Գյումրու քաղաքապետին փոխարինողը հրապարակայնորեն հակադարձեց Փաշինյանին
Thu, 07 May 2026 18:24:10 +0400

Այսօր կայացած Գյումրու ավագանու հերթական նիստը սովորական աշխատանքային հունով չմեկնարկեց։ Օրակարգային հարցերի քննարկմանը նախորդեց քաղաքական հայտարարությունների փուլը, որի կենտրոնում Գյումրի-Կառավարություն հարաբերություններն ու սուբվենցիոն ծրագրերի շուրջ առաջացած հեռակա բանավեճն էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ հրապարակային հնչեցրել էր այն միտքը, որ կասկածի տակ էր դրել Գյումրու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ օգտվելու կառավարության առաջարկած սուբվենցիոն գործիքակազմից։ Փաշինյանի խոսքով` որոշ համայնքապետեր, հնարավոր է, դրսևորում են բացահայտ կամ քողարկված ընդդիմադիր կեցվածք՝ միտումնավոր չիրականացնելով ծրագրեր, որոնք կառավարության աջակցությամբ կարող էին բարելավել համայնքի կյանքը։ Ավելին, հնչել էր մտահոգություն, որ տրամադրված միջոցները երբեմն ծառայեցվել են «անհասկանալի նպատակների»։
Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, օգտվելով ավագանու ամբիոնից, հանդես եկավ պարզաբանմամբ՝ խոսքն ուղղելով երկրի ղեկավարին։ Նա անհիմն որակեց այն թեզերը, թե քաղաքային իշխանությունները խուսափում են համագործակցությունից կամ միտումնավոր տապալում են սուբվենցիոն գործընթացները։
«Կառավարության կողմից հնչող պնդումները, թե Գյումրին միտումնավոր չի համագործակցում սուբվենցիոն ծրագրերով, չունեն որևէ փաստացի հիմնավորում»,— հայտարարեց Առաքելյանը։
Ըստ նրա՝ համայնքի և կառավարության միջև գործակցությունը պետք է հիմնված լինի փաստերի և իրականացվող աշխատանքի վրա, այլ ոչ թե քաղաքական ենթադրությունների։
Առաքելյանը փաստերով էր ներկայացել նիստին, որոնք սկսեց թվարկել։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերը Գյումրու նման մեծ համայնքների համար կենսական նշանակություն ունեն, քանի որ դրանց միջոցով են իրականացվում ասֆալտապատման, լուսավորության և ենթակառուցվածքների նորոգման հիմնական ծավալները, որի համար ծախսերի մի մասը հոգում է համայնքը, մյուս մասը՝ պետությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր