Լավ բան անել չի ստացվում

Լավ բան անել չի ստացվում

Fri, 08 May 2026 09:00:00 +0400


Ասում են` ուզում էինք լավ բան անել, ստացվեց՝ ինչպես միշտ: Թվում է, լավ բան էլ են ուզում անել ՔՊ-ական իշխանությունները:

Դե, հիմա «լավ բաներ» անելու ժամանակն է` այս մեկ ամսվա ընթացքում ինչքան հասցնեն, ինչքան ուժները պատի, լավ բաներ են անելու, որ ընտրողի «աչքը մտնեն», եւ նա իր քվեն չտա ընդդիմությանը, այլ իրենց ընտրի: Ամեն օր մարզ են գնում, դրսից հյուրեր են ընդունում, համերգներ ու փառատոներ, համաժողովներ ու գագաթնաժողովներ, ասֆալտ ու նորոգում: 5 տարվա չարածն ուզում են մի քանի ամսում անել, որ մարդկանց հին-վատ հիշողությունները ջնջվեն, քվեարկության գնալիս միայն վերջին օրերի աշխատանքը հիշեն:

Ահա` անցած օրը Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով այցելել է Մաշտոցի կամ Միսակ Մանուշյան պուրակ, որտեղ խաղահրապարակ են կառուցել: Թվում է` լավ բան են արել, երեխաների համար սահելու, խաղալու ատրակցիոններ են սարքել, բայց պուրակն են փչացրել` կանաչ գազոնը ոչնչացրել, մի հսկա հատվածում բերել՝ մետաղից, փայտից ու արհեստական նյութերից խաղահրապարակ են սարքել: Կանաչի, ծառի, խոտի հանդեպ մի անբացատրելի ատելություն ունի այս իշխանությունը, բետոն, ասֆալտ անելու հանդեպ՝ մեծ սեր: Իսկ Երեւանում հիմա ամեն մի տերեւն ու խոտի սանտիմետրն է կարեւոր, եւ ոչ մի խաղահրապարակ պետք չէ այգիներում կառուցել:

Կառուցեք ամայի տարածքներում, քանդեք ասֆալտը, ավելորդ գարաժներն ու շենքերը` դրանց տեղը խաղահրապարակներ սարքեք, ոչ թե այդ մի ափաչափ այգին փչացրեք: Խաղահրապարակում շրջելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն այցելել է մոտակա շենքի տակ գտնվող Վալմարի արվեստանոցը: Թվում է` էլի վատ չէ, արվեստի, գեղանկարի հետ կառնչվի: Բայց սա էլ հայտնի պալատական նկարիչն է, որի անունը հնարավոր չէ հայ տաղանդավոր նկարիչների առաջին հարյուրյակի մեջ ներառել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք են մտածում, եւ շատ ավելի անբարո, քան կարող են երեւակայել

Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք են մտածում, եւ շատ ավելի անբարո, քան կարող են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով