«Այսօր այստեղ ինչ տեղի ունենա, պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է»
Thu, 23 Apr 2026 13:27:41 +0400

Անհետ կորած զինծառայողների ծնողները և նրանց հարազատները պահանջում են, որ Ազգային ժողովում անցկացվող լսումները կազմակերպվեն մեծ դահլիճում։ Նրանց տրամադրված փոքր սրահը, ըստ նրանց, չի համապատասխանում իրավիճակին, ինչի պատճառով նրանք հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իրենք փորձել են տարբեր պաշտոնյաների ներգրավել լսումներին, սակայն մերժում են ստացել։ Նա նշեց, որ վերջին տարիներին ծնողների հետ կազմակերպված հանդիպումները հիմնականում անցկացվել են փակ ձևաչափով։ Երբ ծնողները պահանջել են բաց, հանրային քննարկում՝ ուղիղ հեռարձակմամբ, որպեսզի պատասխաններ ստանան իրենց երեխաների անհետացման կամ մահվան հանգամանքների վերաբերյալ, իշխանությունների կողմից սկսել են խուսափողական արձագանքներ հնչել։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են Ազգային ժողովի ղեկավարությունը, մասնավորապես՝ խոսնակ Ալեն Սիմոնյանը և աշխատակազմի ղեկավարությունը, որոնք չեն ապահովել ծնողների պահանջին համապատասխան պայմաններ։
Թովմասյանը հավելեց, որ անձամբ դիմել է խորհրդարանի ղեկավարությանը՝ խնդրելով տրամադրել մեծ դահլիճը, սակայն արդյունքում նրանց հատկացվել է փոքր սրահ, որը չի կարող ընդունել բոլոր ցանկացողներին։ Նրա գնահատմամբ՝ սա ոչ միայն կազմակերպչական խնդիր է, այլ նաև վերաբերմունքի հարց, քանի որ ներկայացված մարդկանց թիվը զգալիորեն գերազանցում է առաջարկված տարածքի հնարավորությունները։
Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ կա քաղաքական որոշում՝ խուսափելու նման քննարկումներից, քանի որ իշխանությունները պատրաստ չեն բաց և հրապարակային պատասխանների։
«Այսօր այստեղ ինչ տեղի է ունենում, և ինչ տեղի է ունենալու, գլխավոր պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր