«Հրապարակ». Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում
Wed, 13 May 2026 11:45:50 +0400

Հայաստանը բացել է դռները բոլորի առաջ․ ինչպես եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչներն են այցելում մեր երկիր, այնպես էլ հարեւան երկրներից են պատվիրակություններ գալիս` մե՛կ քաղհասարակության, մե՛կ փոխվարչապետի, մե՛կ լրագրողների տեսքով:
Մարտի վերջին Երեւան էին ժամանել ամերիկացի եւ եվրոպացի լրագրողներ: Նրանց համար, այսպես կոչված, մեդիա տուր էր կազմակերպվել, վստահաբար՝ Հայաստանի բյուջեի հաշվին: Երեք օր լրագրողների այս խումբը մնացել էր Հայաստանում, հանդիպել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ, այցելել Ազգային ժողով: Հնարավորություն էին ստացել ոչ միայն պատկերացում կազմել, այլեւ նյութեր հավաքել Հայաստանում գոյություն ունեցող սոցիալ-քաղաքական իրավիճակի, հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուժերի բալանսի վերաբերյալ, որպեսզի հետագայում հրապարակումներով հանդես գան:
Ամերիկացի եւ եվրոպացի լրագրողների համար նախատեսված այս մեդիա տուրին, պարզվում է, մասնակցել է նաեւ ազգությամբ թուրք մի լրագրող` թուրքական եւ ամերիկյան շրջանակներին հայտնի լրագրող Բարչին Յինանչը:
Նա բավականին հարուստ կենսագրություն ունի, պրոամերիկյան փորձագետի հեղինակություն, համարվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին հարող շրջանակից է: Հայաստանում նրա այցն աննկատ է անցել, չի լուսաբանվել: Մեր փոքրիկ ուսումնասիրությունը պարզեց, որ տիկինը Հայաստանը «մոտիկից» է ճանաչում, դեռեւս 1993 թվականին է Հայաստան այցելել, լուսաբանել Արցախյան պատերազմն ու հայ-թուրքական հարաբերությունները: Այն ժամանակ շփվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ, ըստ լուրերի, մտերիմ է եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական, թուրքամետ հայացքներով հայտնի Ժիրայր Լիպարիտյանի հետ: Համացանցում տեղեկություններ կան, որ 90-ականներին թուրք լրագրողը երրորդ երկրների միջոցով հայերի՝ Թուրքիա գաղտնի այցելություններ է կազմակերպել: Նա հիմա էլ շարունակում է ընկերական հարաբերություններ պահպանել Լիպարիտյանի հետ:
Թուրք լրագրողը 2025-ին Հայաստան է այցելել երեք անգամ: Նա «դու»-ով է շփվում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ՝ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հետ: Հայաստանից վերադառնալով Թուրքիա՝ Բարչին Յինանչը մայիսի 4-ին t24.com.tr կայքում հոդված է հրապարակել՝ «Ի՞նչ է մեզ հուշում ՀՀ վարչապետի կրծքի վրայի քարտեզը» վերտառությամբ (հոդվածի հղումը), որտեղ թուրքերին բնորոշ ոճով ակնարկներ է արել, ոչ թե ուղիղ տեսքով հայտարարություններ:
Օրինակ՝ գրել է, որ եթե սփյուռքահայերը հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենային, Փաշինյանն ընտրվելու շանս չէր ունենա, որ չնայած Եվրոպայի ու ԱՄՆ-ի հայությունն իր բնույթով հակառուս է, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ տարվող քաղաքականությունը, որն ուղղորդվում է Արեւմուտքի կողմից, բացարձակապես չի ընդունում եւ այս պարագայում դառնում է պրոռուս: Այսինքն՝ թուրք լրագրողը շատ լավ տիրապետում է ոչ միայն Հայաստանի ներքին, այլեւ հայկական սփյուռքում տիրող տրամադրություններին ու իրավիճակին: Նա իր հոդվածում գրում է․ եթե չհաշվենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին լեգիտիմ առաջնորդն է, որ ծնվել է Հայաստանում: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Հալեպում, իսկ ՀՀ մյուս նախագահները ծնունդով Արցախից են: Նա գրում է, թե իբր Հայաստանի հայերի համար Արցախը նշանակություն չունի, որ այդ հարցն օրակարգ են բերել ու պահել արցախցի ՀՀ ղեկավարները, իսկ հիմա էլ ընդդիմության ղեկավարներն են, փաստորեն, արցախցիներ, եւ դրանով էլ հիմնավորում է Արցախի հարցի կարեւոր դերակատարումը ՀՀ ներքաղաքական կյանքում:
Յանինչի թուրքական գծի ու ՀՀ ներկա իշխանության ներքաղաքական գծի միջեւ բազում բովանդակային համընկնումներ կան, եւ դա պատահական չէ:
ՀԳ․ Թուրք լրագրողուհին մեծ ուրախությամբ իր պիջակին է ամրացրել բզկտված Հայաստանի կիսատ քարտեզն ու նկարվել լայն ժպիտով: Բացի նման ուղղակի այցերն ու հրապարակումները, Անկարան չի դադարեցնում Հայաստանին սահմանակից Իգդիրում Մեծամորի ԱԷԿ-ը փակելու պահանջներն ու իբրեւ թե բնապահպանական նկատառումներով բարձրացվող հիստերիան, որի պատասխանատուներն են՝ Իգդիրում Ադրբեջանի տան ղեկավար Սերդար Ունսալը, Թուրքական ադրբեջանցիների իգդիրյան մասնաճյուղի ղեկավար Իլտերիշ Թաշքինսուն, «Իգդիրի մաքուր միջավայր» բնապահպանական ֆոնդը: Իսկ ապրիլին Հայաստան էին ուղարկել իրենց բնապահպան-ակտիվիստ Սերդար Գյունգողդուին, որը Հայաստանում տիրող բնապահպանական վիճակի մասին տեղեկություններ է հավաքել, այցելել է Երեւան, Սեւան, Մեծամոր քաղաքներ ու շփվել տեղացիների հետ: Մեր երկրի գաղտնի ու դանդաղ էքսպանսիան թուրք-ադրբեջանական ագրեսորի կողմից հետեւողականորեն շարունակվում է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր