Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Wed, 29 Apr 2026 23:15:30 +0400


Հայտնի է՝ խելոքը խորհրդի կարիք չունի, հիմարը խորհուրդ չի լսի: Ուրեմն, խորհուրդը ոչ մեկին պետք չէ։ Բայցևայնպես այս թեժացող պայքարում, ի մի բերելով մասնագիտական փորձառությունս ու տարիների մարզված ինտուիցիան, ինքնամատույց խորհուրդներ եմ բաժանում բոլորին՝ իշխանությանը, ընդդիմությանը և ընտրողներին։ Ինչպես երևում է նշածս խմբերից, որոնք, ըստ էության, կազմում են գրեթե ողջ հանրությունը, ոչ այնքան խելոք են, որ խորհրդի կարիք չունենան, ոչ էլ այնքան հիմար են, որ տարբեր երկրներից չբերեն փորձագետներ՝ իրենց նախընտրական քարոզարշավը իբրև թե ճիշտ կազմակերպելու համար։ Միևնույնն է, նկատվում են սխալներ՝ կոպիտ և անուղղելի սխալներ բոլոր կողմերից։

Եվ այսպես, առաջինը՝ խորհուրդներ իշխանությանը։ Պետք է հայտնի լինի այն պարզ ճշմարտությունը, որ ընտրողը ձեզ արդեն ճանաչում է։ Այն մարդը, որ 2026 թվականի ապրիլին դեռ ձեզ հավատում է, կշարունակի հավատալ ևս մեկ ամիս և կընտրի ձեզ։ Ոչ մի ընտրող չի ավելանալու այս մեկ ամսվա ընթացքում։ Բայց, ուշադրությո՛ւն, պակասել հաստատ կարող է։ Ձեր անհագուրդ ջանքերը միայն վնասում են ձեզ։ Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք բոլորովին վերջերս համեմատության մեջ դեռ շարունակում էին նախապատվությունը տալ գործող իշխանությանը։ Ոչ մեծ ֆանատիզմով, ոչ մեծ ոգևորությամբ, իհարկե, բայց նախապատվությունը տալիս էին ձեզ։ Վերջին ամիսներին ձեր բոլոր գործողությունները նպաստել են, որ այդ մարդիկ ուղղակի ամաչեն կրկնել, թե ուրիշ թեկնածու, քան ՔՊ-ն է` չեն տեսնում։ Բառացիորեն ամաչում են դա բացահայտ ասել, քանի որ այն, ինչ անում եք ամենօրյա ռեժիմով, հոգնեցրեց և վերջնականապես ապացուցեց, որ ձեզ պաշտպանելը մովետոն է և ամոթ է։ Ամենայն հավանականությամբ, նրանք կամաչեն նաև ձեզ ընտրել։

Խորհուրդս այն է, որ չանեք ոչինչ, ուղղակիորեն ոչինչ․ ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչ սիրահետեք ծանոթ-անծանոթին, ոչինչ մի կերեք հանրայնորեն և հնարավորինս քիչ խոսեք։ Խոսեք հազվադեպ և շատ քիչ՝ բոլորդ։ Հատկապես նրանք, ովքեր հիմա ամենօրյա ռեժիմով «արագ մի բան են ասում», թող լռեն․ նրանց ամեն բառը հաստատ գոնե մեկ ընտրող հանում է ձեր ընտրազանգվածից։ Օրինակ, երբ վարչապետը մարդկանց հրավիրում է «խորոված-փարթիի», արդեն լավ չէ, բայց չարժե, որ նույն թիմից մեկը «արագ մի բան ասի» ու ամոթանք տա այդ բարձրարժեք տոնը «խորոված փարթի» անվանելու համար։ Դուք, արդարև, կարող եք իրար ամոթանք տալ ոչ հանրային տարածքում։ Պետք չէ, որ ընտրողը տեսնի, որ դուք ինքներդ հաշտ չեք ձեր արածների ու ասածների հետ։
Չմոռանամ պատմել, որ մեկը՝ մի նախկին ձեր համակիր, ասաց, թե զզվում է, երբ հեռախոսի միջից իր երեսին «հո» են անում։ Թեև էկրանը պաշտպանում է չլվացված ատամների գարշահոտից, բայց դա, միևնույնն է, զզվելի է։ Դա էլ մի արեք։ Ոչ մի դեպքում մի արեք, թեեւ արդեն արել եք… լվացեք և բուժեք ձեր նախահեղափոխական ատամները։

Ինչևէ։

Հասկացեք՝ եղած ընտրազանգվածը ոչ մի կերպ չի ավելանալու, իսկ պակասել այն միշտ կարող է, ինչպես և պակասել է շեշտակիորեն՝ 8 տարի առաջվա համեմատ։ Ամեն ինչից ելնելով՝ կարող ենք դատել, որ ընտրազանգվածի նվազումը ձեր դեպքում ազատ անկման դրության մեջ է, և վերջին ամսվա ընթացքում այդ անկման արագությունը կարող է մեծանալ երկրաչափական պրոգրեսիայով՝ հունիսի 7-ին հասնելով իր պատմական նվազագույնին։ Կասկած չկա, որ անգամ այդ դեպքում ընտրողներ դուք կունենաք, ընդ որում՝ ավելի շատ, քան կարելի է սպասել ձեր պաշտոնավարման ընթացքում պատահած աղետներից ելնելով, հաստատ՝ անհամաչափ շատ, բայց ձեր երազած «մեծամասնությունը» մեկընդմիշտ կարող եք մոռանալ։

Եվ ոչ մեկին մի ձերբակալեք, հատկապես անմեղներին ձերբակալել չարժե։ Դա ևս ձեզ չի օգնելու, միայն ցույց է տալու, թե որքան եք վախենում ու որքան եք ուզում պահպանել ձեր աթոռը, որքան կենսականորեն դա ձեզ համար կարևոր է։ Իսկ ընտրողը չի սիրում աթոռին կառչած իշխանավորներին։ Դա նման է այն հյուրին, որին կանչել եք մի քանի ժամով, բայց եկել է ու այլևս չի ուզում գնալ, ուզում է ապրել ձեր տանը, ձեր հաշվին՝ մնացած ամբողջ կյանքը, մինչև իրեն չվռնդեք։ Ընդ որում՝ այդ ամբողջ ընթացքում ուզում է ձեզ վիրավորել, փոխել ձեր բոլոր սովորությունները, անարգել ձեր սրբությունները։ Կվռնդե՞ք նրան, թե՞ կպահեք․ ի՞նչ եք կարծում։

Ու մի մտածեք, թե ձեզ նախանձում են։ Հավատացեք, ձեր վիճակը նախանձելի չէ։ Հայրենիքի հետ այսպես անփույթ վարվելուց հետո ձեզ նախանձել հնարավոր չէ։ Պարում եք փողոցում ու կարծում եք, որ ինչ-որ մեկը՝ գիտակից մի արարած, կարող է ձեզ նախանձել։ Մեկ վայրկյան պատկերացրեք, որ այլևս իշխանություն չունեք… պարելո՞ւ եք դուք փողոցում այն ժամանակ։ Ոչ, ձեզ նախանձելը ոչ թե դժվար է, այլ անհնար է։

Ընդհանրապես կարող եք չլսել այս խորհուրդները, որոնք մասնագիտական առումով օբյեկտիվորեն ճշգրիտ են։ Եվ եթե չլսեք՝ սուբյեկտիվ առումով ավելի լավ․ որքան շատ ու որքան արագ ձանձրացնեք ընտրողին այս մնացած մեկ ամսում, այնքան լավ՝ հենց ընտրողի ապագայի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Համատարած գաղտնալսումներ են իրականացնում, հատկապես` ընդդիմության նկատմամբ

«Հրապարակ»․ Համատարած գաղտնալսումներ են իրականացնում, հատկապես` ընդդիմության նկատմամբ Fri, 01 May 2026 09:45:11 +0400 Հատկապես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով