Նշվել է հայազգի եկեղեցականի ծննդյան 99-րդ տարեդարձը
Wed, 27 May 2026 20:00:08 +0400

Կիրակի՝ մայիսի 24-ին, որը եկեղեցական օրացույցով համապատասխանում է Հոգեգալստյան տոնին, Վենետիկի հայկական Մխիթարյան Միաբանությունը Սուրբ Ղազար կղզու մայրավանքում նշել է Մխիթարյան միաբանության երիցագույն միաբան վարդապետ Արիստակես վարդապետ Մանուկյանի ծննդյան 99-րդ եւ ձեռնադրության 70-րդ տարեդարձը։ Հ․ Արիստակես վարդապետը ծնվել է Սիրիայում՝ Ջարաբլուս բնակավայրում 1927 թվականին։
Սուրբ Ղազարի վանք է մտել 1947 թվականին։ Ծագումով՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրած սասունցի եւ մարաշցի ծնողների զավակ է։ Քահանայական ձեռնադրություն ստացել է 1956 թվականին։ Եկեղեցական-կրթական գործունեություն է ծավալել՝ Ալեքսանդրիայում՝ Եգիպտոս, Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում, Վենետիկում։ Ուշագրավ է այն, որ չնայած առաջացյալ տարիքին՝ Հ․ Արիստակեսը շարունակում է պահպանել իր կենսուրախությունը եւ իր իսկ ծննդյան օրը Պատարագ է մատուցել՝ քարոզելով, որ պետք չէ վախենալ, քանի որ հայերը խաչակիր եւ խաչյալ ժողովուրդ են, իսկ խաչելությանը, Հիսուս Քրիստոսի օրինակով, հաջորդում է հարությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր