«Հրապարակ». 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջանը ե՞րբ եկեղեցի կունենա
Fri, 08 May 2026 10:45:02 +0400

Հայաստանում գյուղեր կան, որոնք 2 եկեղեցի ունեն, իսկ զբոսաշրջային քաղաք` ավելի քան 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա։ Հեռավոր արտերկրից, նախկին խորհրդային երկրներից Դիլիջան ժամանած տուրիստները զարմանում են, որ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի տեսարժան վայրերից մեկում՝ Դիլիջան քաղաքում, եկեղեցի չկա։
Ավելի քան մեկուկես տասնամյակ դիլիջանցիների կողմից սիրված, հարգված Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը հոգեւոր արարողություններ է կատարում եկեղեցու վերածված, Դիլիջանում Թուֆենկյան համալիրի շենքերից մեկի սենյակում։ 2015 թվականից Հայ առաքելական եկեղեցին այդ տարածքը վարձակալում է Թուֆենկյան ընկերությունից, այն ժամանակ այդ տարածքի վարձակալության համար եկեղեցին Թուֆենկյան ընկերությանն ամեն ամիս վճարում էր 90 հազար դրամ։ Հավանական է, որ անցած տասնամյակում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող այդ տարածքի վարձակալության վճարն ավելացած լինի։ 2005 թվականին Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնաթերթ «Դիլիջանը» գրեց, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող հայազգի Ջոն Սթիվենսը (Հովհաննես Ստեփանյան) Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար նվիրաբերել է 1 միլիոն դոլար։ Բացի այդ, Դիլիջան համայնքում ստեղծվեց եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով եկեղեցու շինարարության համար ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Սակայն շուտով բարեգործ Սթիվենսը մահացավ, Դիլիջանի եկեղեցին էլ չկառուցվեց։
Անցավ 10 տարի։ 2015թ․ հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման մեկնարկը։ Այդ միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ Դիլիջան քաղաքում եկեղեցին կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ։ Այժմ Դիլիջանի գեղատեսիլ վայրերից մեկում եկեղեցու շինարարության մեծ մասն արված է, դեռ պետք է գմբեթի կառուցման, եկեղեցու ներքին հարդարման աշխատանքներն արվեն։ 2025-ին Դիլիջանի համայնքապետարանի կողմից հիմնանորոգվել են քաղաքի Շամախյան թաղամասի մշակութային կենտրոնը, հանրային գրադարանը եւ մեծահասակների ժամանցի սենյակը։ Համայնքապետարանի տարածած տեղեկատվության մեջ նշված է, որ այդ ծրագիրը ներկայացվել է Շամախյան թաղամասի բնակիչների կողմից եւ քվեարկության արդյունքում դարձել հաղթող նախագծերից մեկը։ Շամախյան թաղամասի վերանորոգված մշակութային կենտրոնի շենքի հետեւում գտնվում է մի քանդվող եկեղեցի։ Այդ եկեղեցին գրավոր աղբյուրներում հիշատակվում է որպես Սուրբ Աստվածածին, իսկ ուշ շրջանի մատյաններում՝ նաեւ Սուրբ Պողոս։ Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը չի հիշատակվում։ Դիլիջանի բնակիչներից շատերը տեղյակ չեն այս եկեղեցու գոյության մասին։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2025 թվականին բարեգործ անհատների աջակցությամբ, դրամական նվիրատվություններով հիմնանորոգել է իր հայրենի գյուղի՝ Հաղարծնի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Դիլիջանի բնակիչներից ոմանք ասում են՝ բարեգործների միջոցով, դրամական նվիրատվություններով պետք է իրականացնել նաեւ Դիլիջանի Շամախյան թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգումը, այն դարձնել գործող հոգեւոր օջախ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր