«Ձեզ ով էր ասում գնացեք կռվեք»․ տխրահռչակ այս կարգախոսից հետո զինվորի սիրտը չդիմացավ
Thu, 07 May 2026 22:56:16 +0400

Հայրս ՝ 21-րդ հեծյալ գնդի մարտիկ Սամվել Գալուստի Մաթոսյանը բանակ էր զորակոչվել 1940-ին՝ Աշխաբադ: Մեծ հայրենականի ծանր օրերին նրանց հեծյալ գունդը տեղափոխում են Մոսկվայի պաշտպանական մատույցներ, ավելի ճիշտ հրամայում են դիրքավորվել Օրեխովո-Զուևոյի շրջակա անտառներում: Անհավասար մարտերում հերոսաբար ետ են մղում գերմանացիների յուրաքանչյուր հարձակում:
Նրանց բոլորին այդ ժամանակ միավորել է խորհրդանիշը՝ Մոսկվայի պաշտպանությունը:
Պատմելիս հայրս հիշում էր հայ, ռուս, բելոռուս, ուկրանացի ընկերներին, ովքեր երկու ամիս շարունակ, ձմռան սառնամանիքին ու սովին աներևակալի հերոսություն են ցուցաբերում: Սակայն ուժերն անհավասար էին: Թրի, ատրճանակի ու գնդացրի դեմ տանկեր են հայտնվում: Գերմանացիները գերևարում են ուժասպառ ու վիրավոր զինվորներին (այս մասը հայրս կամ չէր պատմում, կամ էլ հայացքն ուղղելով մորս, ցածր ձայնով էր փսփսում):
-Ես ցրտահարված, վիրավոր ու արյունաքամ, աչքերս բաց ընկած եմ մարտի դաշտում,-պատմում էր հայրս: Մշուշապատ աչքերիս առջև տեսնում եմ, թե ինչպես գերմանացի մի զինվոր ավտոմատն ուղղում է իմ վրա և ուզում է սեղմել ձգանը: Այդ պահին, գերմանացի սպան ակնթարթային ցատկ է անում ու հարվածում զինվորի ինձ ուղղված ավտոմատին, և կրակահերթը հնձում է կողքիս սառույցները:
Հետո սպան, գոռալով, ինչ-որ հրահանգ է տալիս զինվորին: Գերմանացի զինվորը մի պահ շվարած կանգնում է ու ինձ զգուշորեն բարձրացնում, շալակում տանում դնում է իրենց դաշտային խոհանոցի վերջնամասի խոտի վրա: Մի որոշ ժամանակ անց գերիներիս տեղավորում են մոտակա գյուղի դպրոցում:
Տեղացի ռուս կանայք, արցունքոտ աչքերով կապկպում են մեր վերքերը:
Վրա է հասնում ծանր ու երկարաձիգ գիշերը: Դեռ լույսը չբացված՝ մերոնք են հանկարծակի հակահարձակման անցնում, գերմանացիները խուճապի են մատնվում: Թշնամու և մեր տեղատարափ կրակի մեջտեղում հայտնված դպրոցը սկսում է այրվել: Ով ինչպես կարող էր գլուխն ազատում է; Անշարժ վիրավորներս մահվան աչքերին ենք նայում…. Կանայք, ում որ հասցնում են, շինելները հագներիցս հանելով ու վրան պառկեցնելով,կրակահերթի տակ քարշ տալով մի կերպ այրվող դպրոցից դուրս են հանում ՝ ուղղակի փրկում են:
Լուսադեմին մերոնք արդեն գրավում են այդ հատվածը:
Ծանր վիրավորվածներիս անմիջապես ուղարկում են հոսպիտալ: Երեք-չորս ամիս բուժվելուց հետո, ճակատագրի հեգնանքով մեր գնդի բոլոր կենդանի մնացած գերի ընկածներին ուղարկում են Սիբիր: Վերջապես մեկ օր գերի էինք ընկել, ընդունված կարգ կար: Այնտեղ մեզ մի քանի անգամ մեկ-մեկ «ֆիլտրացնում» են…
Մեր մեջ մեղադրվող վրացի մի գնդապետ կար, իմանալով իմ պատմությունը և Հայաստանցի լինելս, ինձ ասաց, որ վաղը Մոսկվայից կամիսիա է գալու ու դիմացի զեմլանկայում շատերին են հարցաքննելու, կգնաս, ներս կմտես, կաստիլներդ կխփես գետնին ու բորբոքված կգոռաս, որ գերմանացիներից պրծանք, հիմա էլ դուք եք մեզ տանջում, ու պատմիր քո գերավարվելու պատմությունը:
Այդպես էլ վարվեցի…
Լսեցին, հարցաքննեցին,իսկ հաջորդ օրն ինձ ազատեցին…
Զոնայից դուրս գալուց առաջ, վրաց գնդապետը խնդրեց, որ մի երկտող տանեմ Թիֆլիս՝ կնոջը լուր տամ:Դե՛ բռնվելը, կյանքի գին արժեր…
Սիբիրից մինչև Հայաստան վերադառնալս մի քանի ամիս է տևում: Հասա Թբիլիսի, գտա գնդապետի մանրամասն բացատրած տունը, դուռը բացեց կինը,առանց իմանալու ինչն-ընչոց է ՝ դեմքը փայլատակեց ուրախությունից։
Պատմեցի մեր մասին, հետո «ականջավոր գլխարկիս» կարը քանդեցի, բանբակի մեջից հանեցի ամուսնու գրած երկտողը հանձնեցի իրեն: Զինվորական կյանքիս առաջին օրվա կուշտ ու կուռ հյուրասիրվելուց հետո,շտապեցի կայարան…Չնայած տիկինը,տանեցիները խնդրեցին մի քանի օր մնամ, հանգստանամ:
Երկու հենակներին կռթնած ու անճանաչելի դարձած մեր տուն եմ մտնում: Աննկարագրելի մի իրադարձություն: Եվ ո՛վ զարմանք, մեր բակում, մի քանի գերմանացի գերիներ, մի կտոր հաց վաստակելու համար,մեզ համար տուն են կառուցում: Այդ նրանք էին ովքեր Գերմանիայից էվակուացված Սպիտակի շաքարի գործարանն էին մոնտաժում, որը մեր տանից մի որոշ հեռավորության վրա էր գտնվում:
Նրանք տեսնելով ինձ ու իմ ծանր վիճակը, լուռ ու մունջ թողնում են աշխատանքներն ու հեռանում մեր տանից:
Ամեն անգամ հայրս իր կյանքի այս ոդիսականը ավարտելիս, նայում էր երկնքին, ու Աստված կանչում, որ իրեն փրկած գերմանացի սպան կենդանի մնացած լիներ:
Այդքան տառապանքներ տեսած, 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հրաշքով փրկված հայրս՝ « Ձեզ ով էր ասում գնացեք կռվեք…» ՀՀՇ-ի այդ տարիների խորհրդարանում հնչաց կարգախոսից նեղսրտեց, իսկ հետո էլ սիրտը չդիմացավ…
Հ.Գ. Մեծ հայրենականում Հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը ուրացողներին, հազարավոր զինվորների սխրանքները «տակով անողներին» և պատմություն կեղծողներին ներում չկա…
Ռոբերտ Մաթոսյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր