Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Թող հեռանան ու հարեւան երկրում ապրեն իրենց ընտրած իրականության մեջ

Թող հեռանան ու հարեւան երկրում ապրեն իրենց ընտրած իրականության մեջ

Tue, 12 May 2026 19:15:33 +0400


«Հարեւաններս ասացին, որ Դուք լրագրող եք. կլսե՞ք ինձ՝ բաքվեցի փախստականիս»։ Ասացի՝ ինչո՞ւ ոչ։ Շարունակեց. «Հարեւաններիս ամեն առիթով բացատրում եմ, թե ովքեր են ՔՊ-ականները, ով է Նիկոլը։ Ոմանք նրանց կործանարար էությունը կարծես խորությամբ չեն հասկանում։ Ուզում եմ, որ խոսքս տպագրվի, թերթը տանեմ, նրանց տամ՝ կարդան, գուցե սթափվեն։ Ես պայքարի մեջ եմ ներկա իշխանությունների դեմ, եւ խոսքս թերթի էջերում տեսնելն էլ իմ պայքարի ձեւերից մեկը կլինի։ Ուզում եմ իմ աչքով կարդալ իմ ասածը, պահել այդ թերթը երկար տարիներ։ Հետո, երբ իշխանափոխություն լինի, իմ թոռներին ասելու բան կունենամ, որ իրենց պապը պայքարել է կապիտուլյանտ իշխանությունների դեմ։

Ծնվել ու ապրել եմ Բաքվում։ Ինձնից լավ ոչ ոք չի կարող իմանալ ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության ողջ բարբարոսական բնույթը։ Մազապուրծ փախել եմ Բաքվից, եկել՝ ծվարել Լոռիում, դարձել լոռեցի։ Այն ժամանակ հայրենիք ունեինք՝ եկանք։ Հիմա, երբ տեսնում եմ, որ ադրբեջանական իշխանությունների հետ մերոնք համերաշխ «երգում» են «Արեւմտյան Ադրբեջան» երգը, մտածում եմ՝ այն ժամանակ հայրենիք ունեինք, փախանք փրկվեցինք, եթե սա էլ կորցնենք, հիմա ո՞ւր ենք փախչելու։ Ո՞ւր են փախչելու իմ հարեւան նիկոլասերները։ Ուզում եմ զգաստացնել մեր ժողովրդին։ Միայն խնդրում եմ՝ անունս չգրեք․ աղջիկս հազիվ է տեղավորվել դպրոցում, գործից կազատեն։ Ես դրանց լավ գիտեմ, կստացվի, որ վնասեցինք մեր դստերը, նաեւ՝ ինքներս մեզ։
Այնքան բան կա ասելու։ Սիրտս ուղղակի պայթում է։ Ալիեւի եւ Փաշինյանի գործողությունների շղթան ինձ համահունչ է թվում։

Վարչապետն իր քայլերով ասես Ալիեւին ասում է՝ «սա քո տարածքն է, ինչ ուզես՝ արա, ինչ ցանկանաս՝ տար»։ Այնքան մեծ է վախը, այնպիսի անհասկանալի խոնարհում կա «մեծ թուրքի» առաջ, որ կարող են նվիրել մեզ համար ամենաթանկը։ Մենք վերջապես երկի՞ր ենք, թե՞ խանութ կամ կոշկակարի բուդկա։ Զարմանում եմ՝ ոմանք ինչպե՞ս չեն հասկանում, որ այս իշխանությունները մեր երկրի բացահայտ թշնամիներն են։ Ես նրանց դավաճան չեմ անվանում` թշնամի եմ համարում։ Գուցե ծագումով հայ են, բայց իրենց հայ չեն զգում։ Նրանք, իմ համոզմամբ, բացահայտորեն լծված են ադրբեջանական սայլին։ Եվ զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք դա չեն տեսնում։ Նույնիսկ ոմանք ասում են՝ «մեր խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ձեռքից բան չի գալիս»։ Ասում եմ՝ եղբայր, հենց դա էլ ես եմ ասում՝ եթե նա խեղճուկրակ է եւ անկարող, ինչո՞ւ է կառչած աթոռից, ինչո՞ւ չի հրաժարվում, որ գա մեկը, որ գոնե կփորձի փրկել այս խեղճ ժողովրդին։ Բայց՝ չէ․ իշխանությունը քաղցր բան է, ինքնակամ չի հեռանա։ Եթե չի հեռանում, ժողովուրդն իր ընտրությամբ պիտի հեռացնի։ Այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Մենք պիտի ազգովի ելնենք ազգային ազատագրական պայքարի։ Որքան դիպուկ է ասել Օմար Խայամը. «Եթե ազգը սիրահարված է իր դահճին, նախիրի պես կմորթվի»։ Թող բոլորն իմանան՝ թուրքը չի գալիս մեր գլուխը շոյելու։ Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել։ Սկզբում քեզ կխոնարհվի, կքծնի, կբարձրանա քո ուսերին, դու խելոք կանգնած մնաս՝ գլուխդ կկտրի։ Ես դեմ չեմ խաղաղ գոյակցությանը, ընդհակառակը՝ խաղաղությունն իմ ու իմ ընտանիքի երազանքն է: Բայց տեսնում եմ՝ մեր հարեւանները խաղաղություն չեն ուզում։ Հակառակ դեպքում ինչո՞ւ են ամեն օր նոր պահանջներ ներկայացնում, ինչո՞ւ են ավերում մեր եկեղեցիները, գերեզմանները, մշակութային հուշարձանները։ Հայերը Նոյեմբերյանում մինչ այսօր անխաթար պահպանում են այն տունը, որտեղ ծնվել ու մեծացել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաեւը։ Իսկ Ալիեւը հայտարարում է, թե Ջերմուկն իրենցն է, թե հայերը շահույթ են ստացել այդ ջրից։ Կուզեի, որ մեր գործարար խավը լսեր սա եւ հետեւություններ աներ. Ալիեւի եւ Նիկոլի համագործակցության պայմաններում դուք նույնպես վտանգի տակ եք։ Փաշինյանին գովերգելով՝ դուք ընտրում եք ձեր իսկ վախճանը։ Ադրբեջանի ախորժակը սահմաններ չի ճանաչում։ Նյու Յորքում անցկացված մի ցույցում տեսանք պաստառ, որտեղ գրված էր, թե իբր 1988-2022 թվականներին հայերը «գենոցիդի են ենթարկել» մոտ երկու միլիոն ադրբեջանցու։ Ահա այսպիսի կեղծիքներով են արդարացնում իրենց գործողությունները, իրենց ավերածությունները։

Մի պաշտոնյա կա` Արսեն Թորոսյան անունով, որը հայի ազգանուն ունի, բայց խոսում է մի լեզվով, որն ինձ օտար է։ Նրա հետ հարցազրույցում նույնիսկ հաղորդավար Պետրոս Ղազարյանը չի կարողանում թաքցնել զարմանքը։ Ամեն հայ սպասում էր գոնե մի մարդկային, ցավակցող խոսքի, բայց լսում է միայն դատարկ, անշունչ ձեւակերպումներ, որոնք կրկնում են նույն թեզը՝ «ամեն ինչ ավարտված է, Արցախն իրենցն է, իրենց տարածքում ինչ ուզեն՝ կանեն»։ Այսինքն՝ թուրքերն ինչ էլ անեն, մենք չպետք է բողոքենք։ Արցախն իրենցն է, ինչ ուզեն՝ կանեն։ Իսկ մենք պետք է լռենք, նայենք եւ ձեւացնենք, թե «կոնֆլիկտային չենք»։ Հիմա էլ խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին «Արեւմտյան Ադրբեջանում»։ Այդ դեպքում մեր եկեղեցիները, մեր ներկայությո՞ւնն են խանգարելու նրանց։ Եվ եթե խանգարեն, նորի՞ց ասելու ենք՝ «մենք կոնֆլիկտային չենք»։ Ասելու ենք՝ եկեք, արեք ինչ ուզում եք, ահա մեր վիզը՝ ոլորե՞ք։ Հենց այս պայմանո՞վ ենք մենք «Հայաստանի հպարտ քաղաքացիներ»։ Սա՞ է մեր արժանապատվությունը։ Այսպես ապրել չի լինի։ Վերջաբանը մոտենում է. առաջիկայում համապետական ընտրություններն են, որ պատասխան կտան բոլոր հարցերին: Ես տեսնում եմ երեք ուժ, որոնք, իմ կարծիքով, կարող են այս երկիրը դուրս բերել ճիշտ ուղու վրա։ Այդ ուժերի առաջնորդներն են՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Արժե ընտրել այս ցանկից առաջինին։ Այդ ժամանակ, գուցե, մենք կարողանանք ճանապարհել նիկոլփաշինյաններին, արսենթորոսյաններին ու նրանց նման մարդկանց՝ իրենց սիրելի հարեւան երկիր: Թող այնտեղ ապրեն իրենց ընտրած իրականության մեջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, որը պետք է որոշի, թե իրեն որտեղ է տեսնում

«Հրապարակ»․ Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, որը պետք է որոշի, թե իրեն որտեղ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով