Կերակրատա՞շտ, թե՞ զարգացող Հայաստան
Thu, 04 Jun 2026 14:45:45 +0400

Այն, ինչ ձախողվեց 2015-2017թթ-ին, կյանքի կոչվեց 2018-ից՝ մի շարք ոլորտներում ներդրվեցին եվրոպական մոդելներ, ինչը ծանրացրեց մեր ժողովրդի հարկային, սոցիալական, առողջապահական խնդիրները։ «Ժողովրդի բարեկեցության» անվան տակ բարձրացվեց ոչ միայն տրանսպորտի գինը, այլև պարզվում է, որ բարեկամը բարեկամի, ընկերն ընկերոջ համար չի կարող իր երթևեկության քարտով վճարել՝ կտուգանվի:
Ի դեպ, այդ մասին օրերս ինձ ասաց ավտոբուսի վարորդը, երբ ընկերոջս փոխարեն անցկացրի քարտս։ Սա լավ մտածված հակամարդկային քայլ է՝ մարդուն մարդուց և ազգային արժեքներից կտրելու հարթեցված ճանապարհ է։ Իշխանությունները փափախները վեր բարձրացրած գովաբանում են առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգը, տեղեկացնենք, որ այդ համակարգի ներդրումից հետո հարյուրավոր մարդիկ տառապում են ցավերի մեջ։ Մի թարմ օրինակ նշեմ, (65+տարիքի), ծանոթ կնոջ մոտ մեջքի ցավն այնքան սուր էր, որ քայլել չէր կարողանում։ Ապրիլի վերջին գնացել էր պոլիկլինիկա թերապևտի մոտ, գրանցել էին մայիսի 22-ին և ի՞նչ եք կարծում… մայիսի 22-ին թերապևտը ուղղորդել է նյարդաբանի մոտ, հերթագրելով հունիսի 18-ին… Դե գնա, մարդ, տառապիր ցավերի մեջ։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ նույն պոլիկլինիկայում մարդը հանգիստ կստանար անհրաժեշտ բուժօգնությունը։ Իսկ ի՞նչ է կատարվում կենսաթոշակների հարցում՝ դրանք չեն աճի, եթե թոշակառուն իր կենսաթոշակային քարտով գնում չանի։ Այլ կերպ ասած, թոշակառուներին պահում են «под колпаком», քանի որ մարդու շարժը, նախասիրությունները, ինչո՞ւ ոչ նաև առողջական վիճակը շատ վերահսկելի է դառնում անկանխիկ գնումների դեպքում։
Շատ են դժգոհությունները նաև բանկերում օրեցօր աճող միջնորդավճարներից, անհարկի աճող գույքահարկից, աղբահանության գնից, որը տան քմ-ով է հաշվարկվում, ավտոմեքենաների ԱՊՊԱ-ի գների ազատականացումից։ Վթար չունենալով հանդերձ ապահովագրական ընկերությունները երեք ամիսը մեկ (եթե յուրաքանչյուր 3 ամիսն ես վճարում), կամ տարին մեկ, անհարկի բարձրացնում են ԱՊՊԱ-ի գինը, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը ….
Այս բոլոր օրենսդրական վայ- փոփոխությունները թելադրված են դրսից՝ Եվրոպայի ձայնը հեռվից լավ է լսվում…Սակայն չմոռանանք, որ եվրոպայում աշխատավարձերը, մարդու եկամուտն անհամեմատելի բարձր է։
Իհարկե, ընդիմախոսները ի դեմս իշխանության, կհակադրվեն, նշելով, որ այդ բոլորն արվել է պետբյուջեն լցնելու նպատակով, սակայն ընդգծենք, որ պետբյուջեն լցնում են առաջին հերթին տնտեսությունը զարգացնելու հաշվին և ոչ մարդկանց հարկախեղդ անելու միջոցով։ Այնպես որ հարց է` բյուջեն է լցվում այդ գումարները, թե՞ պարգևավճարների ֆոնդը … Շատ կարևոր է հասկանալ նաև ընտրություններից հետո` եթե իշխանափոխություն լինի այս և բազմաթիվ այլ վայ օրենքները կփոխվե՞ն, թե՞ հարմար կերատաշտ է ստեղծված նաև ապագա իշխանության համար։
Ժանո Վարդանյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր