Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի

Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի

Sat, 30 May 2026 16:15:46 +0400


Այսօր եթերից լսում էի Հրանտ Բագրատյանի բացատրությունը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի։ Բացատրում էր ոչ թե հարցումների, քաղաքական տեխնոլոգիաների կամ վերլուծական աղյուսակների լեզվով, այլ շատ մարդկային դիտարկմամբ։

Ասում էր՝ ես անընդհատ շրջում եմ։ Մարդիկ ինձ ճանաչում են, բնականաբար, ես նրանց չեմ ճանաչում։ Բայց որտեղ էլ լինեմ, մարդիկ մոտենում են, բարևում, խոսում, իրենց վերաբերմունքն են արտահայտում։ Տասից յոթը բարևում են, երեքը՝ ոչ։ Ով բարևում է՝ ուրեմն Փաշինյան չի ընտրելու։ Ով չի բարևում՝ ուրեմն Փաշինյանին է ընտրելու։ Լավ տնտեսագետ լինելով՝ պարզ հաշվարկ էր արել. Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի, որովհետև գերակշիռ մեծամասնությունն ինձ բարևում է։

Այս դիտարկումը, առաջին հայացքից, կարող է շատ պարզ թվալ, բայց դրա մեջ կա հետաքրքիր քաղաքական և հոգեբանական ենթաշերտ։ Քաղաքական տրամադրությունները միշտ չէ, որ արտահայտվում են հարցաթերթիկներում։ Շատ հաճախ դրանք երևում են մարդկանց վարքագծում, հայացքներում, շփման պատրաստակամության կամ, հակառակը, խուսափելու ձևերում։ Հատկապես այնպիսի հասարակություններում, որտեղ քաղաքականությունը դարձել է հուզական և արժեքային ընտրություն, մարդիկ իրենց վերաբերմունքը փոխանցում են նույնիսկ առանց քաղաքական քննարկման։

Բագրատյանի դիտարկումն անտեսել էլ չի կարելի։ Երբ մարդը երկար ժամանակ շրջում է երկրի տարբեր հատվածներում և տարբեր սոցիալական խմբերի հետ է շփվում, նրա մոտ ձևավորվում է հասարակական տրամադրությունների մի յուրահատուկ «կենդանի սոցհարցում»։ Դա գիտական հարցում չէ, բայց նաև պարզապես անձնական շրջապատի կարծիքը չէ։ Դա ճանապարհների, փողոցների, բակերի, պատահական հանդիպումների և անմիջական մարդկային արձագանքների կուտակված փորձն է։

Հետևաբար, Բագրատյանի ասածի արժեքը ոչ թե «տասից յոթը բարևում են» թվի մեջ է, այլ այն հարցի, որը նա անուղղակիորեն բարձրացնում է. արդյո՞ք հասարակության իրական տրամադրությունները համընկնում են այն պատկերին, որը ներկայացվում է պաշտոնական քաղաքական դաշտում։

Այդ հարցի պատասխանը կտա միայն ընտրությունը։ Բայց քաղաքականության պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ մարդիկ սկսում են իրենց վերաբերմունքը ցույց տալ ոչ թե կուսակցական կարգախոսներով, այլ առօրյա շփման մակարդակում, նրանք հաճախ քաղաքական փոփոխությունների առաջին ազդանշաններն են տալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեք պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե Ռուսաստանն անի այն, ինչ արեց 2008-ին Վրաստանի հետ

Եկեք պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե Ռուսաստանն անի այն, ինչ արեց 2008-ին Վրաստանի հետ Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով