Ինձ ճանաչեց ու փախավ, նպաստառու են ինձ սարքել. Փաշինյանի քարոզարշավը Գյունրիում հարթ չի ընթանում
Mon, 25 May 2026 18:42:00 +0400

Այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը, որը գիշերել է Գյումրիում, շարունակում է քարոզարշավը քաղաքի տարբեր թաղամասերում և փողոցներում։ Նա շրջում էր համակիրների ուղեկցությամբ՝ քաղաքացիներին բաժանելով քարոզչական նյութեր և իր հեղինակած քարտեզը` բրոշի տեսքով։
Ուշագրավ էր, որ Փաշինյանն այս անգամ երկար ելույթներով հանդես չի գալիս և հիմնականում խուսափում է տեղում ծավալուն քննարկումներից։ Փոխարենը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու երեկոյան ժամը 20:00-ին Վարդանանց հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ նշելով, որ իր հիմնական ասելիքը կհնչեցնի հենց այնտեղ։
Սակայն քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում։Քաղաքի փողոցներից մեկում գրեթե միաժամանակ քարոզչական ակցիա էին իրականացնում ինչպես ՔՊ-ի, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Երկու կողմերի ավտոբուսների հանդիպման պահին սկսվեցին փոխադարձ վանկարկումներ. մի կողմից հնչում էին «Սամվել վարչապետ», մյուս կողմից՝ « Փաշինյան վարչապետ» կոչերը։
Դրանից անմիջապես հետո վիճաբանություն ծագեց մի քաղաքացու և Փաշինյանի համակիրների միջև։ Քաղաքացին փորձում էր մոտենալ վարչապետին և ներկայացնել իր խնդիրները, սակայն վերջինս տեսնելով նրան, շտապեց ավտոբուս նստել։ Քաղաքացին բարձրաձայն դժգոհեց պնդելով, թե Փաշինյանն իրեն ճանաչելով խուսափեց հանդիպումից։
Քաղաքացին, որ ներկայացավ , ազատամարտիկ Ժիրայր Գալստյանն էր։ Նա հայտարարել, որ 2018 թվականին աջակցել է Փաշինյանի շարժմանը՝ հավատալով փոփոխությունների խոստումներին։
«2018-ին Նիկոլի կողքին քայլել եմ՝ մտածելով, որ երկիրը դեպի լավն է փոխվելու։ Այսօր, սակայն, իմ կյանքը գլխիվայր է շրջվել։ Կայուն աշխատանք ունեցող մարդուց դարձել եմ նպաստառու, ինձ դարձրին նպաստառու,իսկ 3 երեխաներիս պահելու համար ստանում եմ ընդամենը 36 հազար դրամ նպաստ»,- ասաց նա։
Գալստյանը նաև նշեց, որ իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելու համար Փաշինյանի համակիրները փորձում են թիրախավորել իրեն և ընդդիմադիրներին՝ հավելելով.«Սամվել Կարապետյանը բարերար է, Փաշինյանը՝ ստաախոս»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր