Կտեղափոխվի՞ զոհվածների հուշարձանը, թե ոչ
Thu, 23 Apr 2026 20:15:57 +0400

Արթիկի համայնքապետարանը որոշել է այսօր` ապրիլի 23-ին հանրային լսումներ կազմակերպել՝ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը «Բարեկամության այգի» տեղափոխման նախագծի վերաբերյալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը այս նախագծի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին օրերին կրկին փորձ է արվում հանրային քննարկման օրակարգ բերել Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված՝ 1941–1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի ապամոնտաժման և տեղափոխման հարցը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը տեղական նշանակության քաղաքաշինական որոշման մասին է։ Իրականում, սակայն, սա շատ ավելի խորքային, սկզբունքային և վտանգավոր միտում է, որը վերաբերում է մեր պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և պետական մտածողության մակարդակին։ Ես այս հարցին անդրադարձել եմ բազմիցս՝ փորձելով զգուշացնել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման մոտեցումների արդյունքում։ Այսօր, երբ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են առավելագույն սթափություն և ազգային համախմբում, մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացի՝ ներքին բաժանարար գծերի խորացման, արժեքների վերաիմաստավորման անվան տակ դրանց խաթարման։ Հուշարձանները պարզապես ճարտարապետական տարրեր չեն։ Դրանք հավաքական հիշողության նյութական արտահայտությունն են։ Դրանք այն կետերն են, որտեղ անցյալը միանում է ներկային և ձևավորում ապագայի արժեհամակարգը։
Արթիկի կենտրոնական հուշարձանը այդպիսի կետերից մեկն է՝ խորհրդանշելով մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին, այն զոհողությունը, որը հազարավոր հայ ընտանիքներ են կրել, և այն հաղթանակը, որը ձեռք է բերվել մարդկային անգնահատելի կորուստների գնով։ Ես կրկին և հստակ առաջարկում եմ՝ եթե կա անկեղծ ցանկություն ծառայելու Արթիկի զարգացմանը, ապա անհրաժեշտ է կենտրոնանալ քաղաքային միջավայրի բարելավման վրա։ Բարեկամության զբոսայգու հիմնանորոգումը կարող է դառնալ այն նախագիծը, որը կստեղծի նոր որակի հանրային տարածք՝ կանաչապատ գոտիներով, շատրվաններով, հանգստի և ժամանցի հնարավորություններով։ Արթիկում նման տարածքների պակասը ակնհայտ է, և հենց այս ուղղությամբ իրականացվող քայլերն են, որ կարող են արժանանալ հանրային լայն աջակցությանը։ Ինչ վերաբերում է հուշարձանին, ապա այստեղ լուծումը մեկն է՝ այն պետք է անհապաղ վերանորոգվի, պահպանվի և արժանապատվորեն ներկայացվի։ Պետք է բարեկարգվի նաև հարակից տարածքը՝ ձևավորելով համապատասխան միջավայր, որը կարտահայտի նրա իրական նշանակությունը։ Պատմությունը չի ենթարկվում կամայական վերադասավորման։ Այն չի կարող դառնալ ընթացիկ քաղաքական կամ վարչական որոշումների առարկա»:
Զրուցեցինք Արթիկի ավագանու անդամների հետ, հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն այս նախագծի վերաբերյալ: «Միասնական Արթիկ դաշինք» խմբակցության անդամ Մուշեղ Մկրտչյանն ասաց. «20 տարուց ավելի ես ավագանու անդամ եմ, այդ նախագիծը քննարկվում է: Ամեն նոր եկող քաղաքապետ ուզեցել է, որ տեղափոխվի, բայց չի ստացվել, քաղաքականություն է: Կմասնակցեմ լսումներին, ի վերջո, մեր քաղաքի հրապարակն է, ո՞նց չեմ մասնակցի, իսկ թե ինչ կարծիք ունեմ այդ մասին, թողեք ես գաղտնիք պահեմ»:
«Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արթուր Աստոյանը եւս տեղյակ է, մասնակցելու է հանրային լսումներին, մանրամասն տեղեկանալուն պես խոստացավ` կարծիք հայտնել, այս պահին այդքան էլ դրական չի վերաբերվում այդ նախագծին:
«10 տարի ավագանու անդամ եմ եղել, 4 տարի փոխքաղաքապետ, այդ ժամանակահատվածում այս հարցը չի էլ քննարկել: Եթե այս ժամանակ քննարկվում է, ինձ թվում է` մեր ժողովրդի կարծիքը հաշվի պետք է առնել, եթե բնակչությունը չուզեց, բնական է՝ չի տեղափոխվի: Իմ համար բնակչության կարծքիը շատ կարևոր է»,-ասաց «Ազատական» խմբակցություն անդամ, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Հարությունյան: ՀՅԴ ավագանու անդամ Հակոբ Մաթիլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գնալու եմ քննարկմանը, դեմ եմ այդ նախագծին, չի կարող դա իրականանալ»:
ՔՊ-ական ավագանու անդամ Արտյոմ Չարչյանը նախագծի մասին տեղյակ էր, ասում է. մասնակցելու է քննարկմանը, և կողմ է լինելու, քանի որ շատ լավ նախագիծ է համայնքի համար. «Մտածում եմ, որ լավ բան են անում, բայց պետք ա ժողովրդի կարծիքը հաշվի առնել, ինչ արձագանք կտա ժողովուրդը: Հանրային լսում են կազմակերպել, որ հասկանան, ով է դեմ, ով՝ կողմ: Բայց ընդհանրապես շատ գեղեցիկ բան է ստացվելու, ես որպես ավագանու անդամ մեր քաղաքի համար գեղեցիկ բան են սարքում, կողմ եմ: Ես տեղյակ եմ, որ այդ հարցը քննարկվել է, հուշակոթողի քարերը համարակալած են, հանելու են, իրեն չեն վնասելու, ուղղակի տեղափոխում են ավելի հարմարավետ վայր, ֆանտաններով շատ լավ բան են սարքելու, վա՞տ բան եք տեսնում դրա մեջ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր