Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են
Sun, 26 Apr 2026 23:58:04 +0400

Որոշել եմ քննարկումների շարք սկսել առաջիկա ընտրությունների մասին: Եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունս չխանգարի օրական մի ասպեկտից կանդրադառնամ հունիսի 7-ի թեմային.
Ովքեր են ընտրությունների մասնակիցները, ինչ շանսեր ունեն, ով է գրագետ ընտրողը, ինչ պետք է անի, ինչպես կողմնորոշվի նախընտրական քաոսի մեջ: Ես, իհարկե, ընտրական տեխնոլոգիաների մասնագետ չեմ և ինքս էլ բազում հարցեր ունեմ, որոնց պատասխանները չգիտեմ, ուստի ուզում եմ միասին մտածենք, փորձենք հասկանալ իրավիճակը:
Եվ այսպես. 19 քաղաքական ուժ է առաջադրվել` 2 դաշինք, 17 կուսակցություն: Կուսակցությունների անցողիկ շեմը ընտրության գնացած քաղաքացիների 4 տոկոսն է, դաշինքներինը` այս իշխանությունը բարձրացրեց, դարձրեց 8 տոկոս: Դա նվազագույնը 100-120 հազար ձայնն է, կախված մասնակցության թվից, ինչը Հայաստանի պայմաններում քիչ չէ: Այսինքն, ընտրական շեմին մոտեցած դաշինքը կարող է, ասենք, 7,5% ստանալ ու 80-90 հազար ձայն, իսկ 3,5 տոկոս ստացած կուսակցությունը` 30-40 հազար ձայն փոշիացնել: Փոշիացած ձայները բաշխվում են շեմը հաղթահարած ուժերի միջև: Ասենք, եթե ՔՊ-ն 30% ստանա, իսկ ձայների 20 տոկոսը` մոտ 250 հազար ձայն փոշիանան, այդ 250-ի 30 տոկոսը կգնա ՔՊ-ին: Այսինքն, 75 հազար անաշխատ ձայն կստանա իշխող ուժը: Ձայներ, որոնք իրենը չեն և կարող են վճռորոշ լինել:
Բայց մեծ թվով ուժերի առաջադրումը նաև դրական կողմեր ունի: Նախ, ընտրողը այլընտրանք է ստանում: Իսկ 19 ուժի մեջ բոլոր ձևերի, գույների, համի ու հոտի ուժեր կան, այսինքն` մի հավատացեք նրան, ով ասում է` չեմ գնալու, չգիտեմ ում ընտրեմ: Լայն ընտրություն կա: Եվ 2-րդ` շատ ուժերի առաջադրումը նաև մեծ մասնակցություն, ընտրողի ակտիվություն է ապահովում: Իսկ դա մեծացնում է իշխանափոխության հավանականությունը:
Հիմա տեսնենք, թե ովքեր են առաջադրվել: Մի փունջը պրոիշխանական ուժերն են, բոլորին, կարծում եմ, գիտեք` Արամ Սարգսյանից մինչև Լևոն Շիրինյան ու այս ընտրություններին առաջին անգամ մասնակցող Գուրգեն Սիմոնյան: 4-5 ուժ: Սրանք, պարզ է` ՔՊ-ի սատելիտներն են, եթե անցան խորհրդարան` միանալու են Նիկոլին: Բայց սրանց առաջադրվելու մեջ ոչ մի վատ բան չկա: Նախ, արդեն իսկ չեն միավորվել, ուստիև ԱԺ անցնելու շատ փոքր շանս ունեն, երկրորդը` սրանք ՔՊ-ից են ընտրող փախցնում, ոչ թե ընդդիմությունից: Սրանց ձայն են տալու նրանք, ովքեր ՔՊ էին ընտրելու, կամ` ընտրության չէին գնալու: Իսկ սրանց փոշիացրած ձայների մի մասը կգնա ընդդիմությանը` էլի բան է…
Ինչ վերաբերում է մյուս ուժերին: Շատ լավ կլինի, եթե 5 ուժ անցնի խորհրդարան, իշխող ուժը ու ևս 4 ընդդիմադիր ուժ: Այս պարագայում վստահ եղեք, որ իշխանափոխություն կլինի: Բայց առավել հավանական է 3 ուժի անցնելը, որը նույնպես վատ չէ, իհարկե, կախված ձայների քանակից:
Սակայն եթե 19-ից հանում ես ՔՊ-ն ու իր արբանյակները, հանում ես շանս ունեցող 3-4-ին, տակը դեռ մի 9 ուժ էլ մնում է: Այս 9-ի մեջ 4-5-ը միասին երևի մեկ տոկոս էլ չեն ստանա: Լավ կլիներ սրանք չառաջադրվեին, ինչպես ասում են` ոչ մի սայի թշնամուն տարբերակով: Բայց ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք` իրականությունից կտրված են` իրենց թվում է շանս ունեն, ոմանց հատուկ են խաղի մեջ մտցրել` ջուր պղտորելու համար և անգամ այն 8-10 միլիոն դրամը չեն ափսոսում, որ ջուրն է գնալու` ընտրագրավ և նվազագույն ծախսեր: Բայց այս 4-5-ի պատճառած վնասն էլ մեծ չէ:
Ինձ համար կոնկրետ անհասկանալի, անբացատրելի է մյուս 4-5-ի արածը. Լուսավոր Հայաստանի, ՀԱԿ-ի, Հայկ Մարությանի, Բևեռի առաջադրումը, որքան էլ այդ ուժերի մեջ կան մարդիկ, որոնց հանդեպ հարգանք ունեմ, մտերմություն կա: Բայց ակնհայտ է, որ այս ուժերը բավարար ձայներ չեն ստանալու և միայն աջակցելու են իշխանությունների ծրագրին: Էդմոն Մարուքյանն ասում է` 40 տոկոս չկողմնորոշված մարդ կա, մենք այդ լսարանի վրա ենք աշխատում: Բայց նախ ժամանակը շատ կարճ է, որ չկողմնորոշված մարդիկ, այն էլ միանգամից 60-70 հազար մարդ կողմնորոշվեն և ընտրեն փոքր ուժերից որևէ մեկին, երկրորդը` պետք էր կողմնորոշել և ուղղորդել արդեն առաջատար համարվողների ուղղությամբ և այդ հարցում Մարուքյանը, Լևոն Զուրաբյանը, մյուսները շատ կարևոր դեր կարող էին խաղալ…
Հաջորդիվ կանդրադառնամ ընտրության գնալ-չգնալու, ում ընտրելու թեմային…գրեք ձեր կարծիքը…Խնդրում եմ` առանց վիրավորելու, հայհոյելու, քաղաքական ուժերին և կարծիք հայտնողներին վարկաբեկելու: Բարդ շրջան է, չնմանվենք հայհոյախոս ՔՊ-ին ու նրա առաջնորդին: Մենք կարող ենք քաղաքական պայքարի ու շփվելու կուլտուրա թելադրել և մեր ժողովրդին անարժան, իշխանության մեռած, իշխանությունից կառչած ուժերին իրենց տեղը ցույց տալ…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր