«Պարզվելու» է, որ կա՛մ Արծվաշենը մերը չէ «այլևս», կա՛մ ադրբեջանական անկլավները պետք է վերադարձնել «օրինական տիրոջը»
Tue, 28 Apr 2026 15:08:13 +0400

ՀՀ քարտեզի տվյալ ուրվագիծը պատկերված է լինելու նոր անձնագրերում: Նույն ուրվագիծն է կրում նաև Փաշինյանի կողմից բաժանվող «իրական Հայաստան» կրծքանշանը. ՀՀ սահմանները ներառում են աբդրբեջանական հայտնի անկլավներն այն դեպքում, երբ առանձին ուրվագծով առանձնացված է Արծվաշեն էքսկլավը:
Ո՞րն է խնդիրը:
Նմանատիպ ուրվագծերով քարտեզներն, ըստ էության, խաղաղության դեմ ոտնձգություններ են՝ պարունակելով թշնամանքի ու պատերազմի քարոզչություն:
Եթե Արծվաշենը «մերն» է, ապա ադրբեջանական անկլավներն՝ «իրենցն» են:
Եթե նմանատիպ քարտեզներ տարածեր, ասենք պետական ինչ-որ ինստիտուտ, Փաշինյանը հանգիստ այդ հիմնարկի ղեկավարին կարող էր աշխատանքից ազատել՝ «պետության մեջ երկրորդ պետություն չհանդուրժելու» մեղադրանքով, այնինչ Փաշինյանն ինքն է նման քարտեզներ տարածում:
Փաշինյանական գաղափարախոսության ու տրամադրությունների ներքո, վաղը, անխուսափելիորեն, «պարզվելու» է, որ կա՛մ Արծվաշենը մերը չէ «այլևս», կա՛մ ադրբեջանական անկլավները պետք է վերադարձնել «օրինական տիրոջը», քանի որ, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի «ավանտյուրիստական» մոտեցման արդյունքում՝ մենք կորցրել ենք Արծվաշենը և գրավել ենք խեղճ ու կրակ ադրբեջանական անկլավները: Իսկ արդարությունը պետք է վերականգնվի:
Ու հետո Փաշինյանն ինքը, արդեն, կա՛մ առանց Արծվեշենի, կա՛մ ադրբեջանական անկլավները կտրած մի նոր քարտեզ է սկսելու թափահարել ու ձեզ համոզել,որ ինքը մի նոր ինքնակրթման փուլ է անցել ու հասկացել, որ այլ ուրվագծերով քարտեզներն էլ են իրենց մեջ թշնամանքի և անխուսափելի պատերազմի հեռանկար կրում:
Հարութ Ուլոյանի էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր