Երկուշաբթի , 4 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Պուտինի վրա փորձում էր մատ թափ տալ, այդքանից հետո ի՞նչ են ակնկալում

«Հրապարակ»․ Պուտինի վրա փորձում էր մատ թափ տալ, այդքանից հետո ի՞նչ են ակնկալում

Thu, 30 Apr 2026 09:15:21 +0400


Ռուսաստանում արգելել են «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ Խոսքը 338 հազար շիշ «Ջերմուկ» հանքային ջրի մասին է, ՌԲԿ-ին հայտնել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) ղեկավարի տեղակալ Ռեւազ Յուսուպովը։ Դրանից առաջ էլ ռուսական կողմն արգելել էր Պռոշյանի կոնյակի գործարանի ռուսաստանյան մասնաճյուղի արտադրության լիցենզիան: Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եռանիշ տնտեսական աճի ու մեծագույն տնտեսական ձեռքբերումների, հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին են խոսում, ռուսական կողմն արդեն բացահայտորեն փորձում է խոչընդոտել հայկական արտադրանքի ներկրումը Ռուսաստան, ինչը մեծ հարված է առաջին հերթին Հայաստանի տնտեսությանը:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնում է թեմային. «Ես դեռ երկու շաբաթ առաջ էի կանխատեսել, որ նման բան կարող է լինել: Երբ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպում ունեցան, բավականին շատ տեսակետներ նետվեցին դաշտ, ոմանք հրճվեցին ու ուրախացան Փաշինյանի հայտարարություններից, իսկ շատերն էլ, ինձ նման` ոչ: Ես, իհարկե, քաղաքական վերլուծաբան չեմ, սակայն գիտեմ, որ երկրների ղեկավարներն ունենում են հանդիպումների բաց եւ փակ մասեր: Բաց մասերը սովորաբար կոռեկտ ու կոկիկ են լինում, բարի բառամթերքով, իսկ փակ մասում հիմնականում քննարկվում են կնճռոտ հարցեր, բայց մենք տեսանք, որ բավականին բարդ ու կնճռոտ հարցեր Վլադիմիր Պուտինը ներկայացրեց բաց մասում: Որոշ շրջանակներ Հայաստանում ուրախացան, ոգեւորվեցին, ասացին` տեսա՞ք, թե ոնց Պուտինի պորտը տեղը դրեց Փաշինյանը, եւ այսպես շարունակ, բայց իրականում քաղաքականության մեջ անթույլատրելի է էմոցիաներին տրվելը` առանց հետեւանքների մասին մտածելու: Ցանկացած խոսք, ցանկացած հայտարարություն ու ժեստ, երբ արվում է երկրի ղեկավարի կողմից, անպայմանորեն հետեւանք է ունենում երկրի վրա: ՔՊ-ական միջավայրերում ասում են, որ եթե մենք անկախ ենք, ուրեմն Փաշինյանն այդպես պետք է վարվի, դա մեր անկախության գինն է եւ այլն։ Անգամ եղան ՔՊ-ականներ, որ պնդեցին, թե պատրաստ են 600 դոլար վճարել գազի սակագնի համար` դա անկախության գինն է: Մեծ-մեծ խոսքեր ասելը հեշտ է, պետք է զգալ կաշվի վրա եւ հասկանալ, թե այդ ամենը որքանով է տանելի: Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ է:

Իհարկե, վատ է, երբ մեծ երկրներից կախվածության մեջ ես լինում, որեւէ մեկը դա չի հերքում, սակայն դա փաստ է: Առեւտրային կապի մասին եթե խոսենք, ապա միայն 2025 թվականին ունեցել ենք 21 միլիարդ դոլարի չափով առեւտրային շրջանառություն: Եթե խոսենք արտահանման մասին, ապա միլիարդների արտահանում ենք ունեցել ՌԴ, էլ չասենք, որ Ռուսաստանի միջոցով արտահանում ենք նաեւ երրորդ երկրներ, օրինակ` Էմիրություններ: Ամենամեծ առեւտուրը Հայաստանն անում է Ռուսաստանի հետ, ինչպե՞ս կարելի է առանց այդ ամենը հաշվի առնելու անել քայլեր: Պետք է ամեն խոսք լինի կշռադատված: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխող ուժը` Ռուսաստանի դեմ տեղեկություններ է տարածում, գնում է՝ Եվրապառլամենտում հյուսիսից եկող վտանգների մասին է խոսում եւ Պուտինի վրա փորձում է մատ թափ տալ։ Այդքանից հետո ի՞նչ են ակնկալում: Այնպես չէ, որ ես Ռուսաստանի փաստաբանն եմ կամ նրանց սրբադասում եմ, ոչ, բայց պատկերացրեք` մի հարեւան ունեք, որին ամեն կերպ աջակցում եք, հաց եք տալիս, ջուր եք տալիս, իսկ նա ամեն անգամ գնում է ձեր թշնամիների մոտ, չարախոսում է ձեր մասին, նման հարեւանի հետ դուք ինչպե՞ս կվարվեք: Երբ գնում ենք Եվրոպա, մատ ենք թափ տալիս Ռուսաստանի վրա, երբ անդադար հակառուսական հայտարարություններ ենք անում, պետք է անպայման հաշվի առնել, որ մի օր էլ Ռուսաստանը կարող է պատժել մեզ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի

Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Sun, 03 May 2026 17:30:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով