօրինակը` անգլերենով Wed, 22 Apr 2026 15:45:13 +0400 Այսօր մենք հրապարակել ենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով