Գյումրին՝ քաղաքական պատանդ. ի՞նչ է թաքնված Գյումրու «Անի» թաղամասի փոսերի տակ
Fri, 24 Apr 2026 16:45:33 +0400

Գյումրիում քաղաքական կրքերը եռում են։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին այցից հետո, որ Գյումրի էր մեկնել Անի թաղամասում կառուցված թիվ 41 դպրոցը տեսնելու, առիթը բաց չթողեց տեղական իշխանությունների հասցեին կոշտ քննադատություններ անելու ։ Նա «Անի» թաղամասի փողոցների անմխիթար վիճակը որակեց որպես տեղական իշխանության «բոյկոտ» և անգործություն։ Չնայած, հանուն արդարության ասենք, որ նրա պատվին որոշ հատվածներում արագ կարգով փոսալցումներ էին արվել ։ Մինչ Փաշինյանը իր կողմից ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմին անգործության մեջ է մեղադրում, քաղաքապետարանը ներկայացնում է իրավիճակի իր տարբերակը։ Նշում են, որ տարիներով ձգձգված, բայց այժմ ակտիվացած խոշոր ծրագրերն իրենց օրոք են կյանքի կոչվում։
Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը մատնանշում է ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը, որը ներառում է «Անի» և Ավստրիական թաղամասերը։
Խոսքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի մասին է, որի 3-րդ և 4-րդ փուլերի իրականացման համար արդեն կնքվել է խորհրդատվական պայմանագիր։ Մոտ 10 միլիոն 200 հազար եվրո արժողությամբ այս փուլը, որը ներառում է ինչպես վարկային, այնպես էլ դրամաշնորհային միջոցներ, նախատեսում է էական փոփոխություններ «Անի» և Ավստրիական թաղամասերում։
Քաղաքապետի պաշտոնակատարը չի թաքցնում իր զարմանքը ծրագրի նախկին տեմպերի վերաբերյալ և հակադարձում է անգործության մասին պնդումներին.
«Զարմանում եմ՝ այս ծրագիրը 2016 թվականից կար, շուրջ 24 միլիոն եվրոյի շրջանակում, բայց տարիներով ձգձգվել է։ Վերջին մեկ տարում մենք մեծ թափով զբաղվել ենք դրանով, և այսօր արդեն տեսանելի առաջընթաց կա։ Մոտ 10 միլիոն 200 հազար եվրո արժողությամբ այս փուլի համար արդեն կնքվել է խորհրդատվական պայմանագիրը»,֊նշում է նա։
Ըստ Առաքելյանի՝ աշխատանքները պահանջում են ժամանակատար և մասնագիտական մոտեցում, ինչը չի կարելի որակել որպես միտումնավոր դանդաղեցում.
«Ծավալը մեծ է, խորքային ուսումնասիրություններ են կատարվում, կան նաև ստորգետնյա հաղորդուղիներ, որոնք պետք է պահպանվեն։ Բայց խնդրել ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտեն նախագծումը։ Նախագծման փուլը կարող է տևել մոտ վեց ամիս, սակայն քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը»։ Ի՞նչ է սպասվում «Անի» թաղամասին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ թե պարզապես ասֆալտապատում, այլ համալիր արդիականացում.
17 կմ ճանապարհային ցանցի հիմնանորոգում։
1300 նոր լուսատուների տեղադրում և բոլոր մալուխների անցկացում ստորգետնյա եղանակով։
Շինարարության արագացման նպատակով մրցույթը կբաժանվի առանձին լոտերի, որպեսզի մի քանի ընկերություններ միաժամանակ կարողանան աշխատանքներ տանել քաղաքի տարբեր հատվածներում։
Մինչև հիմնական շինարարության մեկնարկը, համայնքն արդեն սկսել է իրականացնել ընթացիկ սպասարկման աշխատանքներ։ Այս առումով Առաքելյանը շեշտում է.
«Չէինք կարող սպասել մեծ ծրագրի մեկնարկին և այդ ընթացքում փողոցները թողնել անմխիթար վիճակում։ «Անի» թաղամասում, մասնավորապես Մովսես Խորենացի և Պարույր Սևակ փողոցներում, արդեն իրականացվում են հարթեցման և փոսալցման աշխատանքներ»։
Այսպիսով, մինչ կենտրոնական իշխանությունը Գյումրու փողոցների փոշին օգտագործում է քաղաքական թիրախավորման համար, ընդդիմադիր քաղաքային իշխանությունն էլ փորձում է ապացուցել, որ 2016-ից «քնած» ծրագրերը նոր միայն մտել են գործնական փուլ։
Պաշտոնական տվյալներով՝ ծրագրի վերջնաժամկետը սահմանված է մինչև 2029 թվականը, սակայն քաղաքապետարանից վստահեցնում են՝ արագացված նախագծման և համակարգված աշխատանքի շնորհիվ գյումրեցիները շատ ավելի շուտ կզգան փոփոխությունները։ Իսկ բնակիչների համար հարցը շարունակում է մնալ նույնը՝ ոչ թե ո՞վ է մեղավոր, այլ ե՞րբ են վերջապես ունենալու բարեկարգ և անվտանգ ճանապարհներ, ե՞րբ է վերջո, բոլոր տեսակի քաղաքական հայտարարություններին կփոխարինի որակյալ ասֆալտը։
Հիշեցնենք, որ Գյումրիում իշխանությունը ձևավորվել է 1 տարի ռաջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր