Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

ՔՊ-ի «սրտի օլիգարխները» հիմա էլ Աշխատավորի օրն են կազմակերպում

ՔՊ-ի «սրտի օլիգարխները» հիմա էլ Աշխատավորի օրն են կազմակերպում

Mon, 27 Apr 2026 19:45:45 +0400


Ինչպես արդեն գրել ենք, մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում նախատեսվում է իրականացնել մեծ շքերթ։ Շքերթը շարժվելու է Ամիրյան փողոցից դեպի Հանրապետության հրապակ։ Տեղի է ունենալու նաև տոնական համերգ՝ Արամ MP3-ի, Սրբուկի, Սարո Գևորգյանի և DJ-ների մասնակցությամբ։ Նաև ցերեկային հրավառություն կանեն և օդապարիկների թռիչք կլինի։ Միջոցառումը կազմակերպել է «Դոմինո փրոդաքշնը», որն իշխանական տոների ու հանդիսությունների սիրելի կազմակերպիչն է։

«Հրապարակ»-ին «Դոմինո փրոդաքշն»-ից հայտնեցին, որ միջոցառման վրա պետբյուջեից գումար չի ծախսվել և հովանավորներ էլ չկան։ «Ինչպես գինու փառատոնին, ամանորյա տոնավաճառին, այս դեպքում էլ ընկերություններ են լինելու, ովքեր մասնակցության դիմաց վճարելու են, ինչից էլ գոյանալու է ողջ հասույթը»,- նշեցին ընկերությունից, չմանրամասնելով, թե որ ընկերություններն են մասնակցելու և ինչ ֆորմատով։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ այս միջոցառմանը մասնակցություն են ունենալու նաև իշխանության «սրտի» մի շարք գործարարներ։ Ի դեպ, մասնակցության համար նրանք պարտավոր են վճարել, ինչից էլ գոյանում է միջոցառման անցկացման վրա ծախսվող բյուջեն։ Մասնակցելու են Խաչատուր Սյուքասյանին պատկանող «Flyone Armenia»-ն, «Sil inshurance»-ը, Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպ»-ը, Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Քենդի»-ն, որը քաղաքացու օրը Երևանում ՔՊ-ի քարոզարշավի մաս կազմող սրտիկի տեսքով թխվածքաբլիթներ էր բաժանում, Բադալյան եղբայրներին պատկանող «Ֆասթ բանկ»-ը, Նորայր Մարտիրոսյանին պատկանող «Հոմպլեքս Հիպեր Մոլը», որի բացմանը նախորդ տարի ներկա էր Նիկոլ Փաշինյանը, այնուհետև այցելեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մասնակցելու են նաև «Երեմյան», «Արզնի», «Վեգա», «Արմենիա վայն» ընկերությունները, «Կոնվերս» և «Ակբա» բանկերը, ինչպես նաև «Թիմ տելեկոմ» և «Վիվա» կապի օպերատորները։

Ավելի վաղ գրել էինք, որ Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոն, որը կրկին «Դոմինո փրոդաքշն»-ն է կազմակերպել, իսկ ֆինանսավորումը իրականացնում է «Ֆասթ բանկը»։ «Վարչաբենդը» ևս մասնակցում էր։

Ի դեպ, մինչ մայիսի 1-ի տոնակատարությունները Երևանի կենտրոնում երկու այլ միջոցառումներ էլ են անցկացվելու։ Նախատեսվում է մեծ շուքով ապրիլի 29-ին նշել պարի միջազգային օրը, իսկ ապրիլի 30-ին՝ ջազի միջազգային օրը։ Փաստորեն տոների ու տոնակատարությունների պակաս առաջիկայում չենք զգալու։ Թերեւս պետք չէ զարմանալ` առջեւում ընտրություններ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ Sun, 26 Apr 2026 15:30:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով